HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկել են հողային խնդիրները

ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում ներկայացվեց 2011 թ. առաջին երկու ամիսներին համայնքային բյուջեների կատարողականի մասին հաշվետվությունը: Նշվեց, որ ընդամենը եկամուտների մասով կատարողականը կազմել է 74,9 տոկոս: Ընդհանուր առմամբ բոլոր հարկատեսակների մասով գրանցվել է աճ, բացի հողի հարկից: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ համայնքային բյուջեների կատարողականի մասին հաշվետվություններն այսուհետ կոլեգիայի նիստում կներկայացվեն եռամսյակային կտրվածքով: Կոլեգիային ներկայացվեց նաեւ ՀՀ համայնքների աշխատավարձերի պարտքերի մարման վերաբերյալ տեղեկատվություն, ըստ որի` նախորդ տարիների պարտքից մարտի 18-ի դրությամբ մարվել է 28,2 մլն դրամ, ընթացիկ տարում կուտակվել է 11 մլն դրամ, որից ամենխոշորը Արմավիրի մարզինն է` 9,4 մլն դրամ: Ընդամենը պարտքը ներկայումս կազմում է 385,5 մլն դրամ: ՏԿՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Ա. Գիլոյանը հաշվետվություն ներկայացրեց հողօգտագործման բնագավառում ՀՀ պետական մարմինների, մարզպետների եւ ՏԻ մարմինների կողմից 2010թ-ին իրականացված գործառույթների վերաբերյալ: Մասնավորապես անդրադարձ եղավ գյուղնշանակության հողամասերից կամովին հրաժարվելու դեպքերին: Արձանագրվեց, որ գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար օրենսդրական մեխանիզմների հստակեցման անհրաժեշտություն կա: Նիստը վարող փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հանձնարարեց ավելի ամբողջական տեղեկատվություն պատրաստել նշված հարցի վերաբերյալ, առաջիկայում արտագնա քննարկում կազմակերպել Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանում, որտեղ նման դեպքերն ավելի շատ են, ինչպես նաեւ աշխատանքներ սկսել խնդրի լիարժեք կանոնակարգման մեխանիզմների մշակման առումով: Այս համատեքստում կարեւորելով հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրը` փոխվարչապետը նկատեց, որ անցած տարի լուրջ աշխատանքներ են իրականացվել այդ ուղղությամբ: Մասնավորապես սահմանված ընթացակարգերն արդեն հնարավորություն են տալիս տեղերում իրականացնել հողատեսքերի փոփոխություններ, վերացնել սեփականության իրավունքի փաստաթղթերում առկա անճշտություններն ու սեփականության առաջին պետական անվճար գրանցման ժամկետային սահմանափակումը: Աշխատանքերը շարունակվում են, եւ վերջերս Ազգային ժողովի կողմից ընդունված եւ արդեն ուժի մեջ մտած «ՀՀ հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքով եւս այդ ուղղությամբ էական քայլեր են արվում: Ա. Գեւորգյանը կոլեգիայի անդամների ուշադրությունը հրավիրեց նոր փոփոխություններին, որոնցով մասնավորապես սահմանվում է, որ մինչեւ 1000 քմ ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսությունների եւ մինչեւ 5000 քմ ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար օգտագործվող հողամասերի նպատակային նշանակության փոփոխության դեպքում կադաստրային արժեքների տարբերության վճարում չի կատարվում: Կառուցապատում իրականացնելիս համապատասխան չափի հողամասի նպատակային նշանակությունը մեխանիկորեն համարվում է փոփոխված` համայնքի ղեկավարի կողմից որոշումն ընդունելուց եւ շինարարության թույլտվություն տալուց հետո: Նշված չափերը գերազանցելու դեպքում հողամասի ամբողջ մակերեսի նպատակային նշանակությունը փոփոխվում է սահմանված կարգով, իսկ վճարումները կատարվում են միայն վերոնշյալ 1000 եւ 5000 քմ մակերեսները գերազանցող մակերեսների մասով: Բացի այդ, սեփականատերերը հողամասերի կադաստրային արժեքների առկա տարբերությունը համայնքային բյուջե են մուծում ոչ թե եռամսյա ժամկետում, ինչպես սահմանված է այլ դեպքերի համար, այլ մեկ տարվա ընթացքում: Փոխվարչապետը հույս հայտնեց, որ ընթացակարգային պարզեցումները հնարավորություն կստեղծեն, որպեսզի ավելի շատ տնտեսություններ զբաղվեն նման գործունեությամբ: Նիստում կոլեգիան ի գիտություն ընդունեց նաեւ ՏԿՆ աշխատակազմի համայնքային ծառայության պետ Ա. Սողոմոնյանի տեղեկատվությունը` համայնքներում զինապարտ քաղաքացիների հաշվառման, գրանցամատյանների վարման գործընթացի մասին: Նշվեց, որ գրանցամատյանների վարման վերաբերյալ մեթոդական ուղեցույցերը տրամադրված են բոլոր համայնքներին, եւ ըստ մարզերից ստացված տեղեկատվության, գործընթացն իրականացվում է բոլոր համայնքներում: Փոխվարչապետն Ա. Սողոմոնյանին հանձնարարեց կազմել մարզեր այցելության ժամանակացույց` ընթացքին տեղերում ծանոթանալու եւ անհրաժեշտության դեպքում մեթոդական օժանդակություն ցուցաբերելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter