HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառնաղբյուրի համայնքապետը հեշտացրել է համագյուղացիների հուղարկավորությունը

Շիրակի մարզպետարանի ստորաբաժանումների կողմից Սառնաղբյուրում ֆինանսական եւ վարչական վերահսկողություն իրականացվել է 2011 թ. մարտի սկզբներին:

Ուսումնասիրվել են Սառնաղբյուրի  համայնքապետարանի 2008-2011 թթ. գործունեությունն ու իրականացրած ծրագրերը: Հենց այդ ժամանակ էլ Սեւակ Մադաթյանին առաջարկվել է լրամշակել, հարստացնել համայնքի քառամյա ռազմավարական ծրագիրը` դուրս թողնելով նախորդ համայնքապետի պաշտոնավարման ընթացքում կատարվածը:

«Ստուգումները մեզ մոտ արվել են էն ժամանակ, երբ ես ընդամենը 6 ամսվա համայնքապետ էի,- ասում է Սառնաղբյուր  համայնքի ղեկավար Սեւակ Մադաթյանը,- մենք շարունակում էինք Կամո Նահապետյանի ժամանակ կազմած ծրագրով առաջնորդվել, որովհետեւ ընթացքի մեջ գտնվող գործեր կային, որոնք պիտի ավարտեինք: Արձանագրված որոշ բացթողումները, հիմնականում, վերաբերել են 2008-2009 թթ., բայց մենք  ընդունել ենք ի գիտություն, որ ապագայում հանկարծ չկրկնվեն»:

Սառնաղբյուր համայնքի 2011-2014 թթ. զարգացման ռազմավարական ծրագիրն արդեն պատրաստ է: 2011 թ. նախատեսված  գրեթե բոլոր ծրագրերն ավարտական փուլում են` համայնքային միջոցներով լուսավորության ցանցի անցկացում, համայնքապետարանի շենքի վերանորոգում, դաշտամիջյան ճանապարհների հիմնանորոգում, գյուղում կանգառների տեղադրում եւ այլն: «Առաջին եռամսյակում 2011 թ.  պլանը կատարվել է 336%-ով, մարզի ամենաբարձր ցուցանիշն է, փաստորեն մենք 3 եռամսյակի պլանը կատարել ենք մեկ եռամսյակում»,- հպարտանում է Սառնաղբյուրի երիտասարդ ղեկավարը: 

3600 բնակիչ ունեցող համայնքի սեփական եկամուտը մոտ 10 մլն դրամ է, 40 մլն դրամ դոտացիա էլ հատկացնում է պետությունը: Բյուջեից տարեկան 4 մլն դրամ հատկացվում է սոցիալապես անապահով ընտանիքներին, միայնակ ծերերին: Մարզի միակ գյուղն է, որտեղ ծնելիության աճ է գրանցվել 2010-ին` 82 ծնունդ: «Բայց դե մահ էլ է շատ գրանցվում, տարեկան 40-50 մահ, դրա համար էլ այս տարի որոշեցինք ավագանու նիստում քննարկել թաղման ծիսակատարությունների ժամանակ մեր բնակիչների համար համապատասխան մեքենա ձեռք բերելու հարցը»,- տեղեկացնում է համայնքապետը:

«Օպել-օմեգա» մակնիշի մեքենան ձեռք է բերվել 1 մլն 400 հազար դրամով` սեփական եկամուտների հաշվին: Գյուղացիները ուրախ էին դրա համար, քանի որ գոնե այդ առումով իրենց ծախսերը 8-10 անգամ կրճատվել են: Քանի որ դիահերձման համար հարկ է լինում հանգուցյալին տեղափոխել Գյումրի, իսկ շտապբուժօգնության մեքենայի ծառայություններից օգտվելը 25 հազար դրամ արժի, եւս 15 հազար դրամ էլ` հանգուցյալին գերեզմանատուն հասցնելու համար, իսկ այդպիսի ծախսեր ոչ բոլոր ընտանիքները կարող են կատարել: «Հիմա միայն 5 հազար դրամով` գազը լցնելու գումարով, էդ հարցը լուծվում է, բացի դրանից` մենք ավագանու որոշումով 40 հազար դրամ ենք տրամադրում ամեն մահացածի ընտանիքին, որպես օգնություն»,- պարզաբանում է Սեւակ Մադաթյանը:

Ավագանիներից Գուրգեն Ներսիսյանն էլ հավելում է, թե ամռան ամիսներին, երբ գյուղում հիմնականում կանայք են մնում, հատկապես ծայրամասերում ապրողները մոլորվում են, որովհետեւ դժվար է գյուղերում ընդունված կարգի համաձայն` հանգուցյալին ձեռքերի վրա 4 կմ ճանապարհ կտրել գերեզմանատուն հասցնելու համար: «Դե հետո էլ, մարդիկ բազմաթիվ խնդիրներից ազատվել են: Նախ` այլեւս դժբախտության պահերին դես ու դեն չեն ընկնում մեքենա ճարելու համար, ծախսն էլ 8 անգամ կրճատվել է: Հիմա 5 հազար դրամ են տալիս, ու ամեն ինչ քաղաքակիրթ ձեւով կազմակերպվում է»,- ասում է Գուրգեն Ներսիսյանը:

Նոր համայնքապետի նախաձեռնությամբ այս տարի հիմնովին նորացվել է մանկապարտեզի գույքը` սկսած անկողնային պարագաներից, վերջացրած դեռեւս խորհրդային տարիների սպասքով: Նորացումը համայնքային բյուջեին արժեցել է 800 հազար դրամ: Սառնաղբյուրի համայնքապետարանը տարեկան 8 մլն դրամ է հատկացնում մանկապարտեզին` գյուղի 75 երեխաների նախակրթությունն ու դաստիարակությունն իրականացնելու համար:

«Բայց ամենից շատ մեր բնակիչներն ուրախացել էին, երբ էս տարի մեր ուժերով դեպի խոտհարքներ տանող 3 ճանապարհ բացեցինք: Թե չէ նախկինում խոտն ու ծղոտը գյուղացիք Լանջիկ գյուղի ճանապարհով էին բերում, որ համ երկար էր, համ` ծախսատար»,- ասում է համայնքապետը: Այս տարվա ապրիլին համայնքային բյուջեի միջոցներով 3 կանգառ են տեղադրել, որը համայնքի զարգացման քառամյա ռազմավարական ծրագրով էր նախատեսված: Գյուղը դեռեւս գազաֆիկացված չէ: IFAD-ի ծրագրով նախատեսված համայնքային ներդրման պահանջ կա, եւ անցած տարի 15 մլն դրամ հանայնքապետարանն արդեն փոխանցել է, 5 մլն դրամի խողովակներ էլ 3 կմ-անոց հատվածի համար այս տարի են ձեռք բերել: Աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն հաջորդ տարի:

Սեփական եկամուտների հաշվին անցյալ տարի գյուղում 4 մլն 500 հազար դրամի սահմաններում լուսավորության ցանցի բարելավման աշխատանքներ են իրականացրել` տեղադրելով 42 կետ: 2011թ. 6 մլն 700 հազար դրամ են նախատեսել 65 կետի տեղադրման համար: Սառնաղբյուրում ամենակարեւոր ծրագիրը խմելու ջրի ներքին ցանցի նորացումն է, որը համայնքի բյուջեով հնարավոր չէ իրականացնել: Սառնաղբյուրում Համաշխարհային բանկի միջոցներով «Արոտավայրերի ջրարբիացման» ծրագիր է իրականացվելու, որին համայնքը պատրաստ է սեփական ներդրումով մասնակցել: Շուտով կավարտվեն գյուղի մշակույթի տան նորոգման աշխատանքները, որի համար 25 մլն դրամ է հատկացրել Կառավարությունը:

Սառնաղբյուրի 11 հոգանոց ավագանին իր աշխատասենյակն ունի, որտեղ, նրանց ասելով, ամեն ամսվա վերջին շաբաթ օրը հավաքվում են` քննարկելու կուտակված հարցերի առաջնահերթությունը առաջիկա նիստի համար: Ավագանու անդամներ Գուրգեն Ներսիսյանի եւ Գագիկ Սարոյանի համոզմամբ` վերջին տարիներին գոնե իրենց գյուղում ավագանու ինստիտուտը կայացել է: «Մեր ավագանիների մեջ ֆերմեր էլ կա, զինկոմի աշխատող էլ ունենք, գործարար էլ ունենք: Մարդիկ են, ովքեր լավատեղյակ են եւ գյուղի խնդիրներին, եւ սրտացավ են ու մեկ թիմի նման ենք աշխատում: Տարաձայնություններ, սովորաբար, չեն լինում»,- ասացին նրանք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter