HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրազդանի բնակիչները նման լրջագույն հարցերը չեն կարող արհամարհել և կարող են լինել միասնական»

Մարտի 31-ին Հրազդան քաղաքում տեղի էր ունեցել բողոքի ակցիա երկաթի հանքի շահագործման դեմ: Ակցիայի ընթացքում հնչած ելույթները ներկայացնում ենք ստորև. «Երեխաների աջակցության հիմնադրամ» ՀԿ, Կամո Առաքելյան Մի փաստացի հայտարարություն. Հայաստանի ամերիկյան համալսարանի բնապահպանական կենտրոնի կողմից ուսումնասիրություն է կատարվել, որ հանքավայրը գտնվում է Հրազդան քաղաքի սրտում և ամենամոտ տներից գտնվում է ընդամենը 630– 650 մ հեռավորւոթյան վրա, որը բնապահպանական որևէ նորմի մեջ չի տեղավորվում: Հանքը արդյունահանվում է բաց եղանակով, որից թունավոր փոշի է առաջանալու: Եթե այն շահագործվի, ուրեմն պետք է խաչ քաշել Հրազդան քաղաքի վրա: Վտանգի է ենթարկվում խմելու ջուրը: Սարի ստորոտում խմելու աղբյուրներ կան, որոնք մատակարարվում են Հրազդանի տարածաշրջանով մեկ: Շահագործումից մեկ - երկու տարի հետո Հրազդանը դառնալու է անապատ, մենք զրկվելու ենք մեր պապենական հողից, մեր երեխաները ձեռք են բերելու տասնյակ հիվանդություններ: Հանքավայրը չի շահագործվել նույնիսկ խորհրդային տարիներին, քանի որ գիտնականները գիտեին դրա վտանգավորության մասին: Այսօր մենք հավաքվելով` բողոքի ակցիա ենք կազմակերպել այդ աղետի դեմ: Հանքավայրի շուրջ գտնվում են տասնյակ դպրոցներ ու մանկապարտեզներ, որտեղ սովորում են հազարավոր երեխաներ: Մեր և մեր երեխաների առողջության դիմաց որևէ գործարար այստեղ դոլարներ չի վերցնելու: Հարգելի քաղաքացիներ, կոչ եմ անում միասնական լինել` պայքարելու չարիքի դեմ` պաշտպանելով մեր երեխաներին ու նրանց առողջությունը: «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիա, Կարինե Դանիելյան Մեր էկոլոգիական հասարակության անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ դուք պաշտպանում եք քաղաքը, գետը, ջուրը, անտառները: Այս հանքի առաջիկա շահագործումն արդեն ոչ մի բանականության մեջ չի տեղավորվում: Ու հիմա ես զարմանում եմ, որ ձեր քաղաքապետն ու մարզպետը հիմա այստեղ չեն, քանի որ նրանք այս պահին ձեր կողքին պետք է լինեին: Մենք համատեղ ուսումնասիրել ենք Հրազդան քաղաքի էկոլոգիական բնութագիրը, արդյունքները, առաջարկություններ ենք մշակել, որի ընթացքում քաղաքապետարանը մեր կողքին է եղել, այսօր էլ այստեղ պետք է լիներ` էլեկտրականությունից զրկելու փոխարեն, բայց կարևորն այն է, որ դուք այստեղ կանգնած եք: Հայաստանը հարուստ է մետաղներով. դա նշանակում է` ամբողջ Հայաստանը կարելի է քանդել` հաշվի չառնելով` անտառ է, անտառ չէ, պահպանվող տարածք է, թե ոչ, բնակավայր է, թե ոչ: Օդային ավազանը առանց այն էլ աղտոտված է: Ամբողջ ջրային ավազանը նույնպես, դա և քաղաքի համար է վտանգավոր և Արարատյան դաշտի սննդամթերքի համար: Ժողովուրդ, պինդ կանգնեք, մենք ձեր կողքին ենք, չի կարելի, որ մարդիկ հարստանան ամբողջ ժողովրդի առողջության և բնության հաշվին: Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյան Մոտ 3  տարի առաջ, երբ Մելիք գյուղում էի, որտեղ ոսկու հանքավայր կա, նրանք նույնպես ասացին, որ պետք է ճանապարհ գա դեպի հանքավայր: Կան պաշտոնյաներ, ովքեր չեն համարձակվում թղթի վրա ձևակերպել, բայց իրենց բանավոր խոսքում ասում են, որ Հրազդանը պետք է դառնա հանքահանման կենտրոն: Դա նշանակում է, որ այլ վայրերից այստեղ պետք է բերվեն հանքաքարեր և վերամշակվեն: Եթե այստեղ դարձավ վերամշակման կենտրոն, ապա այստեղով է անցնում Արարատյան դաշտավայրը ոռոգող հիմնական ջուրը, նշանակում է, որ Արարատյան դաշտավայրի հողերը նույնպես կաղտոտվեն ծանր մետաղներով և տոքսիկ նյութերով: Հրազդան քաղաքն արդեն 2-3  տարի հետո որպես քաղաք էլ չի լինի: Հանքի շահագործումը հակասում է Հայոց պետականության և հայ  ժողովրդի  շահերին: Այս հանցագործ ծրագիրը պետք է կասեցվի, որի մասին առաջին հերթին պետք է խոսի ՀՀ նախագահը: ԱԺ–ում շրջանառության մեջ է դրված Ընդերքի օրենսգիրքը, որտեղ թույլ է տրվում, որ նա, ով ձեռք է բերել հանքավայրը, իրավունք ունի փոխանցել մեկ ուրիշին և ժառանգական կարգով փոխանցել իր սերունդներին: Այստեղ պայթեցումներ և հանքահանման այլ աշխատանքներ կատարելը հատուկ թույլտվություն ու մոտեցում է պահանջում, քանի որ սարի  տակ գտնվող աղբյուրները, սնուցելով մի շարք գյուղեր, միջազգայնորեն համարվում են կենսաբանական ջրագոյացման օբյեկտներ: Բանավան թաղամասի բնակիչ Հրաչ Ասատրյան Չինացիները գնել են դիմացի սարը, որտեղ երկաթի հանքն է և մոտ ժամանակներս շահագործելու են: Ինչ-որ մարդիկ ստորագրություններ են վերցնում, որպեսզի գան Բանավան թաղամասի բնակիչներին տեղահանեն, էդտեղ հաստատվեն: Այս հանքը ամբողջությամբ ռադիացիա է, դեռևս 1958 թ.,երբ ուզում էին հանքը շահագործել, տեսնելով, որ ուրան կա, չշարունակեցին: Դրա հետ մեկտեղ Մեղրաձորի ոսկու հանքը եկան տեսան, բայց որ ռադիացիա էր, փակեցին: Վախենում ենք կյանքի կրճատման համար: Ցանկանում ենք միասնական լինել, շատ քիչ ենք, չենք զարգանում: Առողջ մանկություն մեր երեխաներին: Մենք մեր բնակավայրերից դուրս եկողը չենք: «Մտավորականների ակտիվ» ՀԿ, Հակոբ Գաբրիելյան Խնդիրն այն է, որ քիչ է ուսումնասիրվել, թե նմանատիպ դեպքերի շարունակությունն ինչ է եղել: ԱՄՆ–ում մի քաղաք նմանատիպ հանքի շահագործման արդյունքում առաջիկա 10–15 տարիների ընթացքում այլևս գոյություն չի ունեցել: Դա մեր դիմացի սարն է, որը շարունակվում է հյուսիս-արևելք, և այնտեղից սկսվելու է հանքի շահագործումը, որտեղից  մի քիչ հեռավորության վրա գտնվում է Վանատուր թաղամասը: Այնտեղից վերև ` դեպի հարավային կողմը, ջրովի գյուղատնտեսական տարածության կարտոֆիլի դաշտերն են, որից դեպի արևելք գտնվում է Կոճոռ թաղամասը, հարավային թաղամասը և սա այն է, որի շուրջը ձևավորվել է Հրազդան քաղաքը: Եվ այն թյուր կարծիքը, որ հանքը գտնվում է բնակավայրից դուրս, եղել է հիմնականում այն դեղամիջոցը, որի հիման վրա լիցենզիա է տրամադրվել: Մեր ասելիքն այն է, որ տեղեկատվություն տանք մեր հասարակությանը, և մենք ի վիճակի ենք և ունենք համապատասխան լծակներ և դիմելու ենք նաև Հայաստանից դուրս և ավելի լսելի դարձնելու, որպեսզի և մեր պատական մարմինները, և այդ թյուր տեղեկատվությունը տրամադրողները պատասխան տան օրենքի առաջ: Այստեղ ներկայացվեց, որ այս երևույթը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև որ կարողանանք դադարեցնել հանքի շահագործումը: Մեր բոլոր լեռները նույն ծագումնաբանությունն ունեն, և ուսումնասիրությունները նույն արդյունքները կտային: Խնդիրն այն է, որ մոտիկ են և' ջրերը, և' հոսանքը: Մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրումներ են նախատեսվում, որի արդյունքում Հրազդանը գոյություն չի ունենալու: Այսօրվա հավաքը տեղեկատվական բնույթ ունի, քանի որ մեր հասարակությունը անտեղյակ է: «Անտառները գալիք սերունդներին» ՀԿ, Մովսես Մանուկյան Ուրախալի փաստ է, որ մարդիկ հավաքվել են այստեղ, ցավում են մեր ժողովրդի համար: Ժամանակին շատ բաներ են կուլ տվել: Ցանկանում եմ, որ բոլորի միջից վերանա այն մտայնությունը, որ մենք ոչինչ չենք կարող անել: Ցանկանում եմ, որ մենք տեսնենք մեր թոռների և երեխաների ապագան այս հող ու ջրի վրա: Զարմանում եմ, որ այժմ այստեղ մի քանի հարյուր ենք, պետք է հազարներ լինեինք: Խնդրում եմ դիմել կազմակերպիչներին, որ նամակ–ուղերձներ գրեն ղեկավարությանը` ինչ հանգամանքներում և իրավունքով է հանքը լիցենզիա ստացել և վաճառվել: Պետք է հասարակական լսումներ լինեն` պարզելու համար` ժողովրդին պե՞տք է այս հողն ու ջուրը, թե՞ 20–30 տարով աշխատանք: Պետք է դիմել ղեկավարությանը, եթե դա չօգնի, դիմել դատարան, եթե դա էլ չօգնի, դիմել ավելի բարձր ատյաններ: «Թռչնասերների ակումբ» ՀԿ, Սիլվա Ադամյան Ես` որպես բնապահպան, այն կարծիքին եմ, որ մենք միշտ կանգնած ենք ձեր կողքին, այս խնդիրներն առաջին հերթին ձեզ պետք է հետաքրքրեն, բայց դուք` որպես ՀՀ քաղաքացիներ, պետք է իրավունք ունենաք ձեր ձայնը բարձրացնելու այս խնդրի հարցով: Ամուր եղեք ձեր տեսակետում, միացեք մեզ, թույլ մի տվեք, որ այս անօրեն գործողությունը կատարվի ձեր քաղաքում: Մենք լսեցինք տարբեր տեսակետներ քաղաքացիներից: Կան մարդիկ, որ ասում են` ինչու չշահագործեն, մենք աշխատանք կունենանք, մեկ այլ տեսակետ` ոչ մենք չենք ցանկանում, որ հանքը շահագործվի: «ՇՊԱԿ» - ի համակարգող Տիգրան Գրիգորյան Որպես երիտասարդների իրավական ներկայացուցիչ` պետք է ասեմ, որ մենք ձեր կողքին ենք լինելու` պաշտպանելով իրավական կողմը: Այսօր այս պայքարը ոչ թե կամայականություն է, այլ այն միանշանակ լինելու է իրավական դաշտում: Կան մի քանի հարցադրումներ: Մենք իրականում չգիտենք ձեր կամքը հարցրե՞լ են, թե՞ ոչ: Այդ հարցերի պատասխանը ստանալու համար մենք դիմելու ենք պաշտոնական կազմակերպությունների, որոնք ուղղակի թե անուղղակի կապ ունեն այս խնդրի հետ` սկսած քաղաքապետարանից, մարզպետարանից և գործադիր իշխանությունից: Արդյունքների մասին իմանալու եք: Մեր սերունդներին կտակելու միակ բանը  ժամանակն է: Իսկ ապրելու համար միակ բանը բնությունն է, բնական աուրան, որտեղ մենք կարող ենք գոյատևել: Փորձենք այս հարցը չքաղաքականացնել: Մենք իրականում ոչ մի հակառակորդ չենք տեսնում` ոչ պետությանը, ոչ էլ թեկուզ որևէ պաշտոնյայի: Մենք թշնամիներ չենք որոնում, մենք ուզում ենք պայքարել մեր իրավունքների համար և ձեր ձայնը լսելի դարձնել: Գոնե այսօր մենք մտածենք մեր ապագայի մասին,  կարևորագույն հարցերի շուրջ լինենք միասնական և կառավարությանը ցույց տանք, որ Հրազդանի բնակիչները նման լրջագույն հարցերը չեն կարող արհամարհել և կարող են լինել միասնական:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter