HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայիսին կանցկացվի փախստականներին նվիրված համաժողով

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր հանդիպեց Հայաստանում հավատարմագրված դիվանագետների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Փոխվարչապետը հյուրերին մանրամասներ ներկայացրեց մայիսին Երեւանում նախատեսվող միջազգային համաժողովի մասին, որը նվիրված է փախստականների անօթեւանության խնդիրներին: Համաժողովի նպատակն է համատեղել ՀՀ կառավարության եւ միջազգային դոնոր հանրության ջանքերը` հիմնախնդրի լուծման ուղղությամբ ծրագրերի իրականացման առումով: Համաժողովի անցկացման վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշի հետ, եւ արդեն ստացվել է նրա համաձայնությունը: Փոխվարչապետը ներկայացրեց նաեւ խնդրի լուծման ուղղությամբ մինչ այժմ ՀՀ կառավարության կողմից իրականացված աշխատանքները: Նշվեց, որ դեռ 2004թ-ին ՀՀ կառավարության հաստատած ծրագրով խնդիր էր դրվել լուծել 3470 առավել կարիքավոր փախստականների բնակարանային ապահովության հարցը: Այդ նպատակի համար 2005թ-ից պետբյուջեից գումարներ են հատկացվել, սակայն ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով վերջին երկու տարիներին գումարներ չեն նախատեսվել: Հաշվառված ընտանիքներից ներկայումս հանրապետությունում առկա է մոտ 1200 առավել կարիքավոր ընտանիք, որոնցից ավելի քան 800-ը` միայն Երեւանում: Բացի հաշվառվածներից կան նաեւ ցուցակում չընդգրկված ընտանիքներ: Հիմնախնդրի ամբողջական լուծման համար լրացուցիչ ջանքերի եւ հնարավորությունների ներդրման անհրաժեշտություն կա, եւ համաժողովից այդ հարցում աջակցություն է ակնկալվում: Միաժամանակ` կառավարությունը նաեւ մի շարք ծրագրեր է իրականացնում փախստականներով բանակեցված համայնքների ենթակառուցվածքների բարելավման ու զարգացման ուղղությամբ: Համաժողովի կազմակերպման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կողմից ներկաներին փոխանցվեցին նրանց երկրների կառավարություններին եւ կազմակերպությունների ղեկավարությանն ուղղված մասնակցության հրավերները: Նախատեսվում է, որ համաժողովին կմասնակցեն տարբեր երկրների, միջազգային մարդասիրական եւ ֆինանսական կազմակերպությունների, համահայկական կառույցների, ինչպես նաեւ տեղական գործարար եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter