Էջմիածնի թիվ 2 դպրոցի տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով «Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Սուսաննա Նազարյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ` «նկատողություն»: Տույժի կիրառման համար հիմք է ծառայել նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանի զեկուցագիրը, ինչպես նաև տնօրենի գրավոր բացատրագիրը:
ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության պետական տեսչությունը փետրվարի 28-ից մարտի 7-ը թեմատիկ ստուգում էր իրականցրել վերը նշված ուսումնական հաստատությունում և հայտնաբերել մի շարք խախտումներ.
ՀՀ կրթության պետական տեսուչներ Աիդա Բարսեղյանը և Արմինե Դարբինյանը ՀՀ կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 2011թ. փետրվարի 24-ի N 56-Ա հրամանով ս. թ. փետրվարի 28-ից մինչև մարտի 7-ը ներառյալ ՀՀ Արմավիրի մարզի «Գրիգոր Նարեկացու անվան N 2 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում իրականացված թեմատիկ ստուգման արդյունքում կազմել են սույն ակտը հետևյալի մասին.
1. Ներքոնշյալ ուսուցիչները տվյալ առարկան դասավանդելու համար չունեն համապատասխան որակավորում.
1) Նորանուշ Վարդանի Քոչարյանն ավարտել է Երևանի պետական համալսարանը, ունի մաթեմատիկայի բակալավրի աստիճան: Դասավանդում է «Ինֆորմատիկա» առարկան: Մանկավարժական աշխատանքային ստաժը 3 տարի է:
2) Դավիթ Ալեքսանդրի Մինասյանն ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը, ունի աստվածաբանության մագիստրոսի աստիճան: Դասավանդում է «Պատմություն» առարկան: Մանկավարժական աշխատանքային ստաժը 1 տարի է:
3) Էմմա Սուրենի Աբգարյանն ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, ունի սոցիալական մանկավարժի որակավորում, աշխատում է որպես հոգեբան: Մանկավարժական աշխատանքային ստաժը 2 տարի է:
4) Գայանե Հովիկի Մանվելյանն ունի միջնակարգ կրթություն: Արհեստագործական հոսքում դասավանդում է «Վարսահարդարում» մասնագիտական դասընթացը: Մանկավարժական աշխատանքային ստաժը 5 ամիս է:
Խախտվել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26–րդ հոդվածի 1-ին մասի պահանջը՝ ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որն ունի համապատասխան որակավորում կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական /կամ ուսուցչական/ գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ:
2. Ուսումնական հաստատությունում «Տեխնոլոգիա», «Ֆիզկուլտուրա» և «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաները որևէ մեթոդական միավորման մեջ ընդգրկված չեն:
Չի ապահովվել ՀՀ կառավարության` 15.07.2010թ. N 954-Ն որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 5-րդ գլխի 90-րդ կետի պահանջի կատարումը՝ մեթոդական միավորումները ստեղծվում են նույն առարկայի երեք և ավելի ուսուցիչների առկայության դեպքում։ Մյուս դեպքերում կարող են ձևավորվել մեթոդական միավորումներ հարակից առարկաների ուսուցիչներից։
3. 2009-2010 ուստարում ուսումնական հաստատությունից տեղափոխված 215 սովորող չունի ծնողի դիմում:
2008-2009 ուստարում ուսումնական հաստատություն ընդունված 3 սովորող չունի տեղափոխման թերթիկ:
2009-2010 ուստարում ուսումնական հաստատություն ընդունված 118 սովորող չունի ծնողի դիմում:
2010-2011 ուստարում ուսումնական հաստատություն ընդունված 9 սովորող չունի ծնողի դիմում:
2008-2009 ուստարում ուսումնական հաստատություն ընդունված 2 /ՀՀ այլ մարզերից/, 2009-2010 ուստարում 4 /ՌԴ-ից/, 2010-2011 ուստարում 1 /ԱՄՆ-ից/ և 3 /ՀՀ այլ մարզերից/ սովորողների հաշվառում չի իրականացվել:
Չի ապահովվել ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 2003թ. օգոստոսի 25-ի N 619-Ն հրամանով հաստատված «ՀՀ հանրակրթական և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների ընդունելության կարգի» 7-րդ կետի «ա», «ե» ենթակետերի (հանրակրթական դպրոց ընդունելության համար երեխայի ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը) դպրոց է ներկայացնում դիմում, դպրոցից դպրոց աշակերտի փոխադրման թերթիկը (առաջինից բարձր դասարաններ ընդունելու համար), 15-րդ կետի (ՀՀ միևնույն մարզի (համայնքի) ներսում կամ մարզի հանրակրթական դպրոցից այլ մարզի հանրակրթական դպրոց սովորողի ընդունելությունը հաշվառվում է համապատասխան մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչությունում (բաժնում)), 17-րդ կետի (այլ երկրներից երեխաների ընդունելությունը հանրապետության դպրոցների համապատասխան դասարանները կատարվում է ծնողի /նրա օրինական ներկայացուցչի/ դիմումի հիման վրա` պահպանելով սույն կարգի 1,2 կետով նախատեսված պայմանները:
Ընդունելությունը հաշվառվում է մարզի կրթության վարչությունում, բաժնում), ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 2010թ. նոյեմբերի 24-ի N-1640-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողի ընդունելության, տեղափոխման և ազատման կարգի» 20-րդ կետի 2-րդ ենթակետի (սովորղների ընդունելությունը դպրոց ըստ ենթակայության հաշվառվում է՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության սովորողներինը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչությունում) պահանջների կատարումը:
4. Ավագ դպրոցի ներքոնշյալ դասարաններում հոսքային ուսուցման առարկաների դասերին սովորողների թիվը գերազանցում է 20-ը:
Չի ապահովվել ՀՀ կրթության և գիտության նախարարի` 07.05.2010թ. N 333-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ավագ դպրոցի 2010-2011 ուստարվա օրինակելի ուսումնական պլաններ»-ի ընդհանրական պարզաբանումների 11-րդ կետի պահանջի կատարումը` հանրակրթական ավագ դպրոցի սովորողների թիվը հոսքային ուսուցման առարկաների դասերին չի կարող գերազանցել 20-ը:
5. Ներքոնշյալ ուսուցիչները անհարգելի բացակայել են աշխատանքից (չեն ներկայացվել անաշխատունակության թերթիկներ), բացակայությունները չեն հաշվառվել, բացակայած օրերի համար վճարվել են, դասամատյաններում բացակայած օրերը լրացվել են տվյալ ուսուցիչների կողմից.
Գոհար Գազազյան /01.09.2010 թվականից մինչև 19.09.2010 թվականը/,
Ռուզաննա Չիրքինյան /25.12.2010 թվականից մինչև 22.01.2011 թվականը/,
Լիդիա Սաղաթելյանը /20.12.2010 թվականից մինչև 14.01.2011 թվականը/:
Չի ապահովվել ՀՀ կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի N 1471 որոշմամբ հաստատված` «Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի վարման կարգի» 5-րդ կետի «ե» ենթակետի պահանջի կատարումը` տեղեկագրում լրացվում է փաստացի աշխատած ժամանակահատվածը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել