HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտավազցիները դիմում են նախագահին

Մեծարգո պարոն նախագահ.

Ձեզ ենք դիմում մեզ համար խիստ կարևոր խնդրի կապակցությամբ, որն առնչվում է մի ամբողջ գյուղին պատկանող հողերը գերակա հանրային շահ ճանաչելու միջոցով ինչ-որ կազմակերպության փոխանցելուն:

ՀՀ կառավարության 25.02.2010թ. թիվ 241-Ն որոշմամբ որոշվել է Արտավազ համայնքի 126 և Փյունիկ համայնքի 7 ընտանիքների պատկանող հողերը ճանաչել գերակա հանրային շահ և փոխանցել «Էյ Ընդ Էմ Ռեյր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանքային ջրերի գործարան կառուցելու նպատակով: Իրականում նման ծրագիրը վկայում է գյուղի կործանման մասին, քանի որ ստացվում է, որ 150 ծուխ ունեցող գյուղից 126 ընտանիքի պատկանող հողերը պետք է վերցվեն, և հաշվի առնելով, որ հողագործությունը մեր հիմնական զբաղմունքն ու ապրուստի միջոցն է, գյուղը կամ մատնվելու է սովի կամ հարկադրաբար տարհանման է դիմելու:

Փաստորեն գյուղական համայնքի հողային ֆոնդի մոտ 80 տոկոսը հատկացվելու է ձեռքբերողին և գյուղացին չի կարողանա նույնիսկ անասնապահությամբ զբաղվել, քանի որ պարզապես ազատ հողատարածք առկա չէ: Եվ սա այն դեպքում, երբ գյուղի բնակիչների մեծ մասը ժամանակին Ադրբեջանից Հայաստան ներգաղթած անձինք են, որոնք արդեն երրորդ անգամ են ստիպված լինելու նույն ճակատագրին արժանանալ:

Ընդհանրապես այս օտարման գործընթացը կարող է դասվել ամենաուշագրավների շարքին: Նախ, այդ երևակայական կազմակերպությունը, որը ձեռքբերող է ճանաչվել, ստեղծվել է 25.02.2010թ., ինչը հաստատվում է կից ներկայացվող իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գրությամբ: Այդ նույն օրը` 25.02.2010թ., կազմակերպությունը ներկայացրել է դիմում` 1300 հա հողամաս իրեն հատկացնելու խնդրանքով: Ընդ որում առավել քան ապշեցուցիչ էր նաև այն փաստը, որ ՀՀ կառավարությունը հասցրել էր նույն օրվա ընթացքում ուսումնասիրել երկտող հիշեցնող այդ դիմումը և նույն օրվա ընթացքում կայացնել որոշում: Բնականաբար հասկանալի է, որ կառավարության որոշումները մեկ օրում չեն ընդունվում և պետք է որոշակի ընթացակարգ անցնեն, օրինակ, անցկացվեն հանրային քննարկումներ, ստանան համապատասխան պետական մարմինների եզրակացությունները: Եվ, ինքնին հասկանալի է, որ մեկ օրվա ընթացքում կառավարության կողմից որոշման կայացումը կասկած է հարուցում կոռուպցիոն ռիսկերի տեսանկյունից: 

Հետաքրքիր է, արդյո՞ք ՀՀ բոլոր հողերը նման երկտողների հիման վրա են բաժանվում ձեռքբերողներին: Հետաքրքիր է նաև տեսնել, թե արդյունքում 1300 հեկտար տարածք ունեցող այդ ինչ գործարան է կառուցվելու: Երևի ՀՀ գործարարները որոշել են ռեկորդ սահմանել գործարանի չափերի առումով, քանի որ նույնիսկ Հայաստանից շատ ավելի մեծ չափեր ունեցող պետություններում նման մեծության գործարաններ չեն կառուցվում: Սակայն այս ամբողջ պատմության մեջ, իհարկե, ոչ ոքի համար որևէ կարևորություն չունի, որ այնտեղ գյուղ է գտնվում և մարդիկ են ապրում:

Մինչ օրս չենք կարողանում հասկանալ, թե արդյոք այդ 1300 հեկտարի շրջանակներում հատկապես գյուղի բնակիչներին պատկանող մոտ 100 հեկտար հողը արդյո՞ք այդքան խիստ անհրաժեշտ էր գործարանի կառուցման համար:

Մենք վիճարկեցինք կառավարության որոշումը` մանրամասն անդրադառնալով այս բոլոր խախտումներին, բայց տեսնելով, որ ՀՀ դատական համակարգը մեկընդմիշտ որդեգրել է ձեռքբերողների շահերի պաշտպանի դերը, դիմեցինք Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Մեր իրավունքները կոպտորեն ոտնահարվում են և մեր բոլոր փորձերը պաշտպանել դրանք, բնականաբար, անհաջողության են մատնվում մեր դատական համակարգի փայլուն աշխատանքի շնորհիվ: Այսպես, դատարանը պատասխանող է դարձնում հողամասի համասեփականատերերին, որոնք օտարման գործընթացի վերաբերյալ որևէ տեղեկություն չեն ունեցել, մասնակից չեն դարձվել, չեն ստացել օտարման պայմանագրի նախագիծ, դեպոզիտ չի մուծվել նրանց վճարման ենթակա փոխհատուցման գումարը, դատարան օրենքով սահմանված ժամկետում չի ներկայացվել հայցադիմում:

ՀՀ կառավարությունը այնքան էր շտապել որոշումը կայացնելիս, որ կառավարության որոշման մեջ նշվել է միայն հողամասի համասեփականատերերից մեկի անունը, չնայած հողամասերը ունեն համասեփականատերեր: Իսկ ձեռքբերողը, որն արդեն օտարման պահանջ է ներկայացրել դատարան, դատարանում իմանալով համասեփականատերերի մասին և անակնկալի գալով, անմիջապես գտավ լուծումը. ներգրավել նրանց որպես համապատասխանող: Դատարանն էլ արդյունքում եզրահանգեց. ինչ պարտադիր է, որ համասեփականատերերին էլ ուղարկվեր օտարման պայմանագրի նախագիծ, դեպոզիտ մուծվեր գումար և այլն, սեփականատերերից մեկը ստացել էր, թող մյուսներին պատմեր այդ մասին:

Փոխհատուցման չափերի մասին նույնիսկ չենք ուզում խոսել: Եթե մեկ հեկտար հողամասը կարելի է գնահատել օրինակ, 500 000 ՀՀ դրամ, ինչպես կարելի է խոսել փոխհատուցման համաչափության մասին: Այդ գումարը կարելի է ամեն տարի ստանալ այնտեղ պարզապես խոտ աճեցնելով և այդ խոտը վաճառելով: Այնինչ հողերի մեծ մասը վարելահողեր են և այդ հողերը մշակելով գյուղացին յուրաքանչյուր տարի ապահովում է իր ապրուստը: Իսկ 500 000 ՀՀ դրամը ծախսելուց հետո ոչ ոք չի պատկերացնում իր ապագան:

Մեծարգո նախագահ,

Այս դիմումը հղում ենք Ձեզ, որովհետև կարծում ենք, որ Դուք տեղեկացված չեք Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրավունքների նման կոպիտ ոտնահարումների մասին և լիահույս ենք, որ Ձեր միջամտությամբ կարող է օգնել խնդիրը լուծվել: Ստացվում է, որ բոլորին կարողացել են համոզել հողերը օտարել ձեռքբերողին, ընդ որում նաև ոչ օրինական մեթոդներով, սակայն մենք` տասը ընտանիք, պայքարելու ենք մինչև վերջ, որովհետև պարզապես համոզված ենք, որ այդքան մեծ տարածք անհրաժեշտ չէ գործարան կառուցելու համար և մեր հողերի վրա անհայտ է թե ինչ է կառուցվելու:

Կանխավ շնորհակալ ենք:

Կից ներկայացվում են իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գրության և ձեռքբերողի կողմից կառավարություն ներկայացված գրության պատճենը:

«05» հոկտեմբեր 2011 թ.

ՀՀ Կոտայքի մարզի Արտավազ գյուղի բնակիչներ

Մարգուշ Բադալյանից
Արկադի Բադալյանից,
Վարդուշ Լազյանից,
Երվանդ Նալթակյանից,
Արմինե Նալթակյանից,
Համբարձում Նալթակյանից,
ՄեխակԱբրահամյանից,
Արշալույս Աբրահամյանից,
Ռուդոլֆ Աբրահամյանից,
Ռաֆիկ Աբրահամյանից,
Ալեքսան Թավաքալյանից,
Արթուրիկ Առուստամյանից,
ՀրանուշԱռուստամյանից,
Լևոն Առուստամյանից,
Նիկոլայ Առուստամյանից,
Հայկազ Ղազարյանից,
Գուրգեն Ղազարյանից,
Խորեն Նալթակյանից,
Նաիրա Նալթակյանից,
Անահիտ Նալթակյանից,
Սերոժ Նալթակյանից,
Վարսենիկ Նալթակյանից,
Լյովա Սամսոնյանից,
Յուրիկ Նալթակյանից,
Տոնիկ Նալթակյանից
Ծովինար Մաթևոսյանից,
Արարատ Տեր-Մկրտչյանից

 

Մեկնաբանություններ (1)

ara
Ervand jan payqarid haxtanak em cankanum. Du hayrenaser txa es, sakayn hayrenasirutyun@ xort e mi aynpisi msagndi, vorin es u du lav enq chanachum, qani na der uni hayreniq@ linelu e arq u vacharqi ararka, na-michakutyun@ teladrox e, na-kaxaparvac@ korcanox e, na beymyraz kiri krvi. Tox grabaryan ays orhnanq@ misht uxekci nran/ays cucakan deranun@ apsos e ir hamar/, payqareq vasn hayrenyanc....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter