HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Կորակվե՞ն արդյոք քննիչի եւ դատախազի գործողությունները

Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանի կարծիքով՝ հարցը պետք է ուղղել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին Մեղադրող կողմի «թերացման» պատճառով դպրոցի տնօրենը, ում քրեական մեղադրանք էր առաջադրվել, խույս տվեց օրենքով սահմանված պատասխանատվությունից: Մեղադրող դատախազը դատարանում հրաժարվեց իր իսկ ներկայացրած մեղադրանքից՝ հայտարարելով, թե «մեղադրող կողմը քրեական հետապնդումը բացառող հանգամանք է հայտնաբերել»: Մինչդեռ նման «հանգամանք» մեղադրող կողմը եւ նույնիսկ դատավարական մարմինը պետք է որ մինչեւ դատավարությունը «հայտնաբերած լինեին»: Հիշեցնենք՝ Վանաձորի թիվ 8 դպրոցի տնօրեն Կարինե Ստեփանյանը համառորեն հրաժարվում էր կատարել 2006 թ. օրինական ուժի մեջ մտած եւ այնուհետեւ երեք դատական ատյաններով մի քանի անգամ ամրագրված դատավճիռը՝ իր հրամանով ազատված ուսուցչուհուն վերականգնել նախկին աշխատանքում: Հարուցված ԴԱՀԿ կատարողական վարույթից հետո էլ տնօրենը շարունակում էր չկատարել օրենքի պահանջը: Վերջապես նախկին ուսուցչուհու հերթական հայցով 2009-ին դատարանը կայացրել էր վճիռ, ըստ որի՝ դպրոցի տնօրենը դիտավորությամբ խուսափել է կատարել հարկադիր կատարողի որոշումը: Այս հիմքով տնօրենի դեմ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 353 հոդվածով՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռը դիտավորությամբ չկատարելու համար: Բայց շուտով քրեական գործը կարճվել էր այն հարուցած նույն՝ Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Հ. Փարսադանյանի կողմից՝ տնօրենի արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Քննիչի այս որոշման դեմ նախկին ուսուցչուհին բողոք էր ներկայացրել դատարան: 2010թ. սեպտեմբերի 29-ին դատարանը բավարարել էր այն եւ պարտավորեցրել վարույթն իրականացնող մարմնին վերացնել քննիչի նշված՝ քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը: Դպրոցի տնօրենն էլ այս վճիռն էր բողոքարկել վերաքննիչ դատարանում: Վերաքննիչ դատարանը 2010թ. նոյեմբերի 5-ին մերժել էր տնօրենի բողոքը՝ առաջին ատյանի դատարանի վճիռը թողնելով անփոփոխ: Տնօրենը վճռաբեկ բողոք էր ներկայացրել: Չսպասելով Վճռաբեկ դատարանի որոշմանը (այն ստացվել էր 2010թ. դեկտեմբերի 17-ին, որով տնօրենի բողոքը հետ էր վերադարձվել)` քննիչ Հ. Փարսադանյանը նախօրոք՝ 2010թ. հոկտեմբերի 15-ին, արդեն որոշում էր կայացրել «քրեական գործի վարույթը վերսկսելու եւ նախաքննությունը շարունակելու մասին»: Այն դեպքում, երբ ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 264 հոդվածի՝ քրեական գործի վարույթը վերսկսվում է նույն գործով վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը վերացնելուց հետո: Ի՞նչ վարույթ էր «վերսկսում» քննիչը՝ նույն քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը չվերացրած: Ընդ որում՝ «վարույթը վերսկսելու» համար նա հիմք էր ընդունել դատարանի՝ վերը նշված վճիռը, որով իրեն պարտավորեցվել էր վերացնել քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը: Այսինքն՝ իր որոշման հիմքում քննիչը դրել էր իր կողմից փաստացի չկատարված դատարանի վճիռը: Այդ չվերացված որոշման առկայությամբ էլ քննիչ Հ. Փարսադանյանը եւ մեղադրող դատախազ Ս. Փիլոյանը գործն ուղարկել էին դատարան: Մի՞թե քննիչն ու դատախազը չգիտեին, որ չի կարող հարուցվել քրեական գործ եւ իրականացվել քրեական հետապնդում, իսկ հարուցված քրեական գործի վարույթն էլ ենթակա է կարճման, եթե անձի նկատմամբ առկա է նույն մեղադրանքով քրեական գործը կարճելու մասին չվերացված որոշում: Հենց այս պատճառաբանությամբ էլ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը վճիռ կայացրեց դպրոցի տնօրեն Կարինե Ստեփանյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդում չիրականացնելու մասին: Դատավարության այսկերպ տապալումը մեղադրող դատախազ Ս. Փիլոյանը համարում է ընդամենը «մեղադրող կողմի թերացման արդյունք»: Իսկ նրա բնորոշած «թերացումը» այլ բան չէ, եթե ոչ՝ օրենքի ներկայացուցչի կողմից օրենքի խախտում: Նախ՝ քննիչը չի կատարել դատարանի վճիռը եւ չի վերացրել քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը: Ապա չվերացված որոշման առկայությամբ կայացրել է որոշում «վարույթը վերսկսելու» մասին: Իսկ «նախաքննությունն» ավարտելով՝ նման «որոշումներով» կազմված մեղադրական եզրակացությունը ուղարկել է դատախազին: Դատախազ Ս. Փիլոյանն էլ, գործում չհայտնաբերելով «քրեական հետապնդումը բացառող որեւէ հանգամանք», մեղադրական եզրակացությունը հաստատելով՝ գործն ուղարկել է դատարան, որպեսզի հետո դատարանո՞ւմ հայտարարեր «քրեական հետապնդումը բացառող հանգամանքի» մասին եւ հրաժարվեր մեղադրանքից: Գործում առկա չվերացված որոշման մասին, բնականաբար, տեղյակ են եղել նաեւ մեղադրյալն ու նրա պաշտպանը (օրենքով՝ մեղադրական եզրակացությունը կազմելուց առաջ քննիչը մեղադրյալին ու նրա պաշտպանին պարտադիր ծանոթացնում է գործի նյութերին, այդ թվում՝ քննչական գործողությունների արձանագրություններին, դրանց կից հավելվածներին): Դա հաստատում է նաեւ դատախազ Ս. Փիլոյանը. «Պաշտպանական կողմը միտումնավոր չի հայտնել իր բողոքը (չվերացված որոշման կապակցությամբ՝ հեղ.)՝ նպատակ ունենալով մեղադրանքը հասցնել դատարան»: Հավանաբար, քննիչի չվերացրած որոշման մասին մինչեւ դատավարությունը տեղյակ է եղել նաեւ գործը դատական վարույթ ընդունած դատավորը (առաջին ատյանի դատավոր՝ Ն. Հովակիմյան): Օրենքով՝ քրեական գործն իր վարույթ ընդունած դատավորը հետազոտում է գործում եղած նյութերը, եւ գործն իր վարույթ ընդունելու պահից 15 օրվա ընթացքում կայացնում է որոշում՝ դատաքննություն նշանակելու, քրեական գործի վարույթը կարճելու, քրեական գործը մեղադրողին վերադարձնելու եւ այլն: Իսկ դատարանը գործն ընդունել է վարույթ եւ նշանակել է դատաքննություն այն դեպքում, երբ գործի նյութերում եղել է դատաքննությունը բացառող հանգամանք: Նման «հանգամանքի» (չվերացված որոշման) առկայությամբ դատական վարույթ ընդունված գործի քննությունը շարունակ հետաձգվում էր: Չկայացած նիստերից մեկում վերջապես պաշտպանը հանդես եկավ քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությամբ: Մեղադրող դատախազը ժամանակ խնդրեց «գործին ծանոթանալու համար» եւ հաջորդ դատական նիստին հրաժարվեց իր ներկայացրած մեղադրանքից: Դատարանն էլ «առաջնորդվեց» օրենքով: Արդյունքում՝ տնօրենը դարձյալ խուսափեց պատասխանատվությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter