HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանը պայքարում է պարենային ճգնաժամի դեմ

Ներկրվող սննդամթերքի գների աճի պատճառով իշխանությունները որոշել են զարկ տալ հացահատիկի արտադրությանը Վրաստանի կառավարությունն այս տարի պատրաստվում է քառապատկել գյուղատնտեսության ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցները` ներկրվող պարենից երկրի կախվածությունը կրճատելու նպատակով: Գյուղատնտեսության ոլորտում հիմնական շեշտադրումը լինելու է հացահատիկի բերքատվությունը բարձրացնելու վրա, սակայն շատերն այն կարծիքին են, որ գյուղատնտեսական սեկտորին, նախ եւ առաջ, տեխնիկա է անհրաժեշտ: Գյուղատնտեսությունը երկար տարիներ ճգնաժամ է ապրում եւ ներկայում Վաստանում սպառվող սննդամթերքի միայն 12 տոկոսն է ապահովում` կազմելով ՀՆԱ-ի 8%-ը: Տարիներ շարունակ փորձագետները կոչ են արել միջոցներ ձեռնարկել գյուղատնտեսական արտադրանքի ծավալների աճի ավելացման ուղղությամբ` հատկապես հաշվի առնելով այն, որ Վրաստանից արտահանվող ապրանքները Եվրոպական Միության շուկա են մուտք գործում Արտոնությունների ընդհանուր համակարգի (GSP+) վերաբերյալ առեւտրային պայմանագրի ներքո: Պարենի համաշխարհային գնաճն ազդել է ներմուծվող ապրանքների արժեքի վրա` դրդելով Վրաստանի կառավարությանը, վերջապես, համապատասխան քայլեր ձեռնարկել: Վերջերս տեղի ունեցած կառավարական նիստի ժամանակ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարեց, որ գյուղատնտեսական արտադրանքի բաժինը ՀՆԱ-ում կարելի է հեշտությամբ կրկնապատկել հաջորդ 3-4 տարիների ընթացքում: Այս տարվա համար նախատեսված ֆինանսական հատկացումները հիմնականում ուղղված կլինեն հացահատիկի բարձր բերքատվություն ունեցող տեսակների արտադրմանը եւ հացահատիկի ամբարների կառուցմանը: Այս միջոցառումների արդյունքում նախատեսվում է մինչեւ 2013-14 թվականները հացահատիկի բերքը հասցնել այնպիսի ծավալների, որպեսզի հնարավոր լինի ապահովել ներքին սպառման շուկայի 35-40 տոկոսը: Վրաստանի գյուղատնտեսության նախարար Բակուր Կվեզերելիի խոսքերով` կառավարությունը պատրաստվում է «աջակցության եւ ոչ միջամտության» միջոցով նվազեցնել երկրի կախվածությունը ներկրվող պարենից: Նախկինում գյուղատնտեսական ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցների մեծ մասը բաժին էր ընկնում գինեգործությանը: Սակայն իրադրությունը կտրուկ փոխվեց 2006 թվականին, երբ վրացական գինու արտահանումների 3/4-ը իրացնող Ռուսաստանը փակեց իր շուկան Վրաստանի համար: Այս ամենից հետո երկրի իշխանությունները ստիպված եղան օժանդակել խաղողագործներին` գինեգործության ոլորտը կատարյալ անկումից փրկելու համար: Չնայած կառավարության տրամադրած աջակցությանը` խաղողի գները տարեցտարի նվազում են, իսկ վառելիքինը` աճում, ինչի հետեւանքով գինեգործների եկամուտները կրճատվում են: Բացի այդ, գյուղատնտեսության ոլորտը ժամանակակից սարքավորումների մեծ կարիք ունի: Շատ հողագործներ հնացած բրիչներով ու գութաններով են հողը մշակում: Քանի որ այգեգործները սարքավորումներ գնելու միջոցներ չունեն, 1996 թվականից կառավարությունը եւ դոնոր կազմակերպությունները նրանց 970 տրակտոր եւ 200 կոմբայն են տրամադրել, սակայն եղած պահանջների համեմատ այս ամենը շատ քիչ է: Այնուհանդերձ, տնտեսագետները թերահավատությամբ են լցված պետության կողմից մասնավոր սեկտորին ֆինանսական միջոցներ հատկացնելու վերաբերյալ: «Նոր տնտեսագիտական դպրոց»-ի փոխտնօրեն Գիա Ջանդիերիի խոսքերով` սուբսիդավորման հետեւանքով այգեգործներն ավելի մեծ կախվածության մեջ կհայտնվեն: «Սուբսիդիաներ տրամադրելու փոխարեն` կառավարությունը, եւ հատկապես գյուղատնտեսության նախարարությունը պետք է մտածեն մեր արտադրանքի համար նոր շուկա գտնելու մասին. սա է ամենակարեւոր խնդիրներից մեկը», - ասում է նա: Գյուղատնտեսական կազմակերպությունների միավորման` «Agro-Development Group»-ի տնօրեն Նիկոլոզ Զազաշվիլին նշում է, որ գյուղատնտեսական սեկտորի բարելավմանն ուղղված երկարաժամկետ ռազմավարություն իշխանությունները դեռեւս չունեն: Դեռեւս պարզ չէ` արդյո՞ք կցանկանան այլ ներդրողները հետեւել կառավարության օրինակին: Պարենային ապրանքների առեւտրով զբաղվող ամերիկյան «SJS USA» կազմակերպության վրաստանյան գրասենյակի տնօրեն Մագդա Քաջալան նշում է, որ կազմակերպությունը չի շտապում նախատեսված 4 միլիոն դոլարի ներդրում կատարել [պարենի] սառցարանի [կառուցման] նախագծում: «Այս կարգի մեծ ներդրումն արդարացնելու համար` մենք պետք է ի վիճակի լինեինք ապրանք գնել այդ սառցարանում պահելու համար: Իսկ նման արտադրանք չկա: Գյուղատնտեսության ոլորտի նյութատեխնիկական ապահովման զարգացումը պետք է զուգակցել արտադրանքի ծավալների աճի հետ: Սակայն ի՞նչ իմաստ ունի նյութատեխնիկական ապահովման զարգացումը, եթե արտադրանք չկա»: Նանա Կուրաշվիլին, Վրաստան Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter