«Նարեկացու» ձայնասկավառակը` Ազգային երաժշտական մրցանակաբաշխության հաղթող
Նարեկացի արվեստի միությանը (ՆԱՄ) կից գործող «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի թողարկած ձայնասկավառակը դարձել է 2010թ. Ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ժողովրդական ալբոմ» անվանակարգի հաղթող: Մրցանակաբաշխության արարողությանը, որ մարտի 27-ին կայացավ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ներկա էին ՆԱՄ-ի հիմնադիր Նարեկ Հարությունյանն ու «Նարեկացի» ժողովրդական գործիքների համույթի գեղարվեստական ղեկավար Հովիկ Սահակյանը:
Ձայնասկավառակը ձայնագրել ու թողարկել է «Նարեկացի» արվեստի միությունն իր ձայնագրման ստուդիայում: Ձայնասկավառակում ընդգրկված են հայ ժողովրդական, աշուղական գործեր: Ներկայացվում են Զավեն Թագակչյանի փոխադրած «Առավոտ լուսո», Սայաթ-Նովայի «Քանի վուր ջան իմ» և «Արի ինձ անգաջ կալ», Ալեքսանդր Թադևոսյանի փոխադրած «Բաղդագյուլի», Թաթուլ Ալթունյանի գրառած «Ղափամա», Շերամի «Թառլան-թառլան», Կոմիտասի «Շուշիկի» և այլ ստեղծագործություններ, ինչպես նաև ժողովրդական շուրջպարեր և մենապարեր:
Ձայնասկավառակին կից ներփակված է նաև հայերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով տպագրված ծավալուն գրքույկ, որում լուսանկարներով ներկայացվում են կատարվող բոլոր նվագարանները` տեքստային նկարագրությամբ ու պատմական ակնարկներով:
Ձեռնարկը ՆԱՄ հրատարակչական գործունեության մաս է կազմում և մեկն է արդեն թողարկված բազմաթիվ խտասկավառակներից, որոնք միությունն իր միջոցներով և բարեգործական հիմունքներով հրատարակում է:
2008թ.-ին «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի հիմնումը նպատակ ուներ երիտասարդ երաժիշտների շրջանում առաջ բերել սեր և հետաքրքրություն հայկական նվագարանների հանդեպ և այսպիսով` նոր շունչ և ոգի հաղորդել ազգային մշակույթի պահպանման ու զարգացման գործին:
Համույթը, որ բաղկացած է 21 երիտասարդ գործիքային և 5 վոկալ կատարողից, գործում է ճանաչված թառահար Հովիկ Սահակյանի գեղարվեստական ղեկավարությամբ: Այս մասին նշվում է ՆԱՄ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Դավիթ Իսաջանյանի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել