Համաքաղաքային ծառատունկ և շաբաթօրյակ` ապրիլի 9-ին
Ապրիլի 9-ը Երևանում հայտարարված է համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր: Քաղաքապետ Կարեն Կարապետյանը աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է, որ կանաչապատման աշխատանքների կազմակերպումը պետք է լինի համակարգված և իրականացվի բոլոր վարչական շրջաններում:
«Անհրաժեշտ է ներգրավել բոլորին, և կարևոր է, որ այն ինքնանպատակ չլինի: Պետք է ապահովել նաև այդ ծառերի հետագա խնամքը»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Նա շնորհակալություն է հայտնել Երևանի ոստիկանությանը վերջերս իրականացված ծառատունկից հետո արձանագրված նորատունկերի գողությունների դեպքերին արագ արձագանքելու և մեղավորներին բացահայտելու համար:
Ըստ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության` Կարեն Կարապետյանը խիստ և հետևողական վերահսկողության պահանջ է դրել վարչական շրջանների ենթակայության սոցիալական ծառայությունների աշխատանքի նկատմամբ: Նա ընդգծել է, որ այս հարցում որևէ բողոք անարձագանք չպետք է մնա, և հանձնարարել է ընտրանքային ստուգումներ անցկացնել:
Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ մայրաքաղաքի սանմաքրման վիճակը պետք է սկզբունքորեն փոխվի: Պատասխանատու բոլոր կառույցներին հանձնարարվել է ավելի մեծ ուշադրություն դարձնել փողոցների և բակերի մաքրման աշխատանքներին:
«Շատ գործառույթներ կան, որտեղ ակնհայտ են մեր բացթողումները, բայց կան նաև թերացումներ, որոնք ուղղակիորեն պայմանավորված են մեր համաքաղաքացիների անբարեխիղճ վերաբերմունքով»,- նշել է քաղաքապետը:
Աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ վարչական շրջանների ներկայացված առաջարկությունների հիման վրա կազմվել է Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման, աղբահանության վճարների հավաքագրման աշխատանքների բարելավման միջոցառումների ծավալուն ծրագիր:
Անդրադառնալով Երևանի աղբահանության խնդրին` Կարեն Կարապետյանը նշել է. «Մաքուր և բարեկարգ մայրաքաղաք ունենալու հարցում շատ կարևոր է նաև յուրաքանչյուր քաղաքացու հոգատար վերաբերմունքն իր քաղաքի նկատմամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել