HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». վարկային շնաձկները` գյուղացու ջանին

«Արեգակ» վարկային կազմակերպությունը գյուղացուն բարձր տոկոսներով (35%) վարկեր է տրամադրում: Որոշեցինք տեղում ծանոթանալ վարկ վերցրած գյուղացիների բողոքներին:

- Գարնանը հարս ու սկեսուր գնացինք վարկ վերցրինք «Արեգակից»: Ոտս կոտրեր` չգնայի: Մի անգամ վերցրել էինք, մի կերպ տվեցինք, դե այս գարնանն էլ նորից վերցրինք, հացի փող չունեինք, դե համ էլ հողը վարելու համար պիտի վճարեինք: Ցանեցինք, ամբողջ բերքը կարկուտը տարավ: Հիմա իմ խեղճ տղա թոռս մի քանի ամիս է` Ռուսաստանում շինարարություն է անում, որ պարտքերը տանք: Դե, մենք էլ իմ ամբողջ թոշակը տալիս ենք տոկոսների մարմանը ու սոված նստում,- բողոքեց տարեց կինը:

- Լավ, եթե եկամուտի ոչ մի աղբյուր չունեք, ինչպե՞ս եք վճարում վարկերը,- հարցնում եմ գյուղացիներին:

- «Արեգակից» վերցնում ենք` տալիս ենք «ԱԿԲԱ»-ին, «ԱԿԲԱ»-ից վերցնում ենք` տալիս ենք «Ֆինքաին»: Մեզ այդ վակերից ոչինչ չի մնում, միայն մեր տանջանքը: Բայց, դե, մեր գյուղը դեռ լավ է. ուրիշ գյուղում մի երիտասարդ տղամարդ այդ վարկերի պատճառով փորձել էր ինքնասպան լինել:

Գյուղացիները ներկայացրին «Արեգակի» վարկային և ծառայությունների մատուցման պայմանագրերը: Նախ ինձ զարմացրեց այն, որ վարկի տոկոսներն անընդհատ հաշվարկվում էին ստացված վարկի գումարից, այսինքն` վարկի հիմնական գումարի մարումներից հետո. երբ վարկի գծով պարտքը նվազում էր, կազմակերպությունը տոկոսները հաշվարկում էր սկզբնական գումարից: Զարմացրեց նաև ծառայությունների մատուցման պայմանագրի բովանդակությունը: Ըստ պայմանագրի` վարկառուները վարկի ստացման համար պետք է վճարեին նաև ինչ-որ ֆինանսական խորհրդատվության դիմաց:

Թե ինչ ֆինանսական խորհրդատվություն էին ստացել վարկառու գյուղացիները` նրանցից ոչ մեկը չհիշեց: Ես փաստաթղթերը Երևանում ներկայացրի իրավաբանին: Պարզվեց, որ վարկի տոկոսների հաշվարկը կարող էր կատարվել սկզբնական վարկի գումարից, դա վարկառուի և վարկատուի պայմանավորվածությամբ է կարգավորվում (եթե վերջինս կիրազեկի գյուղացուն) և կախված է վարկատուի վարկային պրոդուկտի տեսակից, և այստեղ օրենքի հետ կապված խնդիր չկա: Սակայն գյուղացիներն այդ վարկերը վերցնում են ոչ թե իրենց գոյություն չունեցող ագրոտնտեսությունները, բիզնեսը զարգացնելու, այլ առօրյա խնդիրների լուծման համար:

Ակներև է, որ իրենց բնույթով դրանք սպառողական վարկեր էին: Ըստ օրենսդրության` այդ վարկերի տոկոսադրույքը չէր կարող գերազանցել ԿԲ հաշվարկային տոկոսադրույքի կրկնապատիկը, այսինքն` մոտ 22%-ը: Ինչ վերաբերում է ծառայությունների մատուցման պայմանագրերին, ոչ մի ֆինանսական կամ այլ կարգի ծառայություն կազմակերպությունը երբևէ չի մատուցել: Միակ ծառայությունը, որ արվում է գյուղացու համար, այն է, որ աշխատակիցները իրենք են գնում գյուղ` վարկի գումարները հավաքելու: Այս վարկերից օգտվում են նաև մարզերի քաղաքների բնակիչները, վերջիններս իրենք են ներկայանում գրասենյակ ու կատարում անհրաժեշտ վճարումները: Մինչդեռ վարկատուն կրկին կլորիկ գումարը գանձում է:

Հասկանալի է` այս կազմակերպությունները հարստանալու ամենակարճ ճանապարհն են ընտրել:

Ուսումնասիրածս վարկային պայմանագրերի կտրոնների մեջ կար մի փաստաթուղթ, որը ևս փաստում էր վարկի վերաբերյալ քաղվածքի գինը` 3000 դրամ… Այո, մեկ հատ A4 ֆորմատի թուղթը վարկային կազմակերպությունը նրանց վաճառել էր 3000 դրամով: Համեմատության համար նշեմ, որ A4 ֆորմատի թղթի մեկ տուփը գրախանութներում 2500 ՀՀ դրամ է: Եվ սա դեռ բոլորը չէ: Վարկի քաղվածքից, որ «Արեգակից» վերցրել էր վարկառուն այլ բանկ ներկայացնելու համար, պարզ երևում էր, որ վարկի փաստացի տոկոսադրույքը կազմել էր ոչ ավելի, ոչ պակաս 52%:

Որպեսզի ավելի ամբողջական պատկերացում կազմեի այդ կազմակերպության վերաբերյալ, սկսեցի ուսումնասիրել նրա ինտերնետային կայքը:

Ահա թե ինչ է ներկայացնում իր սեփականատիրոջ մասին «Արեգակն» իր կայքում: Մեջբերում եմ բառացի:

«1997 թ.-ին Միավորված Մեթոդիստների Օգնության Կոմիտեն (UMCOR) հիմնադրեց ԱՐԵԳԱԿ միկրովարկային ծրագիրը, որի նպատակն էր ֆինանսական աջակցություն ցուցաբերել ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին, ովքեր հնարավորություն չունեին օգտվելու ֆորմալ ֆինանսական աղբյուրներից` հատկապես հեռավոր շրջաններում:

Այսպիսով 2006 թ.-ի մարտին ԱՐԵԳԱԿ-ը գրանցվում և լիցենզավորվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից` որպես «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ»:

Անհասկանալի է, թե ինչու է ԱՄՆ-ում գտնվող ԱՄՔՈՐ կազմակերպությունը, որ իրենից ներկայացնում է միավորված եկեղեցիների մեթոդիստների միություն, դասավանդում է Աստծու խոսքը, աշխարհի ավելի քան 80 երկրներում մարդասիրական օգնություն է իրականացնում բնական աղետներից տուժածներին կամ պատերազմական իրավիճակներում հայտնված փախստականներին, հանկարծ որոշել է իր «Արեգակ» վարկային կազմակերպության միջոցով հայ գյուղացու հաշվին գերշահույթներ ստանալ: «Արեգակ» կազմակերպությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի գյուղերում աշխատում է 10 տարուց ավելի: Կա՞ արդյոք որևէ վիճակագրություն, թե քանի ընտանիք է լքել իր գյուղը, քանիսն են վաճառել իրենց տները վարկերը մարելու համար:

Հիմա` սրանք վարկային շնաձկնե՞ր են, թե՞ զարգացման գրասենյակներ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter