HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«ՔԿՀ-ներում անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող պայմաններ են»

«Հետքի» հետ զրույցում Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը անդրադարձել է վերջին շրջանում քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների աճող բողոքներին: Ապրիլի 1-ից «Վարդաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալները հացադուլ են սկսելու: Ո՞րն է նրանց պահանջը: Ի վերջո, բանը հասնելու էր նրան, որ դատապարտյալները պիտի սկսեին բողոքել այն վիճակից, որն ավելի քան երեք տարի կա Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում: Խնդիրն այն է, որ դրանցում իրավիճակը ցանկացած ժամանակ կարող է դուրս գալ հսկողությունից, որովհետեւ մի քանի հիմնարկներում, որոնք ծանրաբեռնված են ազատազրկվածներով, անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող պայմաններ են: Խոսքը հատկապես «Նուբարաշեն», «Էրեբունի» եւ «Վարդաշեն» ՔԿՀ-ների մասին է: «Նուբարաշենում» 8 հոգու համար նախատեսված մոտ 30 քառ. մ տարածքով խցում պահվում են 20-ից ավելի ազատազրկվածներ: Եվ դա այն դեպքում, երբ օդափոխման համակարգը հիմնարկում չի աշխատում: Սրանք ուղղակի դաժան, անմարդկային պայմաններ են, ինչը կարելի է բնորոշել որպես մարդու խոշտանգում: Մոտավորապես նույն վիճակն է «Վարդաշենում»: Հարց է առաջանում. իսկ ինչու՞ են այդքան շատ դատապարտյալներ ՔԿՀ-ներում: Պատճառներից մեկը դատապարտյալների ազատ արձակման անկախ հանձնաժողովների գործունեությունը կամ, ես կբնորոշեի, անգործությունն է, երբ դրանք համատարած մերժում են ՔԿՀ-ների կողմից վաղաժամկետ ազատման ներկայացված դատապարտյալներին: Բավականին սուբյեկտիվ մերժումներ են դրանք: Ազատազրկվածները, որոնք 1/3-ով, 1/2-ով կամ 2/3-ով պիտի ազատվեին, դրական պահվածքի համար ունենում են որոշակի խթան, եվ երբ անկախ հանձնաժողովը համատարած մերժում է նրանց, հիմնարկներում կարող է առաջանալ շատ լարված իրավիճակ ոչ միայն դատապարտյալների վարքի, այլեւ ծանրաբեռնված պայմանների առումով: «Վարդաշենի» դատապարտյալների բողոքը հենց այդ հանձնաժողովներից է: Ծանրաբեռնվածության պատճառ է նաեւ այն, որ դատարանները այլընտրանքային պատիժներ չեն կիրառում, մյուս կողմից էլ հիմնականում կալանքն են որպես խափանման միջոց ընտրում: Եթե այսօր կալանքի մեջ գտնվող մարդկանց մոտ 70%-ի նկատմամբ կալանք չկիրառվեր, ապա իրավիճակը միանգամայն այլ կլիներ եւ «Վարդաշենում», եւ «Նուբարաշենում»: Բոլոր ՔԿՀ-ներից են բողոքու՞մ, թե՞ միայն «Վարդաշենից»: Բոլոր ՔԿՀ-ներից են բողոքում` եւ «Սեւան», եւ «Աբովյան», եւ «Գորիս»... Բողոքները ոչ այնքան պայմաններին ու իրենց քրեական գործերին են վերաբերում, ինչքան անկախ հանձնաժողովներին: Որեւէ տրամաբանություն հանձնաժողովների մերժումներում չկա. ավելի ծանր հանցագործություն կատարած անձին կարող են վաղաժամկետ ազատ արձակել, իսկ ավելի թեթեւին` ոչ: Օրինակ` Սարգիս Հացպանյանին բավականին ծանր պատիժ տրվեց` 3,5 տարի, բայց ես չեմ կարծում, որ իր հոդվածը մեծ վտանգավորություն ունի, կամ այդ մարդը ռեցիդիվիստ է կամ էլ կրկնահանցագործություն է կատարել ու վտանգավոր է հանրության համար: Արդեն լրանում է նրա ժամկետը, բայց այսքան ժամանակ վաղաժամկետ ազատումը մշտապես մերժվում է: Իսկ ո՞րն է ցմահ դատապարտվածների պահանջը: 2002-ին, թե 2003-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի (որտեղ որ պահվում են ցմահ ազատազրկվածները) խցերի, այսպես կոչված, «բուլդոգ» ճաղավանդակները հանվեցին, ինչը դրական երեւույթ էր: Երբ դրանք կային, արեւի լույսը համարյա չէր ընկնում ներս: Ըստ իմ ունեցած տեղեկությունների` «Նուբարաշենի» ցմահ դատապարտվածների խցերում պատրաստվում են այդ ճաղավանդակներն ավելացնել: Դրա բացատրությունը, հավանաբար, այն կլինի, թե անում են` անվտանգության կանոններից ելնելով: Նախկինում հիմնարկի համաձայնությամբ դատապարտյալներն իրենց հաշվին համակարգիչներ էին վերցրել: Այդ բոլորը, եթե չեմ սխալվում, անցյալ եւ նախանցյալ տարի ձեռքներից վերցրին: Ես դա համարում եմ անընդունելի եւ ավելորդ պատիժ ցմահ դատապարտյալների նկատմամբ: Ապրիլի 1-ից հացադուլ են անելու միայն «Վարդաշենու՞մ», թե՞ նման քայլի կդիմեն նաեւ ցմահ դատվածները: Ցմահները պարբերաբար այդ մասին ասում են: Ինչքանով ես տեղյակ եմ, խոսքն առայժմ միայն «Վարդաշենի» մասին է: Ավելի մանրամասն տեղեկություններ դեռ չունեմ: Իսկ որպես իրավապաշտպան ի՞նչ եք ակնկալում արդարադատության նախարարությունից: Երբ նախարարը գնացել էր «Վարդաշեն», դատապարտյալները որոշակի հույսեր ունեին, որ իրենց պահանջներն ինչ-որ չափով կատարվելու են: Թե ինչ ընթացք է տրվել այդ պահանջներին, ես տեղյակ չեմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter