HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ես համաձայն չեմ, թող սարը շուռ տան իմ վրա»

Հրազդանի բնակիչներն ընդդեմ հանքի շահագործման Հրազդան քաղաքի Բանավան թաղամասի Պիոներների 2/6 շենքի բնակիչ Ալիսան միայնակ կին է, ամուսինն ու որդին մահացել են: Նա առաջիններից մեկն էր, ով այսօր եկել էր Հրազդանի քաղաքապետարանի դիմացի այգին` իմանալու, թե ինչ է սպասվում իրենց ավանին, եթե դիմացի սարը շահագործեն որպես հանք: Կոտայք մարզպետարանի և Հրազդանի քաղաքապետարանի վարչական շենքի դիմացի սարը կդառնա երկաթի հանքավայր, եթե չինական ընկերությանը թույլ տրվի շահագործել այն: Հրազդանցիներն այդ մասին ոչինչ չգիտեն, միայն ասեկոսեների մակարդակով լսել են, որ ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ԱԺ այժմյան պատգամավոր Վարդան Այվազյանն է հանքի տերը: Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի և Տիգրան Արզաքանցյանին (բաժնետերերի ցանկում նաև Վարդան Այվազյանի հարազատներն են) պատկանող «Նագին» ընկերությունը վաճառել է իր բաժնեմասերի մի մասը չինական Fortune Oil  ընկերությանը, որը հանքավայրի տարածքն ուսումնասիրելու թույլտվություն է ստացել: Հրազդանցիները նաև լսել են, որ Բանավան թաղամասի տներն էլ հնարավոր է վերցնեն հանքի շահագործման շահերից ելնելով: «Տուն ունեմ, ծառ ունեմ, բոստան ունեմ, դրանով եմ ապրել, էթամ որտե՞ղ ապրեմ: Ես համաձայն չեմ, թող սարը շուռ տան իմ վրա: Կքանդեն, թող քանդեն, ես կմնամ այնտեղ»,- ասաց Ալիսա տատը,- էս մեր կանաչ տարածությունը լրիվ վերանում է, ջուրն աղտոտվում է, թույն է արտադրում, մենք դեն ենք ապրում, ուր էրթանք: Մենք համաձայն չենք, թող գան բլցնեն մեր վրա»: «Մենք տուն ունեք` գարաժներով, պադվալով, հողամասով, լավ սարքել ենք, ռեմոնտ արել ենք, ես փեշս հավքեմ դարբեդարբ ըլնեմ, ուր էրթամ, 80 տարեկան կնիկ, ունեմ հարս, թոռնիկներ, մանդր բալեքն առնեմ ուր էրթամ»,- ասում է Պիոներների 20  հասցի բնակիչ Ռոզա տատը: Այսօր բնապահպանները հրազդանցիներին իրազեկեցին, թե ինչ է սպասվում քաղաքին, եթե հանքը շահագործվի: Հայաստանի ամերիկյան համալսարանի բնապահպանական կենտրոնի ուսումնասիրության համաձայն` հանքավայրը Հրազդանի հենց սրտում է, ամենամոտ գտնվող բնակելի տներից հեռու է 630-650 մետր: Հրազդանի տարածաշրջանային մտավորականների կազմակերպության նախագահ Հակոբ Գաբրիելյանը հիշեցրեց, որ հանքը լինելու է Բանավան, մյուս կողմից` Վանատուր թաղամասից քիչ հեռավարության վրա, մի քիչ վերև` դեպի հարավ, գյուղատնտեսական նշանակության կարտոֆիլի դաշտերն են, որից արևելք` Հարավային թաղամասն է: «Սա այն սարն է, որի շուրջը տարիների ընթացքում ձևավորվել է Հրազդան քաղաքը: Եվ այն թյուր կարծիքը, որ հանքավայրը գտնվում է բնակավայրից դուրս, եղել է հիմնականում այն դեղամիջոցը, որի հիման վրա թույլտվություն է տրամադրվել»,- ասաց Հ. Գաբրիելյանը: Բողոքի ակցիայի կազմակերպիչները երկու կարևոր էկոլոգիական խնդրի մասին ահազանգեցին` հանքը արդյունահանվելու է բաց, որը թունավոր փոշի է առաջացնելու, իսկ հանքավայրի շուրջը դպրոցներ ու մանկապարտեզներ կան: «Մենք պայքարելու ենք մեր և մեր երեխաների առողջության համար, մեր երեխաների առողջության դիմաց որևէ գործարար այստեղ դոլարներ չի վերցնելու»,- ահազանգեցին կազմակերպիչները: Վտանգվում են նաև Հրազդանը մատակարարող ջրի աղբյուրները: Սարի ստորոտում խմելու աղբյուրները հավաքվում են ջրահավաք ավազանում և մատակարարում Հրազդանից մինչև Եղվարդ ընկած բնակավայրերին: Եթե հանքավայրը շահագործվի, մոտ 150 հազար մարդ խմելու է վարակված ջրից: Կարինե Դանիելյանը նշեց, որ հանքավայրի շահագործումից կավելանա թե' օդի, թե' Հրազդան գետի աղտոտվածությունը ծանր մետաղներով, ինչը շատ վտանգավոր է ոչ միայն Հրազդան քաղաքի, այլ նաև Արարտյան դաշտի  և այնտեղ աճող սննդամթերքի համար: Կարինե Դանիելյանը գնահատեց հրազդանցիների ակտիվությունը, սակայն զարմացել էր որ բնակիչների կողքին չեն ո'չ քաղաքապետը, ո'չ մարզպետը, ո'չ այլ պաշտոնյաներ: «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանի կարծիքով, սարի տակից հոսող աղբյուրները, որոնք սնուցում են մի շարք գյուղեր, միջազգային առումով համարվում են կենսաբանական ջրագոյացման օբյեկտ: Այդ օբյեկտի մոտ պայթեցումներ կամ հանքահանման այլ գործողություններ կատարելը հատուկ թույլտվություն ու  մոտեցում է պահանջում: «Այս ծրագիրը բացարձակապես հակասում է Հայոց պետությանը և հայ ժողովրդի շահերին»,- նշեց Հակոբ Սանասարյանը և հավելեց, որ ծրագիրը պետք է անմիջապես կասեցնել: «Թռչնասերների ակումբի» նախագահ Սիլվա Ադամյանը կոչ արեց հրազդանցիներին միասնական լինել և թույլ չտալ հանքի շահագործումը: Իսկ Կոտայքի մարզի Շահերի պաշտպանության աջակցության կենտրոնի ղեկավար Տիգրան Գրիգորյանն ասաց, որ որպես իրավապաշտպան կազմակերպություն հրազդանցիների կողքին կլինեն և կպաշտպանեն խնդրի իրավական կողմը, և իրենց պայքարը լինելու է իրավական դաշտում: «Անտառները գալիք սերունդներին» կազմակերպության նախագահ Մովսես Մանուկյանը հրազդանցիներից թույլտվություն խնդրեց` նրանց անունից հանրապետության ղեկավարությանը նամակներ, ուղերձներ գրելու համար: «Ես իրավաբան չեմ, բայց մի հասարակ բան գիտեմ. պետք է հասարակական լսումներ լինեն, պետք է հասարակությունը մտորի` իրեն պե՞տք է այս հողն ու ջուրը, թե՞ իրեն պետք է մի կարճ ժամանակով` 10-20 տարի աշխատատեղ, հետո ապականված հող ու ջուր: Չի եղել այդ լսումները: Սա արդեն լուրջ կռվան է, որ մենք դիմենք իշխանություններին»,- ասաց Մովսես Մանուկյանը: Նա հավատացրեց, որ եթե դա էլ չօգնի, կդիմեն դատարան` պաշտպանելու իրենց իրավունքների: Իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Գրիգորյանը թերահավատորեն է վերաբերում այն տեսակետին, թե հանքավայրում տեղացի բնակիչներն են աշխատում, հնարավոր է, որ այնտեղ հենց օտարերկրացիները աշխատեն: Հ. Գ. Կազմակերպիչներն այդպես էլ չկարողացան բարձրախոսները միացնել, որովհետև հոսանք չկար: Բնակիչների տվյալներով, քաղաքապետն էր հրահանգել անջատել այն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter