HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Եթե սենց շարունակվի, էս գործով մարդիկ են զոհվելու»,- դատարանում ասաց Արա Կարապետյանը

Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման գործով քննությունը Կենտրոնի դատարանում հասել է վիճաբանությունների փուլին:

Նախորդ` հունվարի 17-ի նիստում դատախազ Հովսեփ Սարգսյանը պետք է հրապարակեր մեղադրական ճառը: Սակայն ամբաստանյալներից Արա Կարապետյանի պաշտպանը միջնորդեց դատաքննությունը վերսկսել. գտնվել է «կորած» վկան` Հարություն Ալեքսանյանը, որը, ըստ քրեական գործի, վերադարձրել է Ավետիսյանի տան գողոնը:

Հիշեցնենք` այս գործը բազմադրվագ է, եւ մաքսայինի նախկին ղեկավարի տան գողությունը դրվագներից միայն մեկն է: Ամբաստանվում են 10 հոգի, որոնցից Արա Կարապետյանը եւ Արմեն Նիկողոսյանը (Նոր Նորքի նախկին փոխոստիկանապետ, ով մարտիմեկյան իրադարձություններով պայմանավորված` արդեն դատապարտվել է) նախաքննության ընթացքում մեղադրվել են իբրեւ հանցագործությունների կազմակերպիչ:

Սակայն ավելի ուշ Կարապետյանին առաջադրված մեղադրանքը վերաորակվել է, ըստ որի` նա ոչ թե հանցագործությունների կազմակերպիչն է, այլ Արմեն Նիկողոսյանի հետ ստեղծել է հանցավոր խումբ, որն էլ իրականացրել է հանցագործությունները:

Արա Կարապետյանը Հայաստանի ամենախոշոր կոշիկ ներկրողներից էր: Նա դատարանին պատմել է, որ իր խանութի հաճախորդներից մեկը` վրացահայ ոմն Արոլդ, 2008-ի դեկտեմբերին իր մոտ թողել է մի պայուսակ, որի մեջ, ինչպես պարզվել է հետագայում, Ավետիսյանի տան գողոնն է:

Նրա ցուցումով ամբաստանյալներից Սուրեն Մելքոնյանը պայուսակն անձամբ փոխանցել է Արմեն Ավետիսյանի մտերիմներից մեկին` ոմն Կարենի: Բայց գործում նշված է, թե պայուսակն ԱԱԾ-ին հանձնել է Հարություն Ալեքսանյանը եւ հայտարարել, որ այն պահելու խնդրանքով իրեն տվել է Սուրեն անունով մեկը:

Սուրենը պնդում է, որ Հարությունին չի ճանաչում, իսկ վերջինիս դատարանն այդպես էլ չկարողացավ հարցաքննել. ոստիկանությունն անընդհատ հայտնում է, թե նա հանրապետությունում չէ, մեկնել է Թուրքիա:

Եվ ահա, նախորդ նիստի ժամանակ Կարապետյանի պաշտպան Կարեն Քամալյանը հրապարակեց Հարություն Ալեքսանյանին ուղղված իր մասնավոր հարցման պատասխանը: Վերջինս իր ստորագրությամբ վավերացված գրությամբ հայտնում է, որ Արմեն Ավետիսյանի տնից հափշտակված ոսկյա զարդերի եւ փաստաթղթերի վերադարձման հետ որեւէ կապ չունի: «Չեմ հիշում` իմ ընկերներից ում խնդրանքը կատարեցի եւ այդ ցուցմունքը գրեցի, որ իբր նշված ապրանքը Սուրիկը տվել է ինձ, եւ այն ես եմ հանձնել քննությանը»,- գրել է Հարություն Ալեքսանյանը եւ շեշտել, որ Սուրեն Մելքոնյանին ընդհանրապես չի ճանաչում:

Պաշտպան Կարեն Քամալյանի` դատաքննությունը վերսկսելու միջնորդությունը դատավոր Մնացական Մարտիրոսյանը համարեց ոչ ժամանակին արված եւ նշեց, որ այն կքննարկի պաշտպանի ճառի ժամանակ: Դատավորը դատախազ Սարգսյանին խնդրում էր հրապարակել մեղադրական ճառը, երբ Արա Կարապետյանը հանդես եկավ հայտարարությամբ: Ստորեւ այն ներկայացնում ենք հատվածաբար.

«Հարգելի դատարան, Ձեր գլխավոր վկային պետությունով չգտաք, ես գտա` ի վնաս մեղադրողի, որ չգիտի` հիմա ինչ անի: Էս էն վկան ա, որ պահել էիք: Հիմա գտել եմ, ասում եք` ոչ ժամանակին արված (միջնորդություն)… Ի՞նչ ճառ ասի (մեղադրողը), եթե չգիտեք` ով ա տարել Արմեն Ավետիսյանի ապրանքը, ում տնից ա գնացել (ԱԱԾ)… Տեսաք, որ զաստավիտով եք գրել տվել (Հարություն Ալեքսանյանին), սրա համար ձեզ դատ ա հասնում: Հիմա, հարգելի դատարան ջան, ընկեր Մարտիրոսյան ջան, կյանքիդ մեռնեմ, միլիոնավոր անհայտներով ի՞նչ ճառ ասի էս մարդը (մեղադրողը)… Եթե սենց շարունակվի, էս գործով մարդիկ են զոհվելու: Ասեմ ձեզ` դուք տանում եք սպանության, հայտարարում եմ դատարանում… Սենց բանի համար, հարգելի Մարտիրոսյան ջան, ցավդ տանեմ, երեխեքիդ մեռնեմ, ոչ թե չեն ընդունում ժամանակին (միջնորդությունը), հոգուդ մեռնեմ, սենց բանի համար հիմա դուք պետք է մեղադրանք առաջադրեք, կալանավորեք մարդկանց…»:

Արա Կարապետյանը վստահեցրեց, որ դատաքննության վերսկսման դեպքում կբացահայտի ոչ միայն Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման, այլեւ գործի մյուս դրվագները` մասնավորապես ոսկու շուկայից Վաղարշակ Վարդեւանյանի սրահի թալանն ու «Գրավ» ՍՊԸ տնօրեն Համլետ  Հարությունյանի բնակարանի չհաջողված գողությունը. «Սաղ գործերը փակ են, բերեք բացեմ, դնեմ դեմներդ: Ոսկեղենը տանողին էլ գտնեմ տամ ձեզ, Համլետի գործն էլ բացեմ, տամ ձեզ: Այ մարդ, թույլ տվեք բացեմ, սաղ գործերը փակ ի՞նչ դատ եք անում, սենց ի՞նչ ճառ եք ասում»:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանն անդրդվելի էր եւ շարունակում էր պնդել, որ դատախազը հրապարակի մեղադրական ճառը: Կարապետյանն էլ, դիմելով իր պաշտպան Կ. Քամալյանին, ասաց. «Վեր կաց խոսիր, եթե ոչ, հրաժարվում եմ փաստաբանիցս հենց հիմա: Սիլավո՞յ դատ եք ուզում անել, ուժայի՞ն եք բրդում»:

Գործում նոր պաշտպան ներգրավելու հիմքով դատական նիստը հետաձգվեց: Այն կշարունակվի հունվարի 31-ին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter