HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ապօրինի կառույցներից բաղկացած ամբողջական թաղամասեր` Գյումրիում

Այսօր կայացավ Գյումրիում ինքնակամ և փաստաթղթերը չպահպանած անհատական բնակելի կառույցների օրինականացման կարգի ու գործընթացի նկատմամբ «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի վերջին մեկ տարվա դիտարկման արդյունքների զեկույցի շնորհանդեսը: «Շիրակ կենտրոնը» ծրագիրն իրականացրել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի «Քաղաքացիական հասարակության հիմնադրամ-2010» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանի դիտարկմամբ` քանի որ Հայաստանում չկա հասարակության մասնակցության ավանդույթ, երբ քաղաքացիական կառույցները մասնակցում են հանրային նշանակության աշխատանքներին, իշխանությունները դա սովորաբար ընկալում են իբրև իրենց վերահսկելու փորձ և ոչ ամենևին որպես աջակցություն: Իսկ հասարակությունն էլ իր հերթին ավելին է ակնկալում, քան կարող են անել ՀԿ-ները: Ուսումնասիրություններն ու վերլուծությունները ցույց են տվել, որ բնակելի ինքնակամ կառույցների օրինականացման խնդիր ունեցող առավելագույն թվով ընտանիքներ բնակվում են Գյումրիում: Նման կառույցների փաստացի տնօրինողներից շատերը երկրաշարժի պատճառով անօթևան մնացած ընտանիքներն են, ովքեր, պետությունից չստանալով կամ չսպասելով բնակարաններ, ինքնուրույն են լուծել իրենց կացարանի խնդիրը: Գյումրիում առկա են անգամ ապօրինի կառույցներից բաղկացած ամբողջական թաղամասեր: ՀՀ կառավարության 2000 թ. N 422 որոշմամբ հաստատվել է ինքնակամ կառույցների հաշվառման կարգը, որը պետք է իրականացնեին տեղական ինքնակառավարման մարմինները: Հայաստանում մինչև հիմա ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման գործընթացը իրականացվում էր` ըստ ՀՀ կառավարության` 2006 թ. ընդունած N 912-Ն որոշմամբ սահմանված կարգի: Ըստ այդ որոշման` թեև օրինականացման հստակ ժամանակացույց հաստատված չէր, սակայն աղետի գոտու մի շարք համայքներում ավագանիներն ընդունում էին որոշումներ, որոնցով փորձում էին բնակիչներին պարտադրել, կարճատև ժամանակահատվածում հսկայական գումարներ վճարելով, օրինականացնել ինքնակամ կառույցները: Գործընթացը կանոնակարգելու և բնակչների խնդիրներն էլ թեթևացնելու նպատակով անցյալ տարվա ապրիլի 27-ին Ազգային ժողովն ընդունեց իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանած անհատական բնակելի տների կարգավիճակի մասին օրենք, որի համաձայն` մինչև 2001 թ. կառուցված բնակելի կառույցները պետք է օրինականացվեն անվճար: Գյումրիի քաղաքապետարանն առ այսօր օրինականացման 5000 դիմում է ստացել բնակիչներից, սակայն կենտրոնի ունեցած տվյալներով` առայժմ միայն 300-ն է վերջնական գրանցում ստացել: Պատճառներից մեկն էլ չափագրումների բարդացված գործընթացն ու վճարումների բարձր գներն են: Ինչպես նշեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչը, եթե քաղաքապետարանն այդքան մտահոգված է բյուջե լցնելու խնդրով, ապա թող կրճատի գումարների չափը, որը հնարավորություն կտա ավելի շատ մարդու բերել օրինական հարկային դաշտ և այդ կերպ լուծել բյուջե մուտքերի խնդիրը: Իսկ մեծ գումարները օրինականացման ճանապահին ամենաիրական խոչընդոտներն են սոցիալապես ծանր վիճակում գտնվող շատ ընտանիքների համար: Միջոցառմանը մասնակցում էին քաղաքացիական հասարակության կառույցների, տեղական և մարզային իշխանությունների, Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև Շիրակի մարզից ընտրված ՀՀ ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը և մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճարտարապետ Լ.Դավթյանը: Իսկ քաղաքապետարանի գլխավոր ճարատապետ Հենրիկ Գասպարյանը հրաժարվել էր քննարկմանը մասնակցելուց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter