Բարեփոխումնե՞ր, թե՞ նահանջ երգով
Հիմա էլ մոդայիկ դարձան բարեփոխումները: Օրերս ամենաբարձր մակարդակով հնչեցին մեկը մյուսից որոտընդոստ հայտարարություններ, որոնք, թերևս, կոչված են վստահություն ներշնչել, թե մեզանում համակարգային բարեշրջումների մեկնարկն արդեն տրված է:
Ուրեմն, տարագիր հայաստանցին այսուհետ ստիպված չի լինի ծերը ծերին հասցնելու հույսով հայացքը հառել մոտ ու հեռու ռուսաստաններին, կմնա ընտանիքի հետ, կաշխատի և արժանապատվորեն կվաստակի իր հանապազօրյա հացը: Համենայն դեպս, սրան է հանգում բարեփոխումների տրամաբանությունը:
Չէ՞ որ պետության կողմից ձեռնարկվող ցանկացած քայլ պետք է ուղղված լինի ոչ միայն և ոչ այնքան իշխանության հենարան հանդիսացող պետական կառույցների աշխատողների անձնական բարեկեցությանը, որքան հասարակության յուրաքանչյուր անդամի կենսամակարդակի բարձրացմանը, հայրենիքում նրա ամրացմանն ու ներուժի ամբողջական օգտագործմանը, ինչով, անտարակույս, նաև ազգային անվտանգության խնդիր է լուծվում:
Սա է, ի վերջո, դրական փոփոխությունների իմաստը. մնացածը հռետորաբանության ոլորտից է` օգտակար գործողության գործակցի իր զրոյական արդյունքով: Մեր դեպքում, չնայած դեռ չկա որևէ տեսանելի ցուցանիշ (և չէր էլ կարող լինել, քանի որ միայն օդ տատանելը բավական չէ լուրջ արդյունք ունենալու համար)` տարբեր տրամաչափի պաշտոնյաներ այս օրերին լծվել են չեղած բարեփոխումները կամ դրանց հետ կապված ծրագրերն աշխուժորեն թմբկահարելու վսեմ առաքելությանը:
Հայրենի քարոզիչներից ետ չեն մնում Երևան ժամանող եվրաչինովնիկները, ովքեր կարծես թե մերոնց գլուխները շոյելու հատուկ հանձնառություն ունեն, հետն էլ` գովաբանելու քաղաքական ու տնտեսական բարեփոխումների նրանց ընտրած ճանապարհը, ձեռք բերած հաջողությունները, որոնց երեսը մեզ այդպես էլ բախտ չվիճակվեց տեսնել:
Ամենասրամիտները նույնիսկ գովազդվող բարեփոխումներին հարմար անուն կպցրին` նահանջ երգով: Կամ, եթե կուզեք, մուղամով: Եվ իսկապես միամիտները` միգուցե, բայց ժողովրդի մեծամասնությունը դժվար թե հավատա շրջադարձային, իրական փոփոխություններ խոստացող այն հեքիաթներին, որոնցով մեզ ժամանակ առ ժամանակ «կերակրում են» ՀՀ ոստիկանության, պետական եկամուտների կոմիտեի, կրթության և գիտության, առողջապահության, գյուղատնտեսության նախարարությունների, բազմաթիվ այլ գերատեսչությունների պատասխանատուները` վստահեցնելով, թե ծրագրվող բարեշրջումներն էապես լավացնելու են մեր կյանքի որակը և այլն, և այլն:
Իսկ ժողովուրդը դրական փոփոխության ոչ մի ակնկալիք չունի, որովհետև, ինչպես ասում են, աչքը տեսածից է վախենում: Բարեփոխումներ կոչվածը, որն, ըստ էության, մինի հեղափոխություն է, նախևառաջ պետք է տեղի ունենա մարդկանց` տվյալ պարագայում իշխող էլիտայի գլխում և վարքագծում, դառնա պաշտոնատար անձանց գոնե գերակշիռ մասի կամքի ու հոգեկերտվածքի մի անքակտելի տարրը: Բայց, ցավոք, այդպես չէ:
Մի երկրում, որտեղ անգամ դեղորայքն է կեղծվում` մարդուն հասցնելով մահվան դուռը, մի երկրում, որտեղ ինն օր է պահանջվում, որ պուճուրիկ մի վրան տեղադրվի հացադուլավոր քաղաքացու համար, որտեղ անվերահսկելիորեն հանքեր են շահագործում` ապականելով, թունավորելով կենսոլորտը, այդպիսի մի երկրում քանի՞ գրոշ արժեն իշխանավորի խոսքը, իրավիճակը բարեփոխելու նրա հավաստիացումները: Ընդհանրապես քրեաօլիգարխիկ-կլանային համակարգում, ինչպիսին մերն է, դժվար է պատկերացնել արմատական բարեփոխումներ անցկացնելու ունակ իշխանություն:
Եթե հարգարժան վարչապետը, ով դժվարանում է կարգուկանոն հաստատել Կենսաթոշակային հիմնադրամում (որտեղ տնօրենին անաղմուկ հեռացնելուց հետո էլ շարունակում են զարտուղի ճանապարհով միլիոններ գրպանել), բարեփոխումների իր տեսլականը փորձում է տեղավորել, ասենք, կովերի կուրծքը գոլ ջրով լվանալու «հույժ անհրաժեշտության» ծիրում, ուրեմն շեշտակի առաջընթացի մասին բարձրագոչ հայտարարություններն ընդամենը փուչիկ են, ոչ ավելին:
Չնայած կաթնատու անասունների հիգիենայի խնդիրը նույնպես կարևոր է, և այդ համատեքստում խիստ մտահոգիչ է փաստը, որ Երևանի խանութներում վաճառվող պանրի մեջ վերջերս հայտնաբերվեց թույլատրելի նորման, ուշադրություն, 200 անգամ գերազանցող մանրէների քանակություն: Լավ, եթե բարեփոխումների ձեռնարկը խնամքով փաթեթավորված բլեֆ է, ուրեմն ի՞նչ են դրանով շահում իշխանությունները, ո՞րն է նրանց բուն նպատակը:
Եզրահանգումը կարծես թե պարզ է. հերթական անգամ «փափուկ բարձ» է դրվում վերջին շրջանում ակտիվացած և իրենց իրավունքների և օրինական պահանջների համար պայքարի պատրաստ հոծ զանգվածների գլխի տակ: Որովհետև միայն այդպես հնարավոր կլինի կանխել կամ գոնե մեղմել սոցիալական պայթյունի վտանգը, որով հագեցած է հայաստանյան մթնոլորտը:
Այսինքն` առկա իրավիճակի միակ մեղավորը իշխանությունն է, ով հանրային ընդվզումով հղի բազմաթիվ բացթողումներով հարուցել է մարդկանց սոցիալական դժգոհությունը, և ինքն էլ հիմա ջանում է շտկել-վերացնել իր իսկ անհեռատես քայլերի հնարավոր հետևանքները` այս անգամ իբրև ծխածածկույթ օգտագործելով «բարեփոխումներ» եզրը: Դա ժողովրդական հուզումների դեմն առնելու հին, բազմիցս փորձարկված հնարք է, որին պարբերաբար դիմում էին նաև կոմունիստները, և որը միառժամանակ աշխատում էր հօգուտ իշխող վարչակարգի:
Չմտնելու համար պատմության խորխորատները` հիշենք, որ խորհրդային վերջին այդօրինակ փորձը «պերեստրոյկա» անունը ստացած գորբաչովյան բարեշրջումն էր: Թե ինչով ավարտվեց այն, մեր հայրենակիցների միջին և ավագ սերունդները լավ գիտեն, որովհետև սեփական մաշկի վրա զգացել են այդ վերակառուցում կոչեցյալի պերճանքն ու թշվառությունը:
Իրական բարեփոխումներն, ինչ խոսք, առաջընթացի և բարօրության ազդու խթան են, և պատմությունը նաև դրա վառ օրինակներն ունի: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ ռեֆորմների արգասիքը միշտ ուշ է դուրս գալիս «ջրի երես», և ամենավերջում է միայն երևում` ձեռնարկվածը իսկապե՞ս բարեփոխումներ էին, թե± նահանջ երգով: Կամ, եթե կուզեք, մուղամով:
Գևորգ Լալայան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել