VH Music-ը պարտավորվել է տոմսերի գումարը վերադարձնել մինչև ապրիլի 10-ը
Գերմանացի երգչուհի Սարա Քոնորի և հայ երգիչների չկայացած երևանյան համերգի կազմակերպիչ VH Music ընկերության տնօրեն Վահե Հարությունյանը ոստիկանությունում պարտավորվել և գրավոր խոստացել է տոմս գնած քաղաքացիներին գումարը վերադարձնել մինչև ապրիլի 10-ը: «Եթե չվճարեց, ապրիլի 11-ին արդեն իրավիճակը կփոխվի, և հնարավոր է` քրեական գործ հարուցվի` խարդախության հատկանիշներով»
,- «Հետքին» ասաց ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն աշխատակից Արմեն Մալխասյանը: Տոմսերն արժեցել էին 3-ից 30 հազար դրամ: Մարտի 5-ին կայացած մամուլի ասուլիսում Վահե Հարությունյանը հայտնել էր, որ դրամարկղերից վաճառվել է 2000 տոմս` մոտ 15 մլն դրամ արժողությամբ: Մարտի 19-ին Արմեն Մալխասյանը «Հետքին» հայտնել էր, որ 30-ից ավելի քաղաքացի արդեն դիմել-բողոքել է ոստիկանությանը: «Եթե կան տուժողներ, թող գնան կենտրոնական բաժին, դիմեն»,- նշել էր Արմեն Մալխասյանը:
Հիշեցնենք, որ մարտի 8-ին Մարզահամերգային համալիրում տեղի ունենալիք համերգին պետք է ելույթ ունենային Սարա Քոնորը, նաև Սիրուշոն, Արա Մարտիրոսյանը և «Օզոն» խմբի երգիչ Արսենին: Սակայն համերգը չկայացավ, քանի որ Սարա Քոնորը հրաժարվեց Հայաստան գալուց: Ինչպես նշել էր երգչուհու ներկայացուցիչ Թինա Կրուգը, «տեղական պրոմոտերը չի կատարել պայմանագրի կետերը և չի պահպանել հետագա պայմանավորվածությունները»:
Իսկ VH Music ընկերությունն անհասանելի դարձավ տոմս գնած քաղաքացիների համար: Ընկերության հեռախոսները չէին պատասխանում, իսկ Իսահակյան 28 հասցեում գտնվող գրասենյակը փակվեց:
Լուսանկարը` sarah-connor.com-ից
Մեկնաբանել