
Բանից պարզվում է՝ մոտ 50 հազար անապահով ընտանիք ապրիլի 1-ից հնարավորություն կունենան տարվա ընթացքում 300 խմ գազ օգտագործել՝ խմ-ի համար վճարելով ոչ թե 132, այլ 100 դրամ:
«ՉԻ» - Իշխանական քարոզչությունը սա ներկայացնում է որպես մի չտեսնված-չլսված բարեգործություն: Հանաք բան չի. անապահով ընտանիքների մի մասն ամսական 800 դրամ կխնայի: «ՀայՌուսգազարդի» ղեկավարներին կարելի է սրբերի կարգը դասել: Նրանք սահմանի վրա գազը գնում են 180 դոլարով եւ որպես բացառիկ մեծահոգություն՝ անապահովների վրա վաճառում ընդամենը 270 դոլարով:
Չնայած՝ «ՀայՌուսգազարդն» այս աննախադեպ «բարեգործության» հետ կապ չունի. նրանք իրենց փողը ստանալու են: Տարբերությունը վճարելու է պետությունը՝ Երեւանի ՋԵԿ-ի վերակառուցման վարկի չծախսված գումարներից: Իսկ ո՞վ է վճարելու այդ վարկը: Ճիշտ է՝ շարքային հարկատուները, այսինքն՝ մենք: Ի դեպ, նաեւ մեր սերունդները:
Այնպես որ, սա ոչ թե «բարեգործություն» է, այլ սովորական ֆինանսական մախինացիա: Մնացածը քարոզչություն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել