HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը Իրանում մասնակցել է Նովրուզի տոնակատարությանը

Նախագահ Սերժ Սարգսյանը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերով, այսօր աշխատանքային այցով ժամանել է Թեհրան: Նախագահի մամլո գրասենյակը տեղեկացնում է, որ այցի շրջանակում Հանրապետության ղեկավարը հանդիպում է ունեցել նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ: Սերժ Սարգսյանը նախ շնորհավորել է ԻԻՀ նախագահին և Իրանի ժողովրդին՝  Նովրուզի տոնի կապակցությամբ և  իր  ու ամբողջ հայ ժողովրդի անունից հղել բարեմաղթանքներ: Հանդիպման ընթացքում նախագահներ Սարգսյանը և Ահմադինեժադը քննարկել են երկկողմ փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր: Նախագահները կարևորել են հատկապես էներգետիկայի, տրանսպորտի, մշակույթի և մի շարք այլ  բնագավառներում հաջողությամբ զարգացող փոխգործակցությունը, անդրադարձել՝ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագրին: ԻԻՀ նախագահի հետ հանդիպումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը, Թեհրան ժամանած այլ երկրների ղեկավարների հետ, «Վահդաթ» համալիրում մասնակցել է Նովրուզի տոնակատարությանը և հանդես եկել շնորհավորական խոսքով: «Ուրախ եմ ներկա գտնվել Նովրուզի միջազգային երկրորդ տոնակատարության այս գեղեցիկ և, հիրավի, խորհրդանշական արարողությանը: Նովրուզի տոնն իր գեղեցիկ ու բարի ավանդույթներով և ծեսերով հազարամյակների ընթացքում յուրաքանչյուր գարուն նշվում է մեր տարածաշրջանում` ջերմ ու բարեկամական մթնոլորտում միավորելով տարբեր ժողովուրդների:  «Նովրուզ» բառն իր մեջ խորհուրդ ունի։ Այն նշանակում է «նոր օր», ինչն ազդարարում է գարնան գալուստը, կյանքի զարթոնքը: Հենց այդ օրերին է, որ բնությունն իրապես արթնանում է, և ամեն ինչ սկսվում է նորից. ահա թե ինչպես է հնագույն քաղաքակրթություն ունեցող Իրանի ժողովուրդը պատկերել ու արժևորել կյանքի հավերժականությունը։ Այս հավաքը նաև տարբեր քաղաքակրթությունների միջև երկխոսության, միջմշակութային համագործակցության և փոխըմբռնման խրախուսման գեղեցիկ դրսևորում է: Գարնանային զարթոնքի ծեսը հոգեհարազատ է նաև մեզ` հայերիս։ Տյառնընդառաջը, որ հայկական հնագույն տոներից է, ավանդույթի համաձայն նշվում է փետրվարի 14-ին: Թեև տոնը ձմռանն է, սակայն այդ օրն արդեն զգացվում է գարնան շունչը, և, ըստ մեր պապերի հնագույն պատկերացումների, տոնը մեղմում է ցուրտը և ազդարարում գարնան սկիզբը։ Տոնը խորհրդանշում է լույս, ջերմություն, երիտասարդություն, սեր, պտղաբերություն և օրհնանք է բերում նորապսակ զույգերին: Բացի այդ, 301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոն աշխարհում առաջինն ընդունած մեր հավատավոր ժողովրդի գլխավոր տաղավար տոնը Սուրբ Զատիկն է` մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը, և ակնհայտ է նրա ծիսակարգի նմանությունը Նովրուզի ծեսերի հետ: Տոնի ընթացքում հայերն էլ իրենց տոնական սեղանները զարդարում են հավիտենականության խորհրդանիշը հանդիսացող գունավոր հավկիթներով և բնության վերածնունդի խորհուրդն արտահայտող նորածիլ բույսերով: Սրանք ընդամենը մի համեստ օղակն են ընդհանրությունների այն մեծ շղթայի, որը դարերի ընթացքում ձևավորվել է Հայաստանի, Իրանի և մեր տարածաշրջանի այլ ժողովուրդների միջև։ Հենց դրանք են կազմել հայ­իրանական դարավոր դրացիության ու բարեկամության ամուր հիմքերը, որ Հայաստանի անկախացումից ի վեր վերածվեցին երկու պետությունների միջև լիարժեք գործընկերային միջպետական հարաբերությունների»,-իր շնորհավորական խոսքում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter