HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

15 տարի աշխատել է առանց վարձատրության

Ահազանգը «Արաքս-կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության ղեկավար Ալլա Խաչատրյանից էր: «Ուզում եմ անդրադառնաք էս խնդրին, որ մյուսներն էլ նույն սխալը չգործեն,-հեռախոսազրույցի ժամանակ պարզաբանում է Ալլա Խաչատրյանը,-մեր շահառուներից, 2-րդ կարգի հաշմանդամ, միայնակ ծեր տիկին Գոհարին տարիներ շարունակ աշխատեցրել եւ գումարը չեն տվել»: Գործատուն Գոհար Հակոբյանի հետ աշխատանքային պայմանագիր չի կնքել, աշխատելով 15 տարի` նա երբեւէ որեւէ թուղթ չի ստորագրել: «15 տարի աշխատել եմ Վալերի Մուրադյանին պատկանող խանութում բանավոր պայմանավորվածությամբ եւ այդ ամբողջ ընթացքում մեկ անգամ ստացել եմ 300 դոլար, երբ որ հիվանդանոցում էի պառկած ու փողի խիստ կարիք ունեի, մեկ էլ 100 հազար դրամ` եղբորս թաղման ծախսերը հոգալու համար, մի քանիմ անգամ էլ 5-10 հազարով, էլի իմ ուզելով ձեռքի ծախսի փող է տվել,- ասում է 65-ամյա Գոհար Հակոբյանը,- ես հմի տվել եմ իրան դատարան, որ փողս ստանամ: Չնայած չիդեմ` ինչխ պիտի ապացուցեմ, որովհետեւ պայմանագիր չունեմ, բայց դե լիքը վկաներ կան: Ես ուղղակի հավատացել եմ իրան: Ինքը կըսեր` թող քու փողդ մնա մոտս, դու բդի շատ-շատ տանիս տաս ախպորդ երեխեքին, ես կհավաքեմ, երբ օր էլ չաշխատար, էդ վախտ սաղ մեկից կուտամ, բայց խաբեց»: Վալերի Մուրադյանի հրավերով Գոհար Հակոբյանը 1995 թ.-ից աշխատանքի է անցել «Գյումրի» կայարանի մասնաշենքից դեպի հարավ գտնվող, կառամատույցին կից նախկին կոնդուկտորների ճաշարանի մասնաշենքում գտնվող սննդամթերքի խանութում, որպես վաճառողուհի: Վալերիի եւ Գոհարի միջեւ բանավոր պայմանավորվածություն է եղել: Գ. Հակոբյանի ամսական աշխատավարձը կազմելու էր 30 հազար դրամ: Թոշակառու կինը համաձայնվել է առաջարկին: Աշխատատեղը մոտ է եղել Գոհարի տանը, տրանսպորտային ծախսերի կարիք չի ունեցել, ամեն ամիս թոշակ է ստացել ու մտածել, որ մնացած գումարն էլ գործատուից կվերցնի, երբ էլ ի վիճակի չի լինի աշխատելու: Ձախից աջ՝ Գոհար Հակոբյանը՝ շարքի սկզբում, շարքի վերջում՝ Վալերի Մուրադյանը, ով լուսանկարվել է իր իսկ խանութում իր աշխատողների հետ 1997-99 թթ. խանութին կից գործել է հացի փուռ, որտեղ Գոհարն աշխատել է քրոջ` Աիդա Ալեքսանյանի եւ հարսի` Լյուբա Մկրտչյանի հետ: Հացի փուռը եւս պատկանել է Վալերի Մուրադյանին, ով այդ տարիներին աշխատել է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ում: Մինչեւ 2001-ը խանութը պետական ռեգիստրում եւ հարկային պետական տեսչությունում գրանցված չի եղել: Այնուհետ այն գրանցվել է Վ. Մուրադյանի կնոջ` Սիլվա Մուրադյանի անունով, սակայն վերջինս երբեւէ խանութում չի աշխատել: 2008-ից խանութը տեղափոխվել է Գորկու փողոցի 104 շենքի 1-ին հարկ, ուր գործում է ներկայումս: 2009 թ. դեկտեմբերից Գոհար Հակոբյանն առողջական խնդիրների պատճառով այլեւս չի աշխատել: Մինչեւ 2010 թ. օգոստոս ամիսը սպասել է Վ. Մուրադյանի խոստացած գումարին, այնուհետեւ դիմել իրավապահ մարմիններին: «Ես Վալերիկին մե օրմ դուրսը տեսա, ըսեցի` ստաժս գրե տուր, տանիմ սոցապ, որ հաշվարկեն, խո 15 տարին քիչ ստաժ չէ՞, ինքն էլ թե` ինչ ստաժ, ինչ բան, էդ ստաժը ես կնոջս վրա եմ գրել, ես քեզի կրնամ ընդամենը մեկ տարվա ստաժ գրեմ, տամ,- պատմում է տիկին Գոհարը,- 2008-09 թթ. ստաժս տվեց, բայց փողս էլի հրաժարվավ տար, թե ընձի ո՞ւրա փող, որ տամ: Գիտեք, լեննականցին դժվարությամբ կերթա միլիցիայի դուռը, կըսե` ամոթ է, բայց ես էլ ճար չունեի»: Շիրակի մարզի քննչական բաժնի հատուկ գործերով ավագ քննիչ Արտյոմ Օվսյանը Գ. Հակոբյանի հայտարարության հիման վրա նախապատրաստված նյութերով որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժել, քրեական հետապնդում չիրականացնել հանցակազմի բացակայության պատճառով: «Գյումրի» կայարանի վագոնային դեպոյի պետ Վալերի Մուրադյանը ժխտել է, որ երբեւէ խանութ է ունեցել: Քննիչ Օվսյանին տված իր բացատրությունում վերջինս ասել է, որ 1995 թ.-ից երկաթգծի տարածքում ունեցել է փողոցային մանրածախ առեւտրի կետ` սեղանիկ, եւ Գոհար Հակոբյանն էլ այդ ընթացքում իր մոտ չի աշխատել: Վ. Մուրադյանը չի ժխտել, որ 1995 թ. հոկտեմբերի 23-ից եղել է «Նադեժդա Մուրադյան» Ա/Ձ-ի տնօրենը, որը լուծարվել է 2004 թ. դեկտեմբերի 3-ին: Վ. Մուրադյանը նաեւ նշել է, որ իր կինը` Ս. Մուրադյանը, 2001-ից գրանցվել է որպես անհատ ձեռներեց: Նյութերի նախապատրաստման ընթացքում ցուցմունք են տվել նաեւ Գոհար Հակոբյանի հարեւանները` Սեդա Սարգսյանը, Ռազմիկ Շաբոյանը, Միշա Դարբինյանը, Հարություն Կարապետյանը, Ազնիվ Հարությունյանը, որոնք պնդել են հակառակը, այն է` Վ. Մուրադյանն ունեցել է խանութ եւ հացի փուռ, որտեղ երկար տարիներ աշխատել է Գոհար Հակոբյանը: Արշակ Եղիազարյանը բացատրություն է տվել, որ 1972-ից մինչ օրս աշխատում է «Գյումրի» կայարանի Լոկոմոտիվային դեպոյում որպես մեքենավար: Շատ լավ ճանաչում է Գ. Հակոբյանին եւ «Գյումրի» կայարանի նախկին փոխկայարանապետ, ներկայում դեպոյի պետ Վալերի Մուրադյանին: Ա. Եղիազարյանի հավաստմամբ` վերջինս 1995-ից «Գյումրի» կայարանի կառամատույցին կից, նախկին կոնդուկտորների ճաշարանի մասնաշենքում ունեցել է սննդամթերքի խանութ, որտեղ որպես վաճառողուհի աշխատել է Գ. Հակոբյանը: Ինքը մշտապես օգտվել է այդ խանութից ապառիկ կարգով եւ ամսվա վերջին աշխատավարձից փակել խանութի պարտքը: Նույնաբովանդակ բացատրություն է տվել նաեւ «Գյումրի» կայարանի աշխատակից Ծովինար Թադեւոսյանը: Որպես ապացույց Գ. Հակոբյանը քննիչին է ներկայացրել իր մոտ պահվող մոտ 30 տետրից բաղկացած ապառիկ վաճառքի ցուցակները: «Արաքս-կենտրոն» բարեգործական ՀԿ ղեկավար Ալլա Խաչատրյանի հավաստմամբ` Գոհար Հակոբյանի դեպքը Գյումրիում եզակիներից չէ: «Ես դեռ տարիներ առաջ, երբ լսեցի, որ տիկին Գոհարն առանց պայմանագրի, առանց գրանցման է աշխատում, ճիշտն ասած` խորհուրդ տվեցի, որ դիմի գործատուին ու հրամանագրվի, որովհետեւ հարգանքը` հարգանք, բայց գոյություն ունեն աշխատանքային փոխհարաբերություններ,- ասում է Ալլա Խաչատրյանը,- ես տեղյակ եմ, որ թոշակառու այս կինն աշխատել է ոչ թե օրական 8 ժամ, այլ 18 ժամ: Եթե մարդը միայնակ է ապրում, չունի այլ զբաղմունք ու հակված է ողջ ժամանակը տրամադրել այդ խանութին ու հացի փռին, չի նշանակում, որ գործատուն էլ պիտի դա չարաշահի: Իհարկե, սա ձեռնտու տարբերակ է, մանավանդ, եթե որոշել ես չվճարել: Եվ զարմանում ես, թե ուր է նայում Աշխատանքի տեսչությունը, եթե այսքան ստվերային աշխատողներ կան»: Գոհար Հակոբյանի փաստաբան Թամարա Յայլոյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել գումարի փոխհատուցման պահանջով: Սակայն հայցը հետ է վերադարձվել այն պատճառաբանությամբ, որ գործին բավարար ապացույցներ չկան կցված: Փաստաբանի փոխանցմամբ` ինքը վերաքննիչ բողոք է բերել եւ սպասում է պատասխանի: Եթե վերաքննիչ դատարանը վերացնի առաջին ատյանի դատարանի որոշումը, ապա հայցը կհամարվի ընդունված, եւ իրենք կմտնեն դատական գործընթացի մեջ: «Մենք 5 մլն 400 հազար դրամի պահաջ ենք ներկայացրել Վալերիկին,- ասում է Գ. Հակոբյանը,-թող էն 400 հազարը դուրս գա, որ ժամանակին տվել է, բայց մնացածը թող տա: Ինքը կըսե, թե հեչ բան չունի, ունեցածը կգրանցե կնկա ու տղի անուններով, բայց սաղն էլ գիտեն, օր շենքի տակի խանութն էլ է իրանը, վարսավիրանոցն էլ է իրանը, հմի էլ կայարանի կողքի հետ 3 հարկանի շենք է սարքել, իմ իմանալով` բար, հյուրանոց ու էլի չիդեմ, թե ինչ բդի էղնի: Ո՞ւմ փողերով կսարքե, իմ նման խեղճերի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter