HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ֆեյսբուքյան ընդդիմության խաղադրույքը

Մարտիմեկյան դեպքերի մասին «Ժառանգություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Ստեփան Սաֆարյանի արած ֆեյսբուքյան նոր բացահայտումները բացարձակապես արդարացված չեն բարոյականության եւ էթիկայի տեսանկյունից: Սակայն քաղաքական առումով այդ հայտարարությունների էֆեկտը չափազանց ուժեղ է լինելու: Ողջ խնդիրն այն է, թե ադ էֆեկտից մարտավարական առումով «Ժառանգությունը» կշահի՞, թե՞ տանուլ կտա: Այդ բացահայտումները իրական հարցադրումները ոչ թե ուղղում են նրան, թե արդյո՞ք Լեւոն Տեր-Պետրոսյանը երեք տարի առաջ` ողբերգական այն օրերին, նման մտքեր արտահայտել է Ֆրանսիայի դեսպանատան առաջ հավաքված բազմության վերաբերյալ, թե՞ ոչ: Այլ նրան, թե ինչու՞ Սաֆարյանը դրանք չի բացահայտել դեռ այն ժամանակ` կանխելու համար հետագա ողջ ֆարսը եւ ՀԱԿ-ի կողմից հասարակության եռամյա տոտալ մանիպուլացումը: Եթե անգամ Տեր-Պետրոսյանը պատասխանատվությունից ձերբազատվելը վկայող այդ հայտարարությունն իսկապես արել է, Սաֆարյանի լռությունը շատ ավելի նման է հանցավոր անգործության: Որքան այս «բացահայտումները» միտված են հարվածելու Լեւոն Տեր-Պետրոսյանին, նույնքան էլ, գուցե ավելի շատ, հարվածում են անձամբ Սաֆարյանի եւ «Ժառանգության» հեղինակությանը` նրանց նկատմամբ անվստահության նախադրյալներ ստեղծելով: Որովհետեւ ստացվում է` քանի դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանն ուժեղ էր ու նրա առաջնորդած շարժմանը մաս դառնալու եւ այդպիսով ջրի երեսին մնալու հնարավորություն կար, կարելի էր անտեսել նման հայտարարությունները ու նրա հետ համագործակցելու ուղիներ փնտրել: Իսկ երբ նրանք այսօր անհամեմատ ավելի թույլ են, եւ առաջացել է մրցակցության խնդիր, անգամ ապացուցման տեսանկյունից խիստ խոցելի պնդումներով կարելի է ուղղակի ոչնչացնել: Այստեղից` հետեւություն. թե Սաֆարյանը, թե «Ժառանգությունը» առաջնորդվում են ոչ թե բարոյական արժեքներով, ինչպես հիմա ուզում են ցույց տալ, այլ հայաստանյան իրականությանը եւ շարքային կուսակցություններին հատուկ` արժեքազերծ պրագմատիզմով ու օրվա հրամայականներով: Սակայն խնդիրը բացահայտումների բովանդակությունը չէ, այլ նպատակների: «Ժառանգությունը» չի թաքցնում, որ դա արել է` ի պատասխան իրեն քաղաքականապես ոչնչացնելուն ուղղված Հայ ազգային կոնգրեսի եւ անձամբ Տեր-Պետրոսյանի վերջին քայլերի: Ակնհայտ է, որ դա Րաֆֆի Հովհաննիսյանին եւ նրա հացադուլի ակցիան Ազատության հրապարակում արհամարհելու, իսկ այնուհետեւ քաղաքական ենթատեքստ ունեցող «ծոմապահությունը» եկեղեցական մատենագրական հիմնավորումներով բարոյազրկելու Տեր-Պետրոսյանի մեկնաբանությունների եւ դրա հիման վրա ՀԱԿ քարոզչամեքենայի ձեռնարկած արշավի հետեւանքն էր: Այնպես որ, կռվի իրական հրահրողն իսկապես Կոնգրեսն էր, եւ զուտ քաղաքական պայքարի հայաստանյան կանոնների տիրույթում «Ժառանգությունը» ՀԱԿ-ին պատասխանում է նույն մեթոդներով` «ակն ընդ ական»-ի տրամաբանությամբ: Բայց նկատի առնելով անցյալին հղում անելու ոճը` կարելի է ասել, որ «Ժառանգությունը», ունենալով բավարար ինտելեկտուալ պոտենցիալ, չի երկնչում այս դիմակայության մակարդակը  քաղաքակրթականից բամբասանքայինի իջեցնելուց: Իսկ դա ընդամենը մեկ նպատակ կարող է ունենալ. որքան հնարավոր է մեծ աղմուկ բարձրացնել ու տեւական դարձնել ՀԱԿ-ի եւ Տեր-Պետրոսյանի շուրջ, անվստահության սերմեր ցանել հենց ՀԱԿ-ի ներսում, հասարակական դաշտում ակտիվ գործունեության միջոցով գրավել Կոնգրեսի պոտենցիալ այն ընտրազանգվածին, որը Տեր-Պետրոսյանի հակասական հայտարարությունների, վճռական գործողությունների չգնալու տրամադրվածության պատճառով հայտնվել է անորոշության մեջ: Չի կարելի բացառել, որ դա ապահովելու համար կլինեն նաեւ նոր բացահայտումներ: Ամեն դեպքում արդեն ակնհայտ է, որ «Ժառանգությունը» գնում է ՀԱԿ-ի հետ ուղղակի առճակատման: Խաղադրույք է կատարվել հետեւյալի վրա. ՀԱԿ-ին թուլացնելով` գրավել նրա դիրքերն արմատական դաշտում: Այսինքն` այս երկու ուժերի միջեւ իսկական մրցամարտ է սկսվել հենց ընդդիմադիր արմատական դաշտին տիրելու համար: «Ժառանգությունն» առաջնորդվում է այն հաշվարկով, որ պարզապես այլընտրանք չունի: Իշխանական կոալիցիայի տոտալ հարձակումը` խորհրդարանական փոքրամասնության մանդատների մի մասն էլ վերցնելու համար, «Ժառանգությանը» դրդում է խորհրդարանական ընդդիմության մնացած սահմանափակ տեղերի համար պայքար սկսել ՀԱԿ-ի հետ, որը ներկայումս այդ տեղերը վերցնելու ամենամեծ շանսերն ունի: Մնացած բոլոր տարբերակներում «Ժառանգությունը» կամ մարգինալացվում է, կամ դառնում կցորդ: Ներկայումս չկա որեւէ այլ քաղաքական ուժ, որն այսպիսի մոլեռանդությամբ ու հետեւողականությամբ սկսած լինի նախընտրական արշավը: Բայց իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ «Ժառանգությունն» առաջնորդվում է երկակի ստանդարտներով. որքան անզիջում է ՀԱԿ-ի նկատմամբ, նույնքան էլ հանդուրժողական ու սրտաբաց է հասարակական-սոցիալական տարբեր խմբերի նկատմամբ: Կուսակցությունը բավականին հետաքրքիր մարտավարություն է ընտրել հասարակական կարծիքի վրա ազդելու համար` շրջանառության մեջ դնելով «քաղաքացիական գիտակցության» ձեւավորման եւ «անառաջնորդ» քաղաքացիական շարժում ստեղծելու գաղափարները: Դրանք, իհարկե, նոր չեն: Կարելի է թեկուզ հիշել 2007 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «+1» շարժումը, որն ուներ նույն նպատակները, թեեւ հստակ կաղապարների ու բանաձեւումների ենթարկված չէր: Հիմա «Ժառանգությունը» փորձում է այս գործընթացին քաղաքական բովանդակություն հաղորդել` առանց քաղաքականացնելու, առանց առաջնորդելու, ընդամենը նպաստողի, համակարգողի, ուղղորդողի կարգավիճակով: Խնդիր է դրվել այնպես անել, որ հասարակական կոնսոլիդացիան տեղի ունենա «Ժառանգության» նախագծած սցենարով այնպես, որ հասարակությունը մտածի, թե համախմբումը տեղի է ունեցել ինքնաբերաբար, հասարակական արատները վերացնելու նպատակների շուրջ: Այսպիսի մարտավարության ընտրության վրա իրենց հետքն են թողել արաբական երկրներում ծավալված շարժումները: «Ժառանգությունը» Հայաստանում փորձում է ստանձնել այն դերը, որը Թունիսում, Եգիպտոսում, Եմենում, Սիրիայում, Բահրեյնում, Լիբիայում հասարակական ընդվզման առաջացման գործում կատարել էին սոցիալական ցանցերը: Պատահական չէ, որ Ստեփան Սաֆարյանն էլ ամենաինտրիգային, լուրջ բանավեճերի տեղիք տվող «հուշապատումներն» անում է հենց Facebook-ում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter