HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Քաղաքապետը մոռացե՞լ է, որ գրություն է ստացել

Հայտարարելով, թե Լոռու փոխմարզպետ Աղվան Վարդերեսյանը հայտարարություն է արել Վանաձորում Հովհաննես Թումանյանի արձանը տեղադրելու վերաբերյալ` Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն էլ հանդես եկավ իր հայտարարությամբ: «Մենք ուզում ենք Տիգրան Մեծի պողոտայի Հայքի հրապարակում տեղադրենք Թումանյանի արձան» արտահայտությունը վերագրելով փոխմարզպետին` քաղաքապետ Դարբինյանն այն համարեց «բարձրաստիճան չինովնիկին» ոչ վայել և իր վրդովմունքը հայտնեց այս կապակցությամբ: Քաղաքապետի ասելով` փոխմարզպետի խոսքից ինքը հասկացել, թե քննարկվել և որոշվել է Թումանյանի արձանը տեղադրել Վանաձորի Հայքի հրապարակում, իսկ համայնքի ավագանին, իբր, մերժել է այդ առաջարկությունը: Քաղաքապետի այս հայտարարությունը զարմացնում է փոխմարզպետին: Վերջինս պնդում է, թե ինքը նման բան չի ասել: Թումանյանի արձանի վերաբերյալ կարծիք հայտնել է 2009 թ.` քննարկումների ժամանակ, երբ արձանի հարցը նոր էր ծագել: Իր անձնական կարծիքով էլ բանաստեղծի արձանը պետք է տեղադրվի նրա անունը կրող հրապարակում: «Հայքի հրապարակի մասին ոչ մի անգամ խոսք չի եղել, և քաղաքապետին ոչ մի անգամ ես չեմ դիմել»,- հավատացնում է փոխմարզպետ Վարդերեսյանը: Իր հայտարարությունն անելիս քաղաքապետ Դարբինյանը, վկայակոչելով ավագանու անդամներին, պաշտոնապես հայտնեց, որ Թումանյանի արձանի վերաբերյալ ավագանին երբևէ որոշում չի կայացրել, ավագանու նիստում հարցը չի քննարկվել, որովհետև, քաղաքապետի ասելով, այն չի ներկայացվել գրավոր ձևով: Փոխմարզպետ Վարդերեսյանը, սակայն, վկայում է, որ պաշտոնական գրություն եղել է: Այդ փաստաթուղթը 2 տարի առաջ փոխմարզպետն իր ձեռքով է գրել և մարզպետ Քոչարյանի անունից ուղարկել քաղաքապետ Դարբինյանին: Փաստաթղթի պատճեն էլ պահել է իր մոտ: «Կարող է` ինքը ստացել է ու հետո մոռացել է, որ կա այդ գրությունը, իրեն էլ աշխատողները չեն հիշեցրել, որ նամակ կա մարզպետի կողմից, որը պետք է դրվի քննարկման»,- քաղաքապետի հայտարարությանն ի պատասխան` ասում է փոխմարզպետը («Հետքն» իր նախկին հրապարակումներից մեկում անդրադարձել է այդ փաստաթղթին): Նախ հիշեցնենք, որ Վանաձորում Թումանյանի արձանը տեղադրելու հարցը ծագել է դեռ 2009-ին: «Փրկության օր» ՀԿ նախագահ Դերենիկ Մովսիսյանը դիմել էր Լոռու մարզպետին` Թումանյանի արձանը Վանաձորում տեղադրելու առաջարկով: Անցկացվել էին խորհրդակցություններ, համաքաղաքային հարցում-քննարկումներ, որոնց նպատակն էր ձևավորել հասարակական կարծիք և ստանալ հետևյալ երկու հարցի պատասխանները. անհրաժե՞շտ է Վանաձորում ունենալ Թումանյանի արձանը, և որտե՞ղ է նպատակահարմար տեղադրել այն: Առաջին հարցին բնակչությունը միանշանակ դրական էր վերաբերվում: Իսկ տեղանքի հարցում կարծիքները բաժանվում էին երկու խմբի. մի մասը, հատկապես` Լոռու գրողները, կարծում էին, որ արձանը պետք է տեղադրվի Վանաձորի Հայքի հրապարակում: Մեծամասնությունը, սակայն, այն կարծիքին էր, որ Թումանյանի արձանը պետք է կանգնեցվի Թումանյանի հրապարակում: Ամփոփվելուց հետո հանրային քննարկումների արդյունքները նշված գրությամբ ուղարկվել էին քաղաքապետ Դարբինյանին: Գրությամբ նրան տեղեկացվում էր արձանը տեղադրելու առաջարկի, դրա վերաբերյալ հանրության շրջանում ձևավորված դրական կարծիքի և այն մասին, որ բնակչությունը մեծ մասամբ երաշխավորում է արձանը տեղադրել Թումանյանի հրապարակում: Համայնքի ղեկավարին առաջարկվել էր ավագանու առաջիկա նիստերից մեկում արձանի տեղադրման հարցը դնել քննարկման: Ամիսներ անց «Հետքը» հետաքրքրվել էր պարզելու` հարցը ներկայացվե՞լ է ավագանու քննարկմանը, թե՞ ոչ: Քաղաքապետի քարտուղար Գագիկ Սիմոնյանը հայտնել էր, որ համայնքի ղեկավարը կամ ավագանու անդամները Թումանյանի արձանի վերաբերյալ որևէ նախագիծ չեն ներկայացրել, հարցն էլ որևէ նիստի օրակարգում չի ընդգրկվել: «Օրենքով` արձանի տեղադրման թույլտվություն տալիս է ավագանին: Պիտի դիմեին ավագանուն, որ չեն դիմել: Իսկ հարցը ավագանու նիստում չի քննարկվել, որովհետև պատշաճ ձևով չի ներկայացվել, պատրաստ չի եղել քննարկման»,- դեռ այն ժամանակ «Հետքին» հայտնել էր Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Տիգրան Պապանյանը: Այդ նույն ժամանակ «Հետքին» հայտնի էր դարձել, որ Վանաձոր համայնքի ավագանու նիստերից մեկում նիստի օրակարգի քվեարկության ժամանակ Թումանյանի արձանի հարցը ավագանու անդամների առաջարկությամբ հանվել է օրակարգից: Ավագանին հարցը չէր քննարկել, որովհետև ավագանու անդամներն իրենց վիրավորված էին զգացել, որ արձանի տեղադրման հարցում նախաձեռնողը մարզպետարանն էր եղել, իրենք էլ նույնիսկ քննարկումներին չէին մասնակցել: Այժմ դա հաստատում է նաև փոխմարզպետ Վարդերեսյանը. «Ավագանիում ասվել է` առանց մեզ` ինչի՞ է քննարկում արվել, որոշում կայացվել, Դարբինյանն էլ ասել է` իրենք են ասում, թող իրենք տեղադրեն»: Ապա ավելացնում է. «Իրենք մտածել են` դա իրենց գործն է, մենք ինչի՞ պետք է իրենց գործը անենք: Բայց ի՞նչ կարևոր է, թե քննարկումը ով է անում: Կարծիք ձևավորելուց հետո առաջարկության ձևով ներկայացնում ենք ավագանուն: Նույնիսկ կարող էինք չհրավիրել իրենց. պարտադիր չէր իրենց մասնակցությունը: Միևնույն է` վերջում իրենք էին որոշում կայացնելու»: Չնայած փոխմարզպետ Վարդերեսյանը հիշում է, որ անձամբ քաղաքապետ Դարբինյանը բոլոր քննարկումներին հրավիրված է եղել` բայց ոչ մեկին չի ներկայացել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter