HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ըստ Ա.Սաքունցի` ՄԻՊ գրասենյակը վերածվում է իշխանություններին սպասարկող «սերվիսի»

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը երեկ հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` «անարդյունավետության և արագ արձագանքման իրական գործառույթ իրականացնելու հնարավորություն չունենալու պատճառով», այլևս չի գործելու գրասենյակի Արագ արձագանքման ծառայությունը: Հետո ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, ծառայությունը փակելու իր իսկ պատճառաբանությանը հակասելով, արձանագրել է, որ Արագ արձագանքման ծառայության գաղափարը շատ կարևոր և անհրաժեշտ է, ուստի գործունեությունը չընդհատելու նպատակով, մինչ այժմ գործող (091) 008 817 հեռախոսահամարը դեռևս կշարունակի զանգեր ընդունել` աշխատանքային ժամերին հրատապ բողոքներին ընթացք տալու նպատակով: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ իրեն զարմացնում են ՄԻՊ գրասենյակի կարճ հաղորդագրության մեջ Արագ արձագանքման ծառայությանը տրված իրավական գնահատականների մեջ առկա մի շարք հակասություններ: Ա. Սաքունցը հարց է տալիս, թե ինչի հիման վրա է Մարդու իրավունքների պաշտպանն անարդյունավետ գնահատում Արագ արձագանքման ծառայությունը: Բացի դրանից` ինչպես եղավ, որ նշված ծառայությունը մինչ նորանշանակ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի գործի անցնելը հնարավորություն ուներ գործելու, ընդ որում` Արթուր Սաքունցի բնորոշմամբ` այն գործում էր իրապես, և դրա վերաբերյալ կարելի է վկայակոչել բազմաթիվ փաստեր: «Այլ հարց է, որ կարող ենք չհամաձայնել Արագ արձագանքման ծառայության կողմից արձանագրված փաստերի հիման վրա ՄԻՊ-ի տված որոշ գնահատականներին»,- նշում է Սաքունցը: Նրա խոսքերով` եթե արագ արձագանքման ծառայությունը, ըստ նորանշանակ ՄԻՊ-ի, օրենքի պահանջով չի եղել և չի ունեցել օրենսդրական կարգավորում, ապա ինչպե՞ս է այդ ծառայությունը շարունակելու գործունեությունը, և ինչի՞ հիման վրա է ՄԻՊ Կարեն Անդրեասյանի ձևավորած աշխատանքային խումբը հստակեցնելու Արագ արձագանքման նոր ծառայության կառուցվածքը և լիազորությունները: Արթուր Սաքունցը ցանկանում է իմանալ, թե նախկին ՄԻՊ, իրավաբանության դոկտոր Արմեն Հարությունյանն ինչ կարծիք ունի նոր նշանակված ՄԻՊ, իրավաբանական գիտությունների թեկնածու Կարեն Անդրեասյանի այն իրավական գնահատականի մասին, ըստ որի` Արագ արձագանքման ծառայության ոչ իրավական է: «Նորանշանակ պաշտպանը ղեկավարվում է ոչ թե եղածը զարգացնելու, հզորացնելու, այլ ամեն ինչ զրոյացնելու և մաքուր թղթից վերստին կառուցելու միտումով: Ավելին, նման իրավական հակասական ձևակերպումը մեծացնում է մտահոգությունը, որ իսկապես ՄԻՊ ինստիտուտը վերածվելու է «սերվիս» կառույցի, բայց ոչ քաղաքացիների, այլ իշխանության տարբեր կառույցների գործառույթների սպասարկման համար»,- ասում է Արթուր Սաքունցը: Նրա կարծիքով` ՄԻՊ գրասենյակում իրականացվող փոփոխությունները պետք է մշտապես լինեն հասարակության և հատկապես իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրության կենտրոնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter