HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նկատառումները

ՀՌԱՀ նախագահ Գ.Ամալյանի եւ նրա տեղակալ Ժ.Դադասյանի պատասխանների կապակցությամբ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ՀՌԱՀ նախագահ Գ.Ամալյանը 2011 թվի փետրվարի 11-ին պատասխանել էր Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահի այն նամակներին, որոնցում ներկայացվել էին Հ1 հեռուստաընկերության 2010 թվի դեկտեմբերի 31-ի եւ 2011 թվի հունվարի 1-ի հաղորդումների դիտարկման ընթացքում նկատված գովազդային օրենսդրության խախտումները: Ավելի ուշ` փետրվարի 28-ին ՀՌԱՀ նախագահի տեղակալ Ժ.Դադասյանը եւս մեկ նամակով պատասխանել է ԺԱԱ խորհրդի նախագահի այն դիմումներին, որոնցում հանձնաժողովին էին ներկայացվել Հ1 հեռուստաընկերության 2011 թվի հունվարի 14-ի, 15-ի, 16-ի եթերում նկատված գովազդային օրենսդրության խախտումները: Այդ պատասխանում ասվում է, թե այդ դիմումները նույնաբովանդակ են նախորդներին եւ դրանց պատասխանը տրվել է ՀՌԱՀ նախագահի 2011 թվի փետրվարի 11-ի նույն գրությամբ: Վերլուծելով հիշյալ պատասխան գրություն, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը նկատում է հետեւյալը. 1.    ՀՌԱՀ-ը ամբողջությամբ ապավինել է գովազդային օրենսդրությունը խախտած չլինելու մասին ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի` ՀՌԱՀ նախագահին հղած պատասխանին, համարելով այն հիմնավոր եւ նպատակահարմար չի համարել ինքնուրույն ուսումնասիրություններ կատարել դիտարկված խախտումների բացահայտման ուղղությամբ: ՀՀՌԸ խորհրդի նախագահ Ա.Հարությունյանը իր բացատրություններում չի անդրադարձել նկատված բոլոր խնդիրներին, իսկ այդ հանգամանքը չնկատելու է տվել ՀՌԱՀ նախագահը: 2.    ՀՀՌԸ-ն եւ ՀՌԱՀ-ը հանրային հեռարձակողի համար օրենքով սահմանված գովազդի առավելագույն ծավալի «ընդհանուր եթերաժամանակի 7 տոկոսը» մեկնաբանել են ոչ թե կոնկրետ Հ1 ալիքի մասով, այլ «Հ1» եւ «Արարատ» հեռուստաալիքների մասով` մեկտեղ: Հարց է ծագում, թե ինչո՞ւ միայն այդ երկու հեռուստաալիքների մասով, որովհետեւ այս տրամաբանությամբ, Հանրային ռադիոյի, Հանրային հեռուստառադիոընկերության կազմի մեջ եղող «Շիրակ» հանրային հեռուստառադիոընկերության հեռուստատեսային եւ ռադիո եթերաժամանակները, ինչպես նաեւ Հ1-ի արբանյակային հեռարձակման եթերաժամանակները նույնպես պիտի հանրագումարվեին ու հիշյալ 7 տոկոսի հաշվարկը պիտի արվեր այդ հաշվից, ինչն ակնհայտ անհեթեթություն է: Բացառված չէ, որ պատասխանի հեղինակների կարծիքով այդօրինակ ընդհանրացումը միայն երկու հեռուստաալիքների եթերաժամանակից անհեթեթություն չէ: Ճշմարիտ է, որ օրենքում չի ասվում (ՀՀ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենք, 26հ., 6-1), թե այդ 7 տոկոսը վերաբերվում է մեկ ալիքի, բայց նաեւ չի ասվում` հեռուստատեսային, կամ` ռադիո, ուրեմն այս տրամաբանությամբ ՀՌԱՀ-ը կարող է գովազդային 7 տոկոսը հանրային հեռարձակողի համար հաշվարկել բոլոր վերը նշված հանրային հեռարձակող ԶԼՄ-ների եթերաժամանակի հանրագումարի՞ց: Այդ դեպքում գովազդի ծավալը Հ1-ի հաղորդումներում գուցե կիջնի մինչեւ 2 տոկոս, եւ այդ «սկզբունքը» կարելի կլինի տարածել բոլոր հանրային հեռարձակողների վրա ծրագրերի վրա` առանձին-առանձին: Այնինչ, օրենքի անալոգիայի տեսանկյունից, ակնհայտ է, որ 7 տոկոսը պիտի վերաբերվի կոնկրետ ալիքին եւ դրա յուրաքանչյուր ժամին: Հակառակ դեպքում օրենքով գովազդային ծավալների սահմանափակման տրամաբանությունը չի գործում, իսկ կարիքը` վերանում է: 3.    Պատասխանում ասվում է, թե Հ1-ի եթերը շուրջօրյա է: ՀՌԱՀ նախագահը, այսպիսով լուրջ մտահոգություն է հարուցում իր տեղյակության իմաստով. ՀՌԱՀ-ում երեւի մինչեւ հիմա տեղյակ չեն, որ Հ1-ը Հայաստանի մարզերում եւ մասնավորաբար Շիրակի մարզում շուրջօրյա հեռարձակվում է միայն հունվարի 1-2-ին, իսկ մնացած օրերին գիշերն ընդմիջվում է 5-6 ժամով: Մենք դիտարկել ենք այն ամենը, ինչ հեռարձակվել է Շիրակի մարզում, ուսումնասիրությունը կատարել ենք ամբողջ տեսագրված նյութից, միաժամանակ Գ.Ամալյանին հղված բոլոր դիմումների հետ ուղարկված վերծանությունների աղյուսակներում նշված է տեսագրման վայրը` Գյումրի քաղաք: Դիտարկումը եւ վերծանումն իրականացնելիս հաղորդումների բացակայություն խորհրդանշող ազդանշանը` «խշշոցը» անհնարին ենք համարել դիտարկել որպես ոչ գովազդային հաղորդում, կամ, որպես այդպիսին մեկնաբանվելու դեպքում լիակատար իրավունք կունենայինք նաեւ դիտարկել որպես գովազդային հաղորդում: Չենք արել թե´ մեկը, թե´ մյուսը, եւ դիտարկել ենք այն բոլոր հաղորդումները, որոնք առողջ բանականությունը կարող է գնահատել որպես այդպիսիք եւ, հեռարձակվել են ՀՀ տարածքի այս մասում: Այս պատասխանով բացահայտվում է, որ Հ1 հեռուստաալիքը Հայաստանի բնակիչների մի մասի համար հեռարձակվում է շուրջօրյա, մյուս մասի համար` 17-18 ժամ/օրական: Այնինչ ՀՀ գործող օրենսդրությունը նման խտրականություն չի նախատեսում: ՀՌԱՀ-ը պարտավոր է բացատրություն գտնել ՀՀ Սահմանադրության այսօրինակ խախտման համար, գուցե արժե, որ այդ պատասխանը գտնեն ՀՀՌԸ Խորհրդի հետ միասին: 4.    Մեկ ժամում գովազդի ծավալի մեր հաշվարկը ՀՀՌԸ-ն եւ ՀՌԱՀ-ը անընդունելի են համարել, նշելով. «…«Ասպարեզ» ակումբն իր դիտարկումները կատարել է ամբողջական ժամային հաշվարկով, սակայն «Գովազդի մասին» ՀՀ օրենքը եթերային ժամի հաշվարկման սկզբի եւ ավարտի պահեր չի նախատեսում: Ուստի մեկ ժամվա հաղորդումների ընթացքում տեղադրված գովազդի հաշվարկները եւս ամբողջական չեն կարող լինել:» Իսկապես մեկ ժամում ՀՀ «Գովազդի մասին» օրենքով (9h-2) սահմանված առավելագույն 10 րոպեի սահմանման խախտումները բացահայտելու համար մենք եթերային ժամանակի սկզբի եւ ավարտի պայմանական սկիզբ ենք ընդունել այսպես կոչված «կլոր ժամերի» սկիզբը եւ վերջը, առաջնորդվելով հաշվարկային ժամային միավորով: Տեսականորեն` րոպեն ընդունելով ցանկացած վերլուծական ժամի սկիզբ, կարելի է մեկ ամողջական ժամում գովազդի ծավալի հաշվարկի 60 տարբերակ ունենալ, վայրկյանի դեպքում` 3600 տարբերակ: ՀՌԱՀ նախագահին հղված ԺԱԱ խորհդի նախագահի դիմումներում նշված մեկ ժամում գովազդի ծավալի` օրենքով սահմանված առավելագույն չափի խախտումների մասին բողոքն ուսումնասիրելիս, ՀՌԱՀ-ն ազատ էր ժամասկիզբ համարել հաղորդումների ցանկացած ժամը, րոպեն կամ վայրկյանը, անգամ վայրկյանի ցանկացած մասը եւ 1-2 օրվա հետազոտությունից հետո կտեսներ, որ մի շարք ժամային միջակայքերում, հատկապես երեկոյան` շատ դիտվող եթերաժամանակի հատվածներում (փրայմ թայմ) օրենքով սահմանված` ժամից առավելագույն 10 րոպե գովազգային ծավալը Հ1 ՀԸ-ն գերազանցել է ցանկացած դեպքում, եթե անգամ ժամասկիզբ համարեր հաջորդական բոլոր 3600 վայրկաններից յուրաքանչյուրը եւ հաշվարկեր ըստ այդմ: Այս չարչարանքներին չենթարկվելու համար ՀՌԱՀ կարող էր եւ դեռ կարող է ինքն իր ու բոլոր հեռարձակողների համար եթերաժամանակի պայմանական ժամասկիզբ սահմանել որեւէ ժամ եւ հաշվարկները կատարել այդպիսով: Այդպես սահմանված ժամասկզբով գովազդի ծավալի հաշվարկի դեպքում, վստահ ենք, մեր դիտարկած եւ խնդրո առարկա բոլոր օրերի համար ՀՌԱՀ-ը հեշտությամբ կհայտնաբերի ՀՀ «Գովազդի մասին» օրենքով սահմանված չափի բազմաթիվ գերազանցումներ: Զարմանալի է, որ անցած 4 տարիների ընթացքում ՀՌԱՀ-ը, լինելով հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտում գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող ՀՀ պետական կառավարման լիազորված մարմին, երբեւէ պայմանական ժամասկիզբ սահմանելու կարիքը չի ունեցել: Հաշվի առնելով, որ ՀՌԱՀ-ը իր պատասխանով համաձայնել է ժամասկզբի սահմանված չինելու հանգամանքով արդարացված լինելու մասին ՀՀՌԸ դիտարկմանը եւ, իսկապես, երբեւէ հաշվարկային ժամասկիզբ չի ունեցել ու չի սահմանել, անկախ այն հանգամանքից, որեւէ հեռարձակող անցած 4 տարիներին գերազանցել է մեկ ժամում 10 րոպե գովազդ հեռարձակելու առավելագույն չափը, թե ոչ, ՀՌԱՀ-ը թերացել է իր վերահսկողական պարտականություննում: 5.    ՀՀՌԸ-ն ու ՀՌԱԸ-ը իրենց պատասխանում չեն անդրադարձել նույն հաղորդումը 20 րոպեից ավելի շուտ գովազդով ընդմիջած լինելու բազմաթիվ փաստերին, ինչը ՀՀ «Գովազդի մասին» օրենքը արգելում է: Այստեղ, ըստ երեւույթին արդարացման հնարք չեն ունեցել: 6.    ՀՌԱՀ-ը, պարտավոր լինելով ՀՀ գործող օրենսդրության շրջանակներում վերահսկել հեռուստատեսային գովազդային քաղաքականությունը, այս խնդրո առարկայի դեպքում ընդունել է կրավորական կեցվածք եւ ջանքեր չի ներդրել էստ էության խնդիրն ուսումնասիրելու, անհրաժեշտության դեպքում կարգավորման ենթաօրենսդրական ակտերի ստեղծման ուղղությամբ: 7.    Այս ամենը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբին հանգեցրել է այն եզրակացությանը, որ հարկավոր է շարունակել Հ1-ի բոլոր հաղորդումների տեսագրումները, վերծանումները ամենայն մանրամասնությամբ: «Ասպարեզի» կայքում բացվելու է հատուկ բաժին, ուր տեղադրվելու են Հ1-ի հաղորդումների բոլոր վերծանումները: Դրանք կարող են հետաքրքրել ամենքին` լրագրողներին, հասարակական կազմակերպություններին, հենց Հ1-ի բոլոր գովազդատուներին, եւ, ենթադրաբար, պիտի հետաքրքրեն ՀՌԱՀ-ին այնքան ժամանակ, քանի դեռ չեն կարգավորել ՀՀ գովազդային օրենսդրություն պահանջների կատարումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter