Եվրամիության ապագան ու Հայաստանը
Funkhaus Europa ռադիոկայանին տված հարցազրույցներից մեկում Բեռլինի Եվրոպական ակադեմիայի տնօրեն Էկարտ Շթրաթենշուլթեն ասել է, թե 2030 թվականին սիրով կապրեր Օդեսայում: Սրանով պրոֆեսորը ոչ այնքան իր համակրանքն է արտահայտում Ուկրաինայի հանդեպ, որքան ուզում է շեշտել, որ ապագայի Եվրոպան կարող է շատ տարբերվել այսօրվա Եվրոպայից. «Հաճախ եմ լինում Ուկրաինայում ու պիտի ասեմ, որ եթե Ուկրաինան ուզում է ինտեգրվել եվրոպական ընտանիք, ապա պետք է ոչ թե անդամության թեկնածության հարցը բարձրացնի, այլ իրական քայլեր անի և օգտագործի Արևելյան գործընկերության ընձեռած լայն հնարավորությունները»:
Ջերմ և անկեղծ զրույցում 60-ին մոտ այս գիտնականը պնդում է, որ Եվրամիության (ԵՄ) և ընդհանուր Եվրոպայի դիմագիծը փոխվելու է: Սա փաստարկվում է մարտի 25-ին Բրյուսելում կայացած քննարկումներով. « 2011 թվականի մարտի 25-ը կազդարարի ԵՄ նոր ծնունդը: Թեև հանդիպումները եվրոյի ապագային էին վերաբերվում, սակայն այստեղ երկու կարևոր հարց էլ է քննարկվել` ո՞ւր է գնում Եվրոպան և ո՞ւմ հետ»:
Այս հարցերը երկար ժամանակ անորոշության առջև էին կանգնեցրել ԵՄ-ին, քանի որ այն իր հիմնադրման հիմնական տեսլականներին (գերմանաֆրանսիական հակասությունների վերացում, Կենտրոնական երկրների միջև համագործակցություն և այլն) վաղուց հասել է և այլ հայեցակարգերի կարիք ունի:
«Եվրոն առաջացավ Գերմանիայի վերամիավորումից 4 շաբաթ անց և հենց Գերմանիային սահմանների մեջ առնելու համար, սակայն այժմ պատմական զավեշտ է, որ հենց այդ եվրոյի շնորհիվ մեծանում է Գերմանիայի ազդեցությունը ողջ ԵՄ տարածքում: Բավական է շեշտել միայն, որ իր 80 միլիարդ եվրո անդամավճարով Գերմանիան Եվրամիության 27,1 %-ով թելադրողն է»,- ասում է պրոֆեսորը և ինքնահեգնանքով ավելացնում, որ այս գերիշխող դիրքը կարելի է համեմատել ֆուտբոլային խաղի հետ, երբ 22 ֆուտբոլիստ վազում է մեկ գնդակի հետևից, և արդյունքում հաղթում է Գերմանիան:
Ինչ վերաբերում է Եվրոպայի ապագային, ապա այն, ըստ պարոն Շթրաթենշուլթեի, լինելու է հիմնականում տնտեսության վրա հիմնված և ազգային ինքնորոշությունները խրախուսող, ասել կուզի ԵՄ-ն չի սպասում ու չի հրավիրում նոր անդամ երկրների. «Ինչպես քննության պարապելիս ուսանողը միայն իր դասերի վրա է կենտրոնանում և երբեմն անգամ ընկերներին մոռանում, ճիշտ նույն վիճակում է այժմ և ԵՄ-ն. այստեղ հիմա ներքին հարցեր են քննարկվում»:
Ամեն դեպքում, խնդրում եմ, որ հակիրճ ներկայացնի հնարավոր թեկնածու երկրների մասին իր տեսակետները.
«Իսլանդիայի 300.000-անոց բնակչությանը թեև հեշտ է ինտեգրել ԵՄ-ին, որովհետև այնտեղ մարդու իրավունքների պաշտպանությունը բարձր մակարդակի վրա է, Իսլանդիան տնտեսապես ինտեգրված է եվրոպական կառույցներին, ու թեև մարդու իրավունքների պաշտպանությունը կարևոր նախապայման է ԵՄ-ի համար, բայց Իսլանդիայում հանրային ոլորտի շատ հարցեր դեռ այնքան էլ թափանցիկ չեն:
Խորվաթիայում մարդիկ հույս ունեն, որ ԵՄ-ն կգա և կփրկի իրենց տիրող հասարակարգից, սակայն միայն մայրաքաղաք Զագրեբն է այնտեղ եվրոպական:
Մակեդոնիան Հունաստանի հետ խնդիրներ ունի և դեռ թեժ քննարկումների արդյունքում չի էլ կարողացել հստակեցնել իր պաշտոնական անունը` Մակեդոնիա, թե Մակեդոնիայի Հանրապետություն:
Շուտով երևի Մոնտենեգրոն անդամակցության թեկնածություն ստանա: Թուրքիայի հարցը շատ դժվար է:
Ուկրաինա. Յանուկովիչի ռեժիմը միայն պաշտոնապես է փոփոխություններ արել, ոչ բովանդակային, իսկ Վրաստանը թեև արտաքին դաշտում կարողացել է նվաճել համակրանք, բայց Սահակաշվիլին իր ամենամյա նույնաբովանդակ ելույթներով էլ չի կարողանում համոզել, որ Վրաստանը հասուն է ԵՄ անդամության թեկնածության համար»:
Եվրոպայում շատ քաղաքական գործիչներ են խուսափում հարավկովկասյան երկրների` Եվրոպային ինտեգրման և առհասարակ ԵՄ անդամության թեկնածության մասին խոսելուց: Սա գլխավորապես կապված է Լեռնային Ղարաբաղի դեռ չլուծված խնդիրի հետ:
Չէ՞ որ ԵՄ Արևելյան գործընկերության (ԱԳ) և ընդհանրապես ԵՄ համագործակցության շրջանակներում առաջին անգամն է, ինչ մասնակից է հակամարտության երկու կողմն էլ. Մերձդնեստրի (Տրանսնիսցիայի) խնդրով միայն Մոլդովայի Հանրապետությունն է Արևելյան գործընկերության մասնակից, ռուս-վրացական հակասություններով հանդերձ` միայն վրացական կողմն է ներկա և այլն»:
Հայաստանը կայուն հարևան չէ՞
Պրոֆեսոր Էկարտ Շթրաթենշուլթեն 2007 թ. ի վեր տարեկան գրեթե մեկ անգամ լինում է հարավկովկասյան տարածաշրջանում: Զարմանքով պատմում է, թե ինչպես է անցել Լաչինի միջանցը և հասել ԼՂՀ. «Այդ տարածաշրջանը շատ հետաքրքիր է և տարբեր մեր պատկերացումներից: Երբ մենք մտանք ԼՂՀ տարածք, ինչ-որ ծառայող մոտեցավ մեզ, պաշտոնապես ողջունեց ու հայտնեց, որ վերջին կես ժամվա ընթացքում կրակոցներ, բարեբախտաբար, չեն եղել»:
ԼՂՀ հակամարտության հետ շուրջ 1 միլիոն մարդու ճակատագիր է կապվում հայկական ու ադրբեջանական կողմերից (թե որտեղ է տեղավորվում այստեղ ԼՂՀ-ն` իր բնակչությամբ, տուժածներով, զոհերով ու փախստականներով, դժվար է ասել): Սա մտահոգիչ է թվում պրոֆեսորին: Նա թեև չի հավատում, որ Մինսկի խումբը կարող է անել ավելին, քան պաշտոնական ու թղթի վրա մնացող եզրակացությունները, սակայն ինքն էլ Մինսկի խմբի առաջարկներից շատ բանով չտարբերվող նախադասություններ է ասում.
«Հանդիպում են Հայաստանի նախագահ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Ալիևը, զրուցում են, քննարկում, բայց եզրահանգման չեն գալիս: Ամեն հանդիպումից առաջ բոլորը սպասում են, որ սա որոշիչ է լինելու, բայց էլի անօգուտ: Եթե նախագահները մի երկու բաժակ օղուց հետո որոշ եզրահանգման գան էլ, որևէ փաստաթուղթ ստորագրեն, երկուսն էլ իրենց երկրներում չեն ընդունվի: Խնդիրն այստեղ առաջին հերթին հասարակություններինն է. մարդկանց միջև կա հակամարտություն»:
Չնայած այս ամենը լավ գիտակցելով` Բեռլինի Եվրոպական ակադեմիայի տնօրենն առաջարկում է հարցը լուծել` տարածքների փոխանակմամբ, մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունք ընձեռելով կամ իրավական անվտանգության երաշխիքով:
«Պարզից էլ պարզ է, որ ԵՄ-ն ուզում է վստահելի ու կայուն հարևաններ ունենալ` ոչ պատերազմական կամ պատերազմի պատրաստվող»,- այս դիվանագիտական ճառից հետո ինքն էլ է խոստովանում, որ հայկական կողմը, սակայն, երաշխիք չունի ոչ վստահության, ոչ էլ հետագա հարձակումներից պաշտպանվածության, մանավանդ որ ադրբեջանցիները բազմիցս են ասել, որ իրենց բանակը Հայաստանի բնակչությունից էլ մեծ է: «Բայց ադրբեջանցիները նավթ ունեն, պետք չէ սուր քննադատության ենթարկել»,- ժպտում է զրուցակիցս:
Անի Մաթևոսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել