
«ՉԻ»-ին հասած տեղեկություններով` այս օրերին իշխանական բուրգում ակտիվորեն քննարկվում է, թե 2012 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ԱԺ մեծամասնական ընտրակարգով որ ընտրատեղամասում ով է առաջադրվելու: Ինչպես երևում է, այս անգամ Սերժ Սարգսյանը որոշել է մեծամասնական ընտրակարգի «ցուցակներում» լուրջ և էական փոփոխություններ անել:
Ցուցակների «վերաթարմացման» գործընթացում հստակ և վերջնական որոշում է կայացվել, որ այս անգամ ընտրապայքարից դուրս է մնալու Սերժ Սարգսյանի սիրելի օլիգարխներից մեկը` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ալրաղացի Լյովիկը: Նրա` պատգամավոր դառնալու հարցը փակված է այն պարզ պատճառով, որ սույն մականունավորը այս տարիների ընթացքում, Սերժ Սարգսյանի աչքը սարքելու փոխարեն, ունքն էլ հետն է հանել:
Արաբկիրից մեծամասնական ընտրակարգով ընտրված մյուս պատգամավորի` Զոհրաբ Զոհրաբյանի գործերը ևս լավ չեն: «ՉԻ»-ի տեղեկություններով` առաջիկա ընտրություններին նրան ևս չեն թողնելու առաջադրվել: Սերժ Սարգսյանը որոշել է այս տեղամասում մանդատ շնորհել Արտակ Սարգսյանին` «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի սեփականատեր ՍԱՍ-ի Արտակին:
«Մաքսգրուպի» Խաչիկ Մանուկյանին ևս այս անգամ մեծամասնական ընտրակարգով մանդատ չեն նվիրի:
Սերժ Սարգսյանը Թալինը «հանձնել է» ԲՀԿ-ին, և այս անգամ մեծամասնական ընտրակարգով Թալինից ԱԺ պատգամավոր կդառնա որևէ ԲՀԿ-ական:
Ի դեպ, խոսակցություններ կան, որ Կենտրոն համայնքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Գագիկ Բեգլարյանը: Չի բացառվում, որ Էրեբունի համայնքում էլ մեծամասնական ընտրակարգով առաջադրվի դարձյալ ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել