«Հայաստանում գոյություն ունեցող օրենքների չգործելու պատճառով բանտերում գտնվածներս կրկնակի ենք տուժում»
Բաց նամակ Հովհաննես Հունանյանին
2006 թ. հուլիսի 31-ին Ռ.Քոչարյանի Ն2-163Ն հրամանագրով ստեղծվեցին ՀՀ ՔԿՀ-ներում գտնվող դատապարտյալների «պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովներ», որով սահմանվեց դրանց գործունեության կարգը:
Պատմությունից բոլորիս հայտնի է Լենինի «եթե չեք ուզում հարցերին լուծում տալ, հանձնաժողով ստեղծեք» վաղուց թեևավոր դարձած, ցավոք իրականությունն արտացոլող խոսքը: Մեզանում «անկախ» կոչվող այս հանձնաժողովները երեք հատ են, որոնց լիազորությունների ժամկետը սահմանվել էր մինչև 2009 թ. դեկտեմբրի 31-ը, սակայն այդ օրվանից 2 անգամ` 1-ական տարի ժամկետով երկարացված լինելով` այժմ շարունակում են գոյություն ունենալ:
ՀՀ ՔԿՀ-ներում իրենց պատիժը կարող դատապարտյալներից բոլորին սահմանադրական «օրենքի առաջ բոլորն են հավասար» դրույթի ուժով իրավունք է վերապահված գոյություն ունեցող պատժաչափերի` ոմանց համար 1/3-ով, ոմանց` 1/2-ով, իսկ առանձնապես ծանր հոդվածներով դատապարտվածներին նշված ժամկետներով նախատեսված պատիժները 2/3-ով կրելուց հետո, յուրաքանչյուր ՔԿՀ-ում գործող վարչական հանձնաժողովներին ներկայացվելով, շատ որոշակի չափորոշիչների առկայության ապահովման դեպքում, դեպի ազատություն տանող առաջին փուլի գործողությունից օգտվելով, տվյալ ՔԿՀ-ի վարչակազմի կողմից վերոնշյալ «անկախ» կոչվող հանձնաժողովներին ներկայացվել:
ՀՀ Քրեակատարողական օրենսգրքի տարբեր հոդվածների և նաև ՀՀ արդարադատության նախարարի կողմից տրված հրամանների ուժով գործում է բավական հստակ օրենքի դաշտ, որտեղ սևը սպիտակի վրա գրված են «պատժի ժամկետի` օրենքով սահմանված մասը լրանալու դեպքում, կարգապահական գործող տույժ չունեցող դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցին» վերաբերող այն չափորոշիչները, որոնց առկայության պարագայում տվյալ դատապարտյալի` կալանավայրում պատիժը կրելու ժամանակ դրսևորած պահվածքի դրական բնութագրման և ընթացիկ գնահատումների արդյունքներից, ռիսկայնության աստիճանի հստակ նշումից ելնելով «պատժի մնացած ժամկետը կալանավայրում անցկացնելու կարիքը չունի» վերջնական եզրակացությամբ, իր գտնված ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի գումարած նիստի քվեարկության արդյունքներով դատապարտային ազատելու հարցով այդ ՔԿՀ-ի վարչակազմը դիմում է «անկախ» կոչված հանձնաժողովին:
Տարօրինակն ու անհասկանալին այն է սակայն, որ դատապարտյալների ուղղման գործընթացում ներգրավված ՀՀ ՔԿՀ-ների սոցիալ-հոգեբանական-իրավական բաժինների հետ ամենօրյա շփման և որոշակի գործողությունների արդյունքում «ուղղված» համարված, «դրական» բնութագրված դատապարտյալի ճակատագիրը որոշող «անկախ» կոչվող հանձնաժողովի անդամները, տվյալ մարդուն գեթ մեկ անգամ նույնիսկ չտեսած-չճանաչած մարդիկ լինելով, առանց նկատի առնելու նրան 24 ժամ շարունակ իր աչքի առաջ ունենալով տեսնող, շփվող, գնահատող ՔԿՀ-ի վարչակազմի փաստացի պաշտոնական ձևակերպած եզրակացությունը, առանց որևէ օրենքով սահմանված չափորոշիչների, մարդկանց ազատման դիմումները քմահաճորեն մերժում են:
«Անկախ» հանձնաժողովները յուրաքանչյուր ամսվա վերջին նիստ են գումարում ու իբր թե քննարկում են ՀՀ ԱՆ բոլոր ՔԿՀ-ներից իրենց ներկայացված թղթապանակներում առկա դատապարտյալների պարագան և ներկայացնում իրենց կարծիքները ու հետո քվեարկելով մերժմնան որոշում կայացնում:
Այստեղ կա շատ էական մի երևույթ, որ յուրաքանչյուր ՔԿՀ-ի աշխատակազմի համար վիրավորական է, և դա նրանց կատարած տարիների աշխատանքի արդյունքների` ընդամենը մի գրչի հարվածով ջնջել-ոչնչացնելն է, սակայն դրանից էլ շատ ավելի կարևորն ու կենսականը իրենց օրենքների պահանջով օրինակելի պահելով` ուղղված համարվող հազարներով դատապարտյալների ազատվելուն խոչընդոտելն է. ազատազրկման շարունակության որոշման կայացման տխուր փաստը:
Մերժում ստացող դատապարտյալը, շատ լավ տիրապետելով օրենսդրական դաշտին և իր մասին «դրական» գնահատում արձանագրված ՔԿՀ-ի «վերևներից» ունեցած վախի պատճառով, իր ոտնահարված իրավունքների համար մատը մատին չխփելու տխուր անգործության, հանցավոր անտարբերության առկայության պայմանում, հայտնվելով անելանելի վիճակում, փորձում է դատական պաշտպանության դիմել, բայց մեր «անկախ» դատարանները նման հարցերով հայցերը վարույթ չեն ընդունում:
ՀՀ Սահմանադրությամբ և տարաբնույթ օրենքներով, նորմատիվ ակտերով, կառավարության որոշումներով, հրամաններով երաշխավորված և դեռ այլ իրավունքներից զրկված` ազատազրկվածները անզոր են մնում մի համակարգի, ավելի ճիշտ` այդ համակարգում առկա ապօրինի և քմահաճ վերաբերմունք դրսևորելով` իրենց գորշ գոյությունը շարունակող «անկախ» հանձնաժողովականների աբսուրդ կոչվելու արժանի գործելակերպի դեմ:
Այս աստիճանի աղաղակող ապօրինություններին զոհ դառնալով` իրենց վերապահված օրենք և իրավունքներից ոչ մի կերպ օգտվել չկարողացող հազարավոր դատապարտյալների տասնյակ հազարների հասնող ընտանիքների քայքայման, տարաբնույթ խնդիրների կուտակման, նույնիսկ օրվա հանապազօրյա հացը վաստակելու հնարավորությունն ունեցող տան տղամարդու բացակայության պատճառով առաջացող սոցիալական ծանր վիճակները հասարակության լրջագույն հարցերից է և անհապաղ լուծում է պահանջում:
Մինչև 2006 թ. գոյություն ունեցող վիճակում գործող օրենքների ուժով յուրաքանչյուր դատապարտյալ «պայմանական վաղաժամկետ ազատման» իրավունքի համար նախատեսված սահմաններին համապատասխանելու դեպքում ազատ էր արձակվում: Այդ օրվանից, երբ «անկախ» հանձնաժողովներ ստեղծվեցին, ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ, և գործող օրենքներն անտեսվեցին, ու այդ պատճառով էլ ՀՀ բոլոր ՔԿՀ-ներում գործանրաբեռնվածություն առաջացավ:
Մենք «Վարդաշեն» ՔԿՀ-ում 2006 թ.-ին միայն 30 դատապարտյալ էինք, և ահա նշված «անկախ» հանձնաժողովների պատճառով` 4 տարվա ընթացքում 4 անգամ ավելանալով` դարձանք 120 մարդ: Եթե ապօրինությունները դադարեն, և օրենքները կիրառվեն, եղած 120 դատապարտյալից մոտ 80 հոգին կամ «պայմանական վաղաժամկետով» ազատ կարձակվեն, կամ բաց ռեժիմային հիմնարկ կտեղափոխվեն:
«Վարդաշեն ՔԿՀ-ի հարցերով «անկախ» հանձնաժողովի նախագահն է ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանը: Հենց նրա «թեթև» ձեռքով են հարյուրավոր դատապարտյալներ զրկվում ազատությունից, հարյուրավոր ընտանիքներ, մնալով առանց կերակրողի, քայքայվում են կամ լավագույն դեպքում ընկնում են նյութական ծայրահեղ ծանր վիճակի մեջ:
Ոստիկանության պարոն գեներալ, եթե ոչ մեզ, գոնե «Վարդաշեն» ՔԿՀ-ի սոցիալ-հոգեբանական ծառայությանը տեղեկացրեք, թե ինչ չափորոշիչներ են գործում Ձեր ղեկավարած հանձնաժողովում, որպեսզի ամեն անգամ մեզ բնութագրելիս և անձնական թերթում «դատապարտյալն ուղղվել է և հետագա պատիժը կրելու կարիք չունի» նշելիս Ձեր ղեկավարած հանձնաժողովի մերժումը ստանալիս, նրանք հիմար դրության մեջ չընկնեն:
Թե չէ կարծիք է ստեղծվում, որ տարիներով մեզ հետ աշխատած, մեր վերադաստիարակությամբ զբաղված ՔԿ վարչության ծառայողները մեզ ավելի վատ են ճանաչում, քան «անկախ» կոչված հանձնաժողովի անդամները, որոնց շփումը դատապարտյալի հետ սահմանափակվում է հանձնաժողովի մեկ կամ երկու անդամով, այն էլ մեկ րոպեով: Օրինակ` որպես չափորոշիչ` կարելի է կիրառել երգել կամ պարել իմանալը, չնայած գիր-ղուշ գցելն էլ կարող է համարվել չափորոշիչ:
«Վարդաշեն» ՔԿՀ-ի մոտ 100 դատապարտյալներ
27.03.2011
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել