Տեղի է ունեցել Շվեյցարիայի նախագահի հրաժեշտի արարողությունը
Մինչ հրաժեշտի պաշտոնական արարողությունը տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ երկու երկրների ղեկավարներն ամփոփել են այցի արդյունքները: Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ տիկին Միշելին Կալմի-Ռեյի այցից հետո Հայաստանի և Շվեյցարիայի միջև հարաբերություններն ավելի կամրապնդվեն:
Հանրապետության ղեկավարի խոսքով՝ մեր երկիր Շվեյցարիայի Համադաշնության նախագահի առաջին պաշտոնական այցը, որի ընթացքում քննարկվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, խթան կհանդիսանա հայ-շվեյցարական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը և երկկողմ, և բազմակողմ ձևաչափերում:
Շվեյցարիայի նախագահը ևս գոհունակությամբ է խոսել այցի արդյունքների մասին` շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար:
«Այս այցելությունը ցույց է տալիս, որ մեր երկու երկրներն էլ կամք ունեն երկկողմ հարաբերությունները զարգացնելու: Դուք գիտեք, որ Շվեյցարիան հավատարիմ գործընկեր և բարեկամ երկիր է»,- հրաժեշտից առաջ, նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ, ասել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել