Ավարտվեց նախագահի 2010թ. երիտասարդական մրցանակների մրցապայքարը
Մարտի 10-31-ը «Հայաստան» համահայկական հիմնադրամն անցկացրեց մրցույթների ու միջոցառումների շարք` տաղանդաշատ ու շնորհալի երիտասարդներին հանրապետության նախագահի 2010թ. երիտասարդական մրցանակներ շնորհելու նպատակով: Մրցույթների ու միջոցառումների շարքը եզրափակվեց այսօր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կայացած դասական երաժշտության համերգ-լսումով, որին հանդես եկավ «Գործիքային կատարում» անվանակարգի թեկնածուների ընտրանին:
«Երգեցողություն», «Գործիքային կատարում», «Գրականություն», «Կերպարվեստ և կինո» անվանակարգերում մրցանակի հավակնորդ 116 երիտասարդ ստեղծագործողից եզրափակիչ փուլ է անցել 42-ը, որոնցից ժյուրին կընտրի լավագույններին և կներկայացնի նախագահ Սերժ Սարգսյանի հաստատմանը:
Յուրաքանչյուր տարի հաղթողների անունները հայտարարվում են հանրապետության նախագահի մրցանակների շնորհման հանդիսության օրը, որն այս տարի տեղի կունենա մայիսի 30-ին: Որպես մրցանակ` շնորհվում են մեդալ` հավաստագրով, վկայագիր և դրամական պարգև` 2500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով: Նախագահը շնորհավորում է հաղթողներին և անձամբ հանձնում մրցանակները:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական, ՀՀ նախագահի մրցանակի համակարգող Աիդա Խաչիկյանի խոսքերով` մրցանակի համար դիմողների թիվը տարեցտարի մեծանում է:
Իր «Ես եմ իրականությունը» գեղանկարների հավաքածուով եզրափակիչ փուլ անցած Վոլոդյա Հակոբյանն ասաց, որ մրցույթի բոլոր փուլերն էլ դժվար էին, բայց միաժամանակ օգտակար և ուսուցողական: «Արդեն 3-րդ անգամ եմ մասնակցում մրցույթին և ինչպես միշտ, վրձինս վայր չեմ դնում ու պայքարում հաղթանակի համար»,- հավելեց երիտասարդ գեղանկարիչը:
Հայաստանի նկարիչների միության նախագահ, «Կերպարվեստ և կինո» անվանակարգում ժյուրիի անդամ Կարեն Աղամյանի գնահատմամբ` եզրափակիչ փուլ անցած մասնակիցներն արդեն իսկ հաղթող են, քանի որ նրանք բոլորն էլ արժանի են մրցանակի, և լավագույնների միջից լավագույնին ընտրելը դժվարացնում է ժյուրի աշխատանքը:
Ըստ «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի հաղորդագրության` նախագահի մրցանակը ֆինանսավորում է «Պողոսյան» հիմնադրամը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել