HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ Կարեն Անդրեասյանը՝ դատավորներին

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ուղերձով դիմել է ՀՀ դատավորներին: Ուղերձում մասնավորապես ասված է. «2010թ. մայիսի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում ապաքրեականացվեցին վիրավորանքի և զրպարտության հանցակազմերը, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում սահմանվեցին վիրավորանքի կամ զրպարտության միջոցով անձի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները: Այս փոփոխությունների գաղափարը ողջունել է ԵԱՀԿ լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչ Դ. Միյատովիչը և գնահատել է այն որպես  խնդրի լուծման  օրինակելի տարբերակ, ինչի մասին նշվել է նաև  ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թ. Համարբերգի զեկույցում: Այնուամենայնիվ, անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությանն առնչվող դրույթների սահմանման նպատակային նշանակության տեսանկյունից մենք պետք է առավել կարևորենք դրանց հստակ մեկնաբանությունն ու պատշաճ կիրառումը: Ուստի, կցանկանայի մեկ անգամ ևս ընդգծել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայից բխող որոշ սկզբունքային մոտեցումներ, որոնք անհրաժեշտ է կիրառել Հայաստանի դատական պրակտիկայում:
  • «Քաղաքական գործիչները պետք է առավել  հանդուրժող վերաբերմունք ունենան մամուլի քննադատության նկատմամբ: Քննադատության թույլատրելի շրջանակները քաղաքական գործիչների դեպքում շատ ավելի լայն են, քան մասնավոր անձանց նկատմամբ քննադատության շրջանակները»,
  • «Արտահայտվելու ազատության իրավունքի չարաշահման դեպքերում դատարանի կողմից սահմանվող փոխհատուցումը պետք է համաչափ լինի անձի հեղինակությանը հասցված վնասին»,
  • «Պաշտպանված պետք է լինի ոչ միայն այն տեղեկատվությունը կամ գաղափարը, որն ընդունվում է բարեխղճությամբ կամ համարվում է անվտանգ և չեզոք, այլ նաև այն, որը վիրավորում է, պատճառում է ցնցում կամ անհանգստություն»,
  • «Լրագրողական ազատությունը լրագրողին թույլ է տալիս նաև դիմել որոշակի չափազանցության և նույնիսկ` սադրանքների»,
  • «Պաշտպանվում է ոչ միայն գաղափարի ու տեղեկատվության բովանդակությունը, այլ նաև այն ձևը, որով այն ներկայացվել է»,
  • «Ի տարբերություն փաստական տվյալների` անընդունելի է լրագրողից պահանջել ապացուցել  իր հրապարակած կարծիքների, գնահատող դատողությունների և մեկնաբանությունների  ճշմարտացիությունն ու հավաստիությունը»,
  • «Արտահայտվելու ազատության իրավունքը կարող է սահմանափակվել այլոց հեղինակության կամ իրավունքների, հասարակական շահի, արդարադատության հեղինակության ու անաչառության պաշտպանության նպատակներով,  որոնք, սակայն,  պետք է ենթարկվեն խիստ սահմանափակ մեկնաբանության»,
  • «Ազատորեն արտահայտվելու իրավունքն ընկած է ժողովրդավարական հասարակության հիմքում, այն ժողովրդավարական հասարակության և յուրաքանչյուր անհատի զարգացման հիմնական պայմաններից մեկն է» և այլն:
Ելնելով այս սկզբունքների պահպանման և միաժամանակ  լրագրողների մասնագիտական էթիկայի ապահովման անհրաժեշտությունից` ավելի եմ արժևորում լրատվամիջոցների ինքնակարգավորման մեխանիզմների ստեղծումն ու լրագրողական վարքագծի կանոնագրքերի մշակումը: 2007թ-ից «Երևանի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետությունում գործում է ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնության դիտորդ մարմինը, որն իրականացնում է Վարքականոնի պահպանման դիտարկում, քննարկում է դրա դրույթների խախտման վերաբերյալ դիմում-բողոքները և ընդունում համապատասխան եզրակացություններ: Ցանկալի է, որ անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությանն առնչվող վեճերի լուծումը իրականացվի հենց այս մարմնի կողմից` լրագրողական էթիկայի չափանիշներն արդյունավետ իրագործելու,  չարաշահումները վերացնելու և լրատվամիջոցների անկախությունն  ապահովելու նպատակով: Այդուհանդերձ, եթե անձը նախընտրում է դիմել դատարան, ապա, վստահ եմ, որ Եվրոպական դատարանի նախադեպային նշանակություն ունեցող վերոհիշյալ մեկնաբանությունները և սկզբունքները կլինեն Ձեր կողմից ընդունված դատական ակտերի հիմքում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter