Լևոն Զուրաբյանը` ժողովրդի և դեմագոգների մասին
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի ելույթը Ազատության հրապարակում
Տեսնում եք, թե ինչպես են տարբեր քաղաքական գործիչներ, որ անխնա քննադատության էին ենթարկում Հայ ազգային կոնգրեսին եւ կարծես խզել էին կապերը մեր համաժողովրդական շարժման հետ, սկսել են այցելել Ազատության հրապարակ, զրուցել հավաքված ժողովրդի հետ, նկարահանվել մեր վրանային ավանի ֆոնին:
Ինչ է կատարվում: Սա իհարկե պարզ բացատրություն ունի: Բան այն է, որ մեր 7 (հիմա արդեն 8)-օրյա շուրջօրյա հանրահավաքը լուրջ հաջողություններ է արձանագրել իր հիմնական նպատակի իրականացման ուղղությամբ, այն է` արթնացնել մեր ժողովրդին, հասարակության ուշադրությունը սեւեռել Հայաստանում շուտափույթ կերպով օրինակարգ իշխանության ձեւավորման խնդրի վրա: Եւ այսօր այդ բոլոր քննադատները հասկանում են, որ հետ են մնում կյանքից, քանի որ մեր այս շուրջօրյա հանրահավաքների փաստն անգամ եւ ընթացքը ցույց են տալիս նրանց քննադատության ամբողջ սնանկությունը:
Շատերին թվում էր, որ մարտիմեկյան ջարդ տեսած ժողովուրդը եւ նրա ընդվզումը ղեկավարող միացյալ ընդդիմությունը այլեւս չի հանդգնի Ազատության հարապարակում սկսել շուրջօրյա հանրահավաքները` մարտահրավեր նետելով բռնապետական ռեժիմին, չի ստեղծի վրանային ավան: Նրանք Կոնգրեսի ամեն հանրահավաքից, մասնավորապես նաեւ սեպտեմբերի 30-ի հանրահավաքից առաջ, ասում էին. «Կոնգրեսը հանրահավաքից հետո մարդկանց նորից տուն է ուղարկելու, որովհետեւ ի վիճակի չէ գնալ վճռական քայլերի: Այ երբ որ ժողովրդին տուն չուղարկեք, այլ մնաք Ազատության հրապարակում, այդժամ ձեզ կհավատանք եւ անմիջապես կմիանանք պայքարին»:
Սակայն ի՞նչ է ստացվում. Կոնգրեսը գնացել է վճռական քայլերի, ժողովուրդը գնացել է վճռական քայլերի, եւ, հակառակ ամեն օր կատարվող ոստիկանության սադրանաքներին եւ հոգեբանական սադրանքներին, հակառակ ամբողջ հանրապետությունում արդեն 6-րդ օրը կիրառվող խստագույն տրանսպորտային բլոկադայի, ձեւավորել ենք ժողովրդական դիմադրության արդյունավետ մեխանիզմ, որի շնորհիվ բոլոր սադրանքները Ազատության հրապարակում վնասազերծվում են, բայց իրենց «վճռական» հորջորջող հակակոնգրեսական գործիչներն այսօր Ազատության հրապարակում չեն: Հիմա ես հարց եմ տալիս. ի՞նչ է, իսկապես չէի՞ք մտածում, որ Կոնգրեսը կգնա վճռական քայլերի, եւ այդ պատճառով հանգիստ ասում էիք` դե սկսեք, մենք կմիանա՞նք: Է սկսել ենք: Դե միացեք: Թե պիտի սկսեինք, որ պարզ դառնար` «վճռականության» դիրքերից բոլոր այս քննադատները ընդամենը փոքրոգի, վախկոտ դեմագոգներ են:
Բոլոր քաղաքական ուժերը մի բան պետք է հասկանան. ժողովուրդը ամեն ինչ արձանագրոմ է իր հիշողության մեջ: Ժողովրդին հնարավոր չէ խաբել PR դիվիդենտներ քաղելու նպատակով Ազատության հրապարակ այցելություններով: Կամ դուք այսօր ժողովրդի հետ եք, իսկ դա նշանակում է միանալ Ազատության հրապարակում ժողովրդի կողմից ստեղծած դիմադրության մեխանիզմին եւ ենթարկվել ռեժիմի կողմից Ազատության հրապարակի վրա գործածվող բոլոր ճնշումներին, կամ`դուք զբաղված եք վճռական պայքարի ելած մարդկանց վարկաբեկման ամոթալի գործով` դառնալով ռեժիմի ամենարդյունավետ գործիքներից մեկը:
Ամեն դեպքում` ժողովուրդը շատ հստակ է արձանագրելու, թե Ազատության հրապարակում պայքարի վճռական պահերին ով էր նրա հետ կողք կողքի միասնաբար դիմադրում ռեժիմին, եւ ով` ընդհանրապես բացակայում էր, կամ ընդամենը մամուլի էջերում հայտնվելու համար զբոսանքներ կատարում:
Նախագահ Տեր-Պետրոսյանն ասաց. «Կարելի է խռովել Կոնգրեսից, բայց չի կարելի խռովել սեփական ժողովրդից»: Եւ եթե որեւէ քաղաքական ուժ խռովում է ժողովրդից, միակ արդյունքն այն է լինելու, որ ժողովուրդը խռովելու է այդ քաղաքական ուժից: Իսկ Կոնգրեսից ժողովուրդը չի խռովելու, որովհետեւ գիտի, որ միասին պայքարում ենք, միասին որոշումներ ենք ընդունում, միասին կրում բոլոր զրկանքները, միասին կրում ռեժիմի բոլոր հարվածները:
Բոլոր ուժերի հետ, որոնք նույն այս մոտեցումն ունեն, մենք պատրաստ ենք համագործակցել եւ ողջունել նրանց այս հրապարակում, որովհետեւ մեզ համախմբողը լինելու է մի ժողովուրդ, որ ոտքի է կանգնել, հավաքված է Ազատության հրապարակում եւ ապացուցել է մինչեւ վերջ պայաքարելու իր պատրաստակամությունը, եւ թող այդ ժողովուրդը լինի մեր բոլոր արարքների գնահատման բարձրագույն ատյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել