HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստան. Ստալինի վերջին զոհերը դանդաղ վերադառնում են տուն

Կառավարությունը պատրաստվում է թուրք մեսխեթցիների վերադարձին` չնայած տեղական բնակչության հնարավոր դժգոհությանը Մոտավորապես 60 տարի է անցել այն օրվանից, ինչ Ստալինը վտարել է թուրք մեսխեթցիներին Խորհրդային Վրաստանից, եւ այժմ այս համայնքի ներկայացուցիչները, կարծես, պատրաստվում են տուն վերադառնալ: Երբ 1999 թվականին Վրաստանը դարձավ Եվրոպայի Խորհրդի անդամ, համաձայնեց աջակցել ազգային փոքրամասնության ներկայացուցիչների վերադարձին, սակայն, համապատասխան օրենսդրությունը չէր ընդունվել մինչեւ 2007 թվականը: Թուրք մեսխեթցիները մինչեւ այս տարվա ավարտը «հայրենադարձողների» կարգավիճակ կստանան, ինչը թույլ կտա նրանց արագացված կարգով քաղաքացիության եւ այլ իրավունքներ ստանալ: Վրաստանի հարավարեւմտյան հատվածում գտնվող Սամցխե-Ջավախեթիի նախկին բնակիչները, ովքեր մահմեդականություն են դավանում, իրենց Ահիսկա-թուրքեր են անվանում, մինչդեռ վրացական իշխանությունները նրանց որակում են որպես մեսխեթցի մահմեդականներ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Խորհրդային իշխանությունները թուրք մեսխեթցիներին, ինչպես նաեւ այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին`չեչեններին, կալմիկներին, Ղրիմի թաթարներին եւ այլոց, Կովկասից զանգվածաբար աքսորել են Սիբիր եւ Կենտրոնական Ասիա` ելնելով այն խելագար համոզմունքից, որ ֆաշիստական ուժերի ներխուժման դեպքում այս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն ամենից շատ էին հակված դավաճանության: 1944 թվականին թուրք մեսխեթցիները զանգվածային տեղահանման ենթարկվեցին` տեղափոխվելով Կենտրոնական Ասիա. ճանապարհին հազարավոր մարդիկ զոհվեցին զանազան հիվանդություններից ու վարակներից, քանի որ նրանց տեղափոխում էին անասունների համար նախատեսված մեքենաներով: Ի տարբերության այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների` թուրք մեսխեթցիներին թույլ չտվեցին Ստալինի մահից հետո տուն վերադառնալ, եւ նրանք մնացին Կենտրոնական Ասիայում: 1989 թվականին Ուզբեկստանում ծայր առած էթնիկական բախումների ալիքի ներքո հազարավոր թուրք մեսխեթցիներ ստիպված եղան փախչել այս երկրից: Նրանցից շատերը ապաստան գտան Ադրբեջանում եւ Ռուսաստանի հարավում` այս անգամ մոտենալով իրենց հայրենիքին: Ռուսաստանի Կրասնոդարի շրջանում բնակվող շուրջ 10 000 թուրք մեսխեթցիներ տեղական բնակչության հետ բախումներից հետո գաղթեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներ, սակայն տեղահանվածներից շատերն անորոշ կարգավիճակում մնացին: Քեմալ Քահրամանովի կյանքն աքսորների եւ վերաբնակեցումների մի ամբողջ շղթա է: Նա ծնվել է 1927 թվականին վրաց-թուրքական սահմանի վրա, իսկ 1944-ին շատերի պես աքսորվել է Կենտրոնական Ասիա` ապրելով այնտեղ մինչեւ 1989 թվականին Ուզբեկստանում տեղի ունեցած արյունալի բախումները: Ջարդերից մազապուրծ լինելով` նա ապաստան է գտել Ադրբեջանում եւ ներկայում ապրում է Սաաթի շրջանի Ֆաթալիքենդ գյուղում: Չնայած Քահրամանովի մանկության տարիները Վրաստանում են անցել, նա համարյա ոչինչ չի հիշում: «Հնարավորության դեպքում` կվերադառնամ: Բայց Վրաստանի մասին ոչինչ չգիտեմ: Ասում են` այնտեղ անտառներ ու լեռներ կան: Եթե հետ վերադառնամ, իմ նախնիների պես հողագործությամբ կզբաղվեմ»,- ասում է Քահրամանովը: 2010 թվականի հունվարի սկզբին Վրաստանի փախստականների եւ վերաբնակեցման հարցերի նախարարությունը դադարեցրեց հնարավոր հայրենադարձողների դիմումների ընդունումը. այդ պահին հայրենադարձողների ցուցակում մոտավորապես 8800 հոգի է գրանցված, որոնց ճնշող մեծամասնությունը բնակվում է Ադրբեջանում: Ներկայում նախարարության կազմում հայրենադարձողների դիմումներով զբաղվող հատուկ հանձնաժողով է գործում. դիմումների մեծ մասը լի է սխալներով կամ զուրկ է կարեւոր օժանդակ փաստաթղթերից: Այս խնդիրները լուծելու եւ սխալները ուղղելու համար դիմողներին 4 ամիս ժամանակ կտրվի: Նախարարության Հայրենադարձության խնդիրների վարչության ղեկավար Իրակլի Կոկայան ասում է, որ սխալները չուղղելու դեպքում դիմումներին ընթացք չի տրվի: Հայրենադարձողների կարգավիճակը իրավունք կտա թուրք մեսխեթցիներին Վրաստանի քաղաքացիություն ստանալ` հեշտացնելով գույք գնելու եւ կրթություն ստանալու գործընթացները: Սա թույլ կտա նրանց խուսափել բյուրոկրատական արգելքներից, որոնց ժամանակին բախվել էին այն փոքրաթիվ թուրք մեսխեթցիները, ովքեր վերջին տարիներին Վրաստան են տեղափոխվել սեփական նախաձեռնությամբ: Ադրբեջանում թուրք մեսխեթցիների «Վաթան» կազմակերպության նախագահ Շամսադդին Սարվարովը նշում է, որ կապ է պահպանում Վրաստան տեղափոխված այսպիսի 40 ընտանիքների հետ: «Այս մարդիկ չեն կարող գրանցվել բնակության համար, բնակարաններ չեն ստանում, բացի այդ, նրանց երեխաները խնդիրներ ունեն կրթության ոլորտում», - ասում է նա` լավատեսությամբ հավելելով, որ «այս բոլոր խնդիրները շուտով կլուծվեն»: Ինչ վերաբերում է հայրենադարձության պաշտոնական գործընթացին, ապա Սփյուռքի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նուգզար Ցիկլաուրին հույս է հայտնում, որ այս հարցում Վրաստանն աջակցություն կստանա նաեւ արտասահմանյան դոնորներից: Այն մասին, թե Վրաստանի որ շրջանում պետք է թուրք մեսխեթցիները բնակություն հաստատեն, Ցիկլաուրին ոչինչ չգիտի: Սա զգայուն թեմա է, քանի որ ներկայում Սամցխե-Ջավախեթիի բնակչության մեծամասնությունը բաղկացած է էթնիկական հայերից: Հաշվի առնելով Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի թշնամանքն անցյալում` դժվար թե հայերը ողջունեն թուրքալեզու ազգային փոքրամասնության ներկայացուցիչների մուտքը շրջան: Ախալքալաքի «Նոր ակունք» միության նախագահ Մելս Թորոսյանը զգուշությամբ է ձեւակերպում այս մտահոգությունները` նշելով, որ շրջանը չափազանց աղքատ է նոր բնակիչներ ընդունելու համար: «Համաձայն եմ, որ անցյալի սխալները պետք է ուղղել: Սակայն այլ սխալներ մենք չպետք է թույլ տանք: Մեր շրջանում գործարաններ չկան, մարդիկ գործազուրկ են, իսկ նրանք ուզում են նոր բնակիչներ բերել»: Թորոսյանի խոսքերով` թուրք մեսխեթցիներին որեւէ շրջանում բնակեցնելուց առաջ, իշխանությունները պետք է ապահովեն ֆինանսական միջոցների, աշխատանքի եւ ինտեգրման ծրագրի առկայությունը, ինչպես նաեւ նախապատրաստեն տեղական բնակչությանը հայրենադարձողներին ընդունելու համար: «Ես լիովին համոզված եմ, որ հայրենադարձողները խնդիրներ կունենան տեղական բնակչության հետ: Հարցը միայն ազգային պատկանելությունը չէ, իրականում, այս գործոնը նվազ կարեւորություն ունի: Ավելի կարեւոր է հողերի բաժանումը: Ախալքալաքի բնակիչներն այնքան հող չունեն, որ այն ինչ-որ մեկի հետ կիսեն: Կարող են տարբեր խնդիրներ ծագել, եւ տեղացիները միշտ վիճաբանությունների պատճառները նորեկների վրա կբարդեն: Աստված գիտի, թե ինչի դա կարող է հասցնել», - ասում է նա: Հայրենադարձության ծրագրերը մտահոգում են նաեւ երկրի հարավային շրջաններում ապրող Էթնիկ վրացիներին: «Նախ պետք է տեղացիներին աշխատանքով ապահովել, հետո միայն նոր մարդկանց բնակեցնել, ովքեր էլ որ լինեն: Գործազրկության մակարդակն այնքան բարձր է, որ [հայրենադարձությունը] կարող է մեծացնել եղած մրցակցությունը: Հողն էլ է քիչ, ես երեք տղա ունեմ, եւ բավական հող չունեմ նրանց միջեւ բաժանելու համար», - ասում է Ասպինձե շրջանի Թմոգվի գյուղի բնակիչ Թեմուր Զազաձեն: Ցիկլաուրիի խոսքերով` հայրենադարձողների ընդհանուր թիվը շատ փոքր է, եւ այս մարդիկ հիմնականում նրանք են, ովքեր իրոք ցանկանում են Վրաստանի կազմում ապրել: «Կարծում եմ` դեռեւս վաղ է ասել, որ այս մարդիկ խնդիրներ կունենան, եթե վերադառնան: Խոսքը գնում է 6 հազար մարդու մասին 5 միլիոն բնակչություն ունեցող երկրում: Ավելին, այս մարդիկ, որոնց արտաքսումից մի քանի տասնամյակ է անցել, միշտ էլ ձգտել են վերադառնալ Վրաստան եւ այն իրենց հայրենիքն են համարել», - ասում է նա: Մայա Ցիկլաուրի՝ Վրաստանում «Liberali» ամսագրի թղթակից, Քենան Գուլուզադե՝ Ադրբեջանում «analitika.az» կայքի խմբագիր Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter