HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փողոցային առևտուրն արգելելը իրավաչափ և արդարացի էր

Կարծում է Հանրային խորհրդի անդամը Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը կարծում է, որ քաղաքապետարանի տարեվերջի որոշումը` փողոցային առևտուրը արգելելու մասին, իրավաչափ է և արդարացի: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նա նշեց, որ փողոցային առևտուրը բացասաբար էր ազդում քաղաքի սանիտարական վիճակի վրա և նպաստում կոռուպցիային: «Փողոցային առևտուր անողները վճարում էին «հարկեր», այսինքն` ոչ օրինական, տալիս էին թաղային տեսուչին, թաղապետարանին, քաղաքապետարանի առևտրի վարչությանը, գուցե այլ կազմակերպությունների ներկայացուցիչների, որոնք կարող էին վերահսկողություն իրականացնել»,- ասում է Հովհաննես Հովհաննիսյանը: Նա հավելում է, որ փողոցային առևտուրն ունի նաև ասպեկտներ, օրինակ` սոցիալ-տնտեսական և սոցիալ-հոգեբանական, որոնք բավարար ուսումնասիրված չեն: Հ.Հովհաննիսյանը կուզենար, որ սոցիալական լուրջ ուսումնասիրություններ արվեին այդ ոլորտներում, մասնավորապես պարզվեր, թե փողոցային առևտրով զբաղվող քանի՞ քաղաքացի կա, ամսական որքա՞ն միջին եկամուտ էին նրանք ստանում փողոցային առևտրից, ընտանիքի քանի՞ անդամ էր օգտվում այդ եկամուտներից, ինչքանո՞վ էին նրանց վճարած հարկերը համադրելի պաշտոնապես սահմանված հարկերի դրույքաչափերին: Այս ուսումնասիրությունների արդյունքներից կարելի է տնտեսական եզրակացություններ անել, թե գուցե անհրաժեշտություն լիներ նվազեցնել փողոցային առևտրով զբաղվողների վճարած հարկերը: Հ.Հովհաննիսյանի խոսքերով` մինչ փողոցային առևտուրն արգելելը այդ քաղաքացիներին պետք էր տեղավորել փակ շուկաներում, հատուկ նրանց համար ստեղծել մինի-շուկաներ, կամ նրանց հրավիրելով փակ շուկաներ` որոշակի փոխհատուցում տալ, օրինակ` թեկուզ մեկ կամ մի քանի ամսով ազատել հարկերից: Այս բոլոր հնարավոր մեթոդները կիրառելուց հետո միայն պետք էր դիմել ոստիկանությանը, որ այն ուժ կիրառեր այն օրինախախտ քաղաքացիների նկատմամբ, որոնք կշարունակեին զբաղվել փողոցային առևտրով: Հովհաննես Հովհաննիսյանը նաև նշում է, որ փակ շուկաներում էլ շահերի բախման խնդիր կա: Պարզվում է, որ ոչ բոլոր շուկաների տնօրեններն են պատրաստ անվճար տեղ հատկացնել այդ քաղաքացիներին: Հանրային խորհրդի անդամն այս խնդրի երկու լուծում է տեսնում. կամ շուկայի տերերը պետք է զիջեն քաղաքապետարանի հորդորներով, կամ քաղաքապետարանը պետք է մինի-շուկաներ ստեղծի: Հանրային խորհրդի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը ևս կարծում է, որ փողոցային առևտուր չունենալը ճիշտ է: Միաժամանակ նա նշում է, որ փողոցային առևտուրն արգելելը ազդել է սոցիալական ոլորտի վրա, ինչը նաև կարող է նպաստել արտագաղթին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter