HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգության» դեմ քառամյա արշավի ֆիասկոն

Թեմայի վերաբերյալ դիտարկումներս կփորձեմ ներկայացնել միայն օբյեկտիվ իրողությունների շարադրանքով` 2007-ից կուսակցությանը հետևողականորեն վարկաբեկելուն միտված իշխանության և ընդդիմադիր որոշ ուժերի կողմից ցայսօր չդադարող անբարո փորձերի համատեքստում: Դեռ 2007-ի ԱԺ ընտրություններից հետո, երբ «Ժառանգությունը» որոշեց մասնակցել խորհրդարանի աշխատանքներին, ընդդիմադիր որոշ գործիչներ ու ԶԼՄ-ներ պարսավեցին կուսակցությանը, թե ինչու՞ է լեգիտիմացնում ապօրինի խորհրդարանը, արդյոք չի՞ ծախվել իշխանությանը և այլ անհեթեթություններ: Խմբակցությունն իր գործունեությամբ շատ արագ ապացուցեց նման մեղադրանքների անլրջությունը: Այնինչ կուսակցության դեմ երկբևեռ հարձակումները նոր ուժով էին բորբոքվում, ինչին «Ժառանգությունը» հակազդում էր… հետևողականորեն շարունակելով իր աշխատանքը: 2008 թ. նախագահական ընտրությունների շրջափուլում ևս «Ժառանգությունը» պարզերես եղավ հասարակության առջև: Զրկվելով իր առաջնորդի թեկնածությամբ ընտրությանը մասնակցելու հնարավորությունից և գիտակցելով վարչախմբի վերարտադրման աղետալիությունը` կուսակցությունը թեկնածուներից չորսին համախմբվելու կոչ արեց` հանուն որևէ միասնական թեկնածուի պաշտպանելու: Միաբանման անհնարինությունը տեսնելով` «Ժառանգությունը» ի վերջո որոշեց սատարել առավել մեծ հնարավորություն ունեցող թեկնածուի: Իսկ նախքան այդ` որոշ անձինք ու ԶԼՄ-ներ դարձյալ քննադատում էին կուսակցությանը, իբրև թե` երկու լարի վրա է խաղում (՞), ջուր է լցնում իշխանության ջրաղացին (՞) և այլ դատարկաբանություններ: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են: Փետրվարի 19-ին հաջորդած տասնօրյա հանրահավաքներին և մարտի 1-ին  «Ժառանգության» պատգամավորներն ու կուսակցականները մշտապես եղել են  ժողովրդի հետ (բացառությամբ Րաֆֆի Հովհաննիսյանի, ով մարտի 1-ին ԵԽԽՎ-ի կողմից որպես միջազգային դիտորդ Սանկտ-Պետերբուրգում մասնակցում էր ՌԴ նախագահական ընտրությունների): Դանակի դավադիր հարված ստացած Արմեն Մարտիրոսյանը հիվանդանոց տեղափոխված առաջին վիրավորներից էր: Ուշ երեկոյան հրավիրված ԱԺ արտահերթ նիստում էլ խմբակցությունը փաստացի ագրեսիայի ենթարկվեց այդ օրվա աննախադեպ իրադարձություններից սարսափահար իշխանական երեսփոխանների կողմից, ինչը մամուլում գրեթե չի լուսաբանվել: Քաղաքական դատավարությունների ողջ շրջանում «Ժառանգության» պատգամավորներն աննահանջ սատար են կանգնել քաղբանտարկյալներին, մշտապես հետամուտ են եղել 10 զոհերի սպանության հանգամանքների լիարժեք բացահայտմանը և հանցագործների պատժմանը: Պատգամավորները քանիցս (ցավոք սրտի` ապարդյուն) հանդես եկան երաշխավորագրերով, որպեսզի քաղկալանավորների «գործերի քննությունը» գեթ ազատության պայմաններում շարունակվի: Նույնիսկ գլխավոր դատախազի միջնորդությունը (չորս գործընկերներին իրավապահներին «հանձնելու» մասին) չեղյալ համարելու «Ժառանգության» նախաձեռնությունը կոալիցիոն երեսփոխանները մերժեցին` կրկին դրսևորելով վախից ծնված կամազրկությունն ու անարժանապատվությունը: Իսկ քաղաքական զբոսանքներին «Ժառանգության» մասնակցությունը, և որ զբոսանքի կամ այլ ակցիայի մասնակից քաղաքացիներին բերման ենթարկելիս խմբակցության պատգամավորներն էին առաջիններից մեկը հայտնվում ոստիկանության տվյալ բաժանմունքում, ինչպես ասում են` բժշկական փաստ է: 2009 թ. մայիսի 31-ի Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին, երբ հայտնի դարձավ, որ «Ժառանգությունը» հնարավոր է առանձին մասնակցի ընտրությանը, Կոնգրեսի քաղաքական ուղեգիծը սպասարկող ԶԼՄ-ներն անմիջապես «խաչակրաց արշավանք» ծավալեցին «Ժառանգության» դեմ` օգտագործելով «հաճախորդ, դավաճան, տականք, ախք» և այլն: Կոնգրեսի «անհաղորդակից» ղեկավարներն էլ նշում էին, թե այդ թերթերն իրենց էլ են հաճախ քննադատում (՞), իսկ ահա «Ժառանգությանը» քննադատելը, ըստ այդ անձանց տրամաբանության` «հասարակական պահանջ էր»: Այնինչ «Ժառանգությունը», չնայած այդ ամենին, մեծահոգի գտնվեց և ընդդիմադիր ձայները չփոշիացնելու ազնիվ մղումով որոշեց չմասնակցել ընտրապայքարին, իսկ ընտրողներին էլ կոչ արեց իրենց ձայնը տալ ընդդիմադիր ուժին: Այժմ անդրադառնամ Երևանի ավագանու ընտրությունների` որոշակի հետաքրքրություն ներկայացնող համեմատական արդյունքների վերլուծությանը, որոնք ցայսօր «սպրդել» են լրագրողների խորաթափանց տեսադաշտից: Սկսեմ 2007 թ. ԱԺ ընտրություններից, երբ «Ժառանգությունը» պաշտոնական տվյալներով հավաքեց 80000-ից ավելի ձայն, որից 55000-ը` Երևանում: Նախ` «Ժառանգությունը». -առաջին անգամ էր մասնակցում համապետական ընտրությունների, -հանձնաժողովներում ոչ մի անդամ չուներ, -վստահված անձանց մեծ մասը չուներ ընտրական գործընթացի մասնակցության որևէ փորձ, -ընտրությանը մասնակցում էին ավելի քան 20 քաղաքական միավոր` գրեթե բոլորն էլ հանրությանը ներկայանալով թունդ ընդդիմադիրի շահեկան դիրքերից: Նշվածների համատեքստում «Ժառանգության» 55000 ձայնն այժմ համեմատենք 2009 թ. Երևանի ավագանու ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի ցույց տված արդյունքի` 70000-ից էլ պակաս ձայների հետ: Եվ այսպես. -2009-ի ընտրությանը մասնակցում էր ընդամենը 7 քաղաքական միավոր, ինչը ՀԱԿ-ի համար բավական նպաստավոր էր` անհամեմատ շատ ձայներ ստանալու տեսանկյունից: -Ի տարբերություն ԱԺ 2007 թ.` Երևանի ավագանու ընտրություններին կար միայն մեկ ընդգծված ընդդիմադիր ուժ, հետևաբար` ավանդաբար ըմբոստ Երևանի բնակիչների ձայների ճնշող մեծամասնությունը պետք է Կոնգրեսի հաշվեկշռում լիներ, այլ ոչ թե 17 տոկոսը: -Ընտրությունը միայն Երևանում էր, հետևաբար` Կոնգրեսը կարիք չուներ իր ուժերն ու միջոցները ցրել ողջ հանրապետությունով մեկ, ինչպես որ ստիպված էր վարվել «Ժառանգությունը» 2007-ին: -ՀԱԿ-ի կազմում, ըստ իրենց ղեկավարների, ընդգրկված է 18 կուսակցություն` ի տարբերություն ԱԺ ընտրությանը միայնակ մասնակցած «Ժառանգության»: -2007-ին «Ժառանգությունը» ընտրական հանձնաժողովներում ոչ մի անդամ չուներ, այնինչ 2009-ին ընտրական հանձնաժողովներում ՀԱԿ-ին պաշտպանում էին  կամային գործընկերներ` հանձինս նույն «Ժառանգության» անդամների: -Կոնգրեսի ցուցակը գլխավորում էր 2008-ի նախագահական ընտրարշավում իշխանության գլխավոր հակառակորդը, որն այն ժամանակ նույն Երևանում ստացավ 150000-ից ավելի ձայն: Մինչդեռ նույն գործչի գլխավորությամբ ՀԱԿ-ը, արդեն իսկ լինելով ձևավորված կառույց, չկարողացավ ստանալ նունիսկ այդ ձայների կեսը: -Կոնգրեսն իր տրամադրության տակ մշտապես ունի մի քանի տպագիր և ինտերնետային լրատվամիջոցներ, որոնց օգտակարությունը զգալի է դառնում հատկապես համապետական որևէ ընտրության ժամանակ: Իսկ  «Ժառանգությունը» ինչպես հիմա, այնպես էլ 2007-ին, չունի այդ միջոցները: -ՀԱԿ-ի ղեկավարներն իրենց 2009-ի նախընտրական ցուցակի մասին հաճախ էին շեշտում, թե այն աննախադեպ է` հայտնի գործիչների ներգրավվածությամբ, և նշվում էր` 2 պրեզիդենտ, 2 վարչապետ, 2 քաղաքապետ, փոխվարչապետ, նախարարներ և այլք… Մինչդեռ 2007-ին «Ժառանգության» ցուցակի ամենահայտնի դեմքերը մեկ նախկին արտգործնախարար և օմբուդսմեն էին: -2007-ին որևէ քաղաքական ուժ չբարձրաձայնեց «Ժառանգությանը» սատարելու մասին, մինչդեռ 2009-ին տարբեր ուժեր հայտարարեցին ՀԱԿ-ին աջակցելու մասին, այդ թվում` մեծահոգի «Ժառանգությունը»… Չշարունակելով թվարկումը` միայն փաստեմ, որ նշյալ չափազանց  նպաստավոր պայմանների առկայությամբ` 2008-ի փետրվարի 19-ից մինչև 2009-ի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածը բոլորովին էլ ՀԱԿ-ի օգտին չաշխատեց` հաշվարկելով այդ օրվա ընտրությանը Կոնգրեսի ղեկավարության ցույց տված արդյունքը: Իսկ 2009-ի մայիսից շուրջ երկու տարի էլ անցավ… Այս համեմատությունները ներկայացնելու նպատակը սպառված քաղաքական գործիչների վրա չարախնդալը չէ (ժամանակը շատ շուտով վերջին դյուրահավատների աչքերն էլ կբացի): Ընդամենը ցանկացել եմ իրերն իրենց անուններով կոչել, առավել ևս, որ համանման վերլուծության մինչ օրս չէի հանդիպել: Անդրադառնամ նաև ավագանու ընտրություններից հետո կայացած հանրահավաքում ՀԱԿ ղեկավարի` ընդդիմության մասին պատկերացումների հերթական շռնդալից վերափոխումներին: Եթե մինչ այդ  հայտարարվում էր, թե «ՀԱԿ-ը մաքրել է քաղաքական դաշտը», ապա հանրահավաքում լիդերի շուրթերից հառնեց ընդդիմադիր դաշտի նոր կոնֆիգուրացիան: Ըստ այդմ` «մաքրված քաղաքական դաշտում» ընդդիմադիր ուժերի թիվը զարմանալիորեն ավելացել էր` արդեն հստակ ընդդիմադիր էին «Ժառանգությունը» և «Նոր ժամանակները», իսկ գրեթե ընդդիմություն էին ԲՀԿ-ն ու «Դաշնակցությունը»… Խեղճ հայաստանցին հազիվ էր մաքրված տեսել քաղաքական դաշտը, և ահա` նոր խառնաշփոթ: Բնական հարց է ծագում, թե երկու ճամբարներն էլ ինչու՞ են այս չորս տարվա մեջ, առանց հոգնելու և ամենացինիկ ու եղկելի միջոցների ու զրպարտությունների գործադրմամբ թիրախ դարձրել «Ժառանգությանը»: Ըստ իս` բացատրությունը մեկն է. «իրենցով անել» վերընթաց շարժվող կուսակցությանը` վերջինիս դիտարկելով որպես յուրատեսակ «ոսկե ձկնիկ»: Իսկ վերջնանպատակը` հասարակական բարձր վարկանիշով «Ժառանգությանը» սեփական ճամբար քաշելն է` յուր շահերին ծառայեցնելու համար կամ վարկաբեկելով` «չեզոքացնել» ժողովրդական լայն զանգվածների համակրանքը վայելող հեռանկարային կուսակցությանը: Ահա սա է ճշմարտությունը, սա է «Ժառանգության» դեմ սև քարոզչության, լկտի գործելակերպի և այլ զազրելի միջոցներով արշավ նախաձեռնածների գերնպատակը, որը, մինչ օրս որևէ արդյունքի չհանգեցնելով, ավելի է ուժեղացել… Արամ Ենոքյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter