HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարարությունը կոչ է անում աջակցել, որ «Սասունցի Դավիթը» ներառվի ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում

Մեկնարկել է ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկի 2011 թ. համալրման գործընթացը, որն իրականացնում են տարբեր երկրներ ՅՈւՆԵՍԿՕ-ին ազգային ոչ նյութական արժեքների հայտեր ներկայացնելու միջոցով: 2011 թ. համալրման նպատակով ՀՀ մշակույթի նախարարությունը մշակել և ՅՈւՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի հետ համատեղ ներկայացրել է հայ ժողովրդական բանահյուսության գոհարներից մեկը` «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի հայտը: Հաշվի առնելով, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն կարևորում է ներկայացվող հայտն աջակցող նամակների առկայությունը` ՀՀ մշակույթի նախարարությունը կոչ է անում բոլոր մշակութային, գիտական, կրթական հաստատություններին և կազմակերպություններին պատրաստել ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովայի անունով, «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» ազգային հայտն աջակցող նամակներ և տրամադրել ՀՀ մշակույթի նախարարությանը: Նախարարությունը սահմանված կարգով դրանք կներկայացնի ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանին: Նամակներում պետք է արտահայտվեն էպոսի դերը ազգային ինքնության պահպանության գործում, ժողովրդական վերաբերմունքը էպոսի նկատմամբ և նրա ներառման կարևորությունը ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Նամակները պետք է լինեն անգլերենով, ֆրանսերենով: Հայերենով ներկայացնելու դեպքում` անգլերեն թարգմանության առկայությունը պարտադիր է: «Ակնկալում ենք բոլոր շահագրգիռ կազմակերպությունների (պետական և ոչ պետական) ակտիվ մասնակցությունն ազգային հայտն աջակցելու գործում»,- նշվում է մշակույթի նախարարության կայքում: Հիշեցնենք, որ 2010 թ. նշված ցանկում ներառվեց Հայաստանի ներկայացրած «Խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» ոչ նյութական մշակութային արժեքը: Լուսանկարը` flickr.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter