Արագածավանում այս տարի կհիմնանորոգվի դպրոցը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջան: Մարզպետ Ս. Սահակյանի ուղեկցությամբ փոխվարչապետը եղավ Արագածավան եւ Արտենի համայնքներում, ծանոթացավ իրականացվող ծրագրերին:
Արագածավանում այս տարի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով կհիմնանորոգվի դպրոցը, որի համար նախատեսվում է 162 մլն դրամ, Արտենիում Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով վերակառուցվել է համայնքի առողջական կենտրոնը, որը շահագործման է հանձնվել անցած տարեվերջին: Փոխվարչապետը եղավ նշված հաստատություններում, ծանոթացավ շենքային պայմաններին:
Արտենիում Ա. Գեւորգյանին ներկայացվեց նաեւ խմելու ջրի համակարգի վերականգնմանն ուղղված 300 մլն դրամ արժողությամբ ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել այս տարի:
Համայնքներում Ա. Գեւորգյանը հանդիպեց նաեւ բնակիչների հետ, որոնց կողմից բարձրացվեցին Արագածավան-Թալին ճանպարհահատվածի վերանորոգման, Արագածավանում խմելու ջրի, Արտենիում բերքի իրացման, ոռոգման ջրի սակագնի եւ գյուղատնտեսական այլ խնդիրներ:
Փոխվարչապետը տեղեկացրեց, որ Արագածավանին պետբյուջեի միջոցներով հատկացվել է 187,3 մլն դրամ` մինչ ոռգման շրջանի մեկնարկը պոմպակայանները պատշաճ վիճակի բերելու եւ անխափան ջրամատակարարում ապահովելու նպատակով:
Անդրադառնալով ոռոգման սակագնի վերաբերյալ բնակչության դժգոհություններին` Ա. Գեւորգյանը պարզաբանեց, որ սակագինը չի փոփոխվել. 1 խմ-ի դիմաց 11 դրամ սակագինը գործում է 2010թ-ից եւ պահպանվելու է մինչեւ 2012թ-ը։ Նա նշեց, որ ոռոգման համակարգի ծախսերը սուբսիդավորելու համար ՀՀ կառավարությունն արդեն հատկացրել է 4,2 մլրդ դրամ, ինչը թույլ է տալիս պահպանել գործող սակագինը:
Մանրամասներ ներկայացվեցին նաեւ գյուղացիական տնտեսություններին մատչելի տոկոսադրույքներով վարկեր տրամադրելու գործընթացի մասին: Բնակիչների կողմից բարձրացված կոնկրետ խնդիրները փոխվարչապետը խոստացավ քննարկել շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների հետ:
Թալինի քաղաքապետրանում, տարածաշրջանի համայնքների ղեկավարների, ՋՕԸ-ի ղեկավարության, ԳԱՄԿ-ի աշխատակիցների, «ՀՄՀ-Հայաստան»-ի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին գարնանային գյուղատնտեսական աշխատանքների, ոռոգման նոր շրջանի մեկնարկի հետ կապված եւ մի շարք այլ խնդիրներ:
Տեղեկատվություն ներկայացվեց Թալինում իրկանացվող կապիտալ ծրագրերի վերաբերյալ. առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով քաղաքում վարանորգվելու են բնակելի 7 շենքերի եւ մանկապարտեզի տանիքները:
Ներկայացվեց, որ տարածաշրջանում «ՀՄՀ-Հայաստան»-ի երրորդ կարգի ջրանցքների ծրագրում ընդգրկված երեք համայնքերում արդեն մեկնարկել են շինարարական աշխատանքները:
Փոխվարչապետը մարզպետին հանձնարարեց հետեւել ծրագրերի ընթացին, իսկ համայնքապետերին առաջարկվեց սերտորեն աշխատել շինարարական կազմակերպությունների հետ` ընթացքում խնդիրները համատեղ ջանքերով լուծելու համար:
Ա. Գեւորգյանը հանձնարարեց առաջիկա շաբաթվա ընթացքում հրավիրել «Թալին» ՋՕԸ-ի խորհրդի նիստ` բնակիչների եւ համայնքապետերի կողմից բարձարացված խնդիրները քննարկելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել