Որոշումներ` գյուղատնտեսության վերաբերյալ
ՀՀ կառավարությունը հաստատել է 2011թ. ընթացքում ըստ ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության չափաքանակները։ Այս տարի ևս կառավարությունը մոտ 4 մլրդ 200 մլն դրամ է հատկացնում ոռոգման ջրի ծախսը հոգալու նպատակին` կանխելով ջրի սակագնի բարձրացումը։ Այսպիսով, ոռոգման ջրի տարեկան ծախսի շուրջ 60 տոկոսը հոգում է պետությունը։
Հաջորդ որոշմամբ հաստատվել է 2011-2012թթ. գարնանացան գարու սերմնարտադրության զարգացման ծրագիրը։ Այս առնչությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ առաջիկայում կառավարությունը, ընդառաջելով մարզերից ստացված առաջարկություններին, մտադիր է առաջնությունը տալ ոչ թե սերմնաբուծության զարգացմանը, այլ սոցիալական ծրագրերին։
Սակայն չի բացառվում, որ սերմի ներմուծումը դարձյալ կազմակերպվի։ Անցած տարի առաջին անգամ ներկրվեց ցորենի էլիտար սերմացու, որպեսզի 5 տարվա ընթացքում դրա արտադրությունը հասցվի 27 հազար տոննայի։ Գարու պահանջարկը, որն ավելի պակաս է` 11 հազար տոննա, բավարարվում է այս տարվանից, երբ սկսվեց գարու սերմացուի ներկրումը։
Մեկ այլ որոշմամբ գործադիրը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել է 200,000.0 հազար դրամ` ՀՀ ֆինանսների նախարարության «Գյուղական ֆինանսավորման կառույց-ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների 4 տոկոսային կետին համարժեք չափով սուբսիդավորման նպատակով։
Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարությունը միջոցներ է հատկացնում երեք ծրագրի համար։ Առաջինով աջակցություն է ստանում օրգանիկ պարարտանյութ արտադրող ազգային ընկերությունը, որն այս տարի պատրաստ է բավարարել դրա պահանջարկի կեսը։ Երկրորդ ծրագիրն առևտրային բանկերի միջոցով գյուղացիներին ցածր տոկոսադրույքով վարկերի տրամադրումն է։ Երրորդով մի քանի մարզի հատկացվել է 100 մլն դրամ, և այդ գումարն արդեն իսկ օգտագործվել է. պայմանագիր է ստորագրել 200 տնտեսություն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել