HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կսկսեն բնապահպանական հայեցակարգ մշակել

Մարտի 29-ին  «ՄԻԺԻ» գրասենյակում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային խորհրդարանի բնապահպանության հանձնաժողովի նիստը «Բնապահպանական հայեցակարգի մշակման արդյունավետ մեխանիզմներըե թեմայով: Նիստի ընթացքում քննարկվեցին, թե ինչպես սեղմ ժամկետներում պետք է մշակել բնապահպանական ամբողջական հայեցակարգ, օգտվելով մինչ այժմ կազմված տարբեր ձևաչափերի հայեցակարգային փաստաթղթերի բովանդակությունից` հաշվի առնելով նաև  արդի բնապահպանական մարտահրավերները` միաժամանակ ներգրավելով այդ աշխատանքներում փորձագետներին և էկոակտիվիստներին: Մասնակիցների կողմից ներկայացվեցին հայեցակարգային մի քանի տեքստեր, որոնք մեծամասամբ տեսական և վերացական էին, կամ ընդգրկում էին միայն որոշակի բնապահպանական ոլորտներ, կամ էլ որոշ դեպքերում արդեն ժամանակավրեպ էին: Ներկաները համաձայնության եկան նոր բնապահպանական հայեցակարգի մշակման անհրաժեշտության խնդրի շուրջ: «Խազեր» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արամ Գաբրիելյանը  նշեց, որ այժմ կա պետական հանձնաժողով, որն աշխատում է բնապահպանական օրենսգրքի ստեղծման ուղղությամբ` չունենալով նախապես մշակված հայեցակարգ: Նա նաև կարևորեց բնապահպանական առարկայի և սահմանումների հստակեցման խնդիրը։ Ըստ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Սուրեն Գրիգորյանի` Բնապահպանական հայեցակարգի մշակման գործընթացում անհրաժեշտ է նախ կազմել Հայաստանի բնապահպանական «անձնագիրը», որում կամփոփվեն Հայաստանի բնապահպանական իրավիճակն ու խնդիրները և դրանից հետո միայն կարելի է անդրադառնալ լուծումներին: ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գոհար Ղազինյանը առաջարկեց հայեցակարգի մշակման ընթացքում անպայմանորեն հաշվի առնել միջազգային բնապահպանական համաձայնագրերը` կոնվենցիաները, որոնք պատշաճ կիրառում չեն գտնում Հայաստանում և կան բնապահպանական կոնվենցիաներ, որոնց Հայաստանը դեռ չի միացել: Թեև Հայաստանը վավերացրել է շուրջ 16 միջազգային պայմանագիր, սակայն արդյունքները տեսանելի չեն։ Նա նաև նշեց մոնիթորինգ-վերլուծություն իրականացնելու և հետո միայն էկոլոգիական քաղաքականություն մշակելու մասին, ինչը բնորոշվեց որպես բուժման, բարելավման մեթոդ: «Թռչնասերների կենտրոնի» ղեկավար Սիլվա Ադամյանը արձանագրեց, որ միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից մեր երկրում իրականացվող ծրագրերը շատ փակ են, թեև նրանք միշտ պնդում են, որ նախապես արվում է ամեն ինչ հասարակությանը իրազեկելու համար: «Դեպի ու՞ր, Երևան» ծրագրի տնօրեն, քաղաքաշինարար Ալեն Ամիրխանյանի համոզմամբ, այսօրվա դրությամբ էկոլոգիական խնդիրները պետք է դիտարկել տնտեսականին զուգահեռ` կարևորելով այն հանգամանքը, որ բնապահպանական քաղաքականություն մշակելիս  պետք է հաշվի առնել տնտեսական գործոնները, համադրել և համաձայնեցնել դրանք: Ըստ Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի նախագահ Գարեգին Չուգասզյանի` այսօր Հայաստանում կան գաղափարակիրներ և ցինիկներ, չկա բնապահպանական ընդհանուր գաղափարախոսություն։ Այս ոլորտի խնդիրները ակնհայտ կարող են երևալ, երբ հնարավոր կլինի հասկանալ, թե կոնկրետ ինչի հետ գործ ունենք։ Եվ ամբողջական համակարգն է սխալ, և առանձին ոլորտների համակարգերը, և երբ փորձ է արվում դրանց խնդիրները առանձին լուծել, ինչը շատ մեծ ուժ է պահանջում և կարող է տալ ոչ մեծ արդյունքներ։ Այսօր քննարկման դրվող խնդիրները չեն դիտարկվում մեկ ամբողջական համակարգի մեջ: Նիստի մասնակիցները համաձայնվեցին հետագա հանդիպումներում ոլորտ առ ոլորտ, սկսելով ամենաառաջնայիններից, սկսել բնապահպանական հայեցակարգի մշակումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter