HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Զանգվածային արտաքսում»` Լիբիայում

Լիբիայի կառավարությունը որոշել է արտաքսել 26 արտասահմանցի լրագրողի` այն հիմքով, որ նրանց մուտքի արտոնագրի ժամկետը սպառվել է: Լրագրողների անունները, որոնց բոլորին էլ մայրաքաղաք Տրիպոլի էր հրավիրել հենց Լիբիայի կառավարությունը, փակցվել են նրանց հյուրանոցի նախասրահում: Սկզբում լրագրողներն ասել են, որ հեռանան հենց նույն օրը` երեկ, բայց ավելի ուշ իշխանությունները հայտարարել են, թե լրագրողների «մեկնումը հետաձգվում է մինչև ապրիլի 9»: «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը Լիբիայի կառավարության այս որոշումը որակում է խայտառակ և անվանում զանգվածային արտաքսում: Լիբիայի կառավարության այս որոշմանը վերջին շաբաթների ընթացքում նախորդել են մի շարք անհատ լրագրողների ձերբակալություններ և արտաքսումներ: Ամենավերջինը Daily Telegraph-ի թղթակից Դամեյն ՄըքԷլրոյի դեպքն էր, ում խնդրեցին լքել Լիբիան ապրիլի 3-ին: Մարտի 30-ին նույն բանը տեղի էր ունեցել Ռոյթերսի թղթակից, ամերիկացի լրագրող Մայքլ Ջորջիի հետ: Լիբիայի իշխանությունները որևէ բացատրություն չէին տվել լրագրողներին: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն իր աղբյուրներից նաև տեղեկացել է, որ ապրիլի 4-ին Լիբիայի արևելքում անհետ կորել է 4 լրագրող, որոնցից մեկը հարավաֆրիկացի է, մեկը` իսպանացի, երկուսը` ամերիկացի: Մարտի 16-ին Քադաֆիի կողմնակիցները ձերբակալեցին Al-Alam հեռուստաընկերության լրագրող, Կանադայի և Թունիսի երկքաղաքացի Լոֆթի Ղարսին, հենց նա Թունիսից Լիբիա եկավ: Մարտի սկզբին ձերբակալվել էր Al-Jazeera-ի երեք լրագրող` մավրիտանացի լրագրող Ահմեդ Վալ Ուլդ Էլ-Դայնը, նորվեգացի ֆոտոլրագրող Ամմար Ալ-Համդեյնը և բրիտանացի ֆոտոլրագրող Կամել Աթալուն: Քադաֆիի կողմնակիցները մինչ այժմ նրանց պահում են Լիբիայի արևմուտքում: Al-Jazeera-ի չորրորդ լրագրողը` թունիսցի Լոֆթի Մեսսուդին, ով ձերբակալվել էր նրանց հետ միաժամանակ, ազատ էր արձակվել մարտի 31-ին: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակեպությունը կրկին իր մտահոգությունն է հայտնում սիրիուհի լրագրող Ռանա Ակբանիի առթիվ, ով անհետ կորել է Լիբիայի արևելքում մարտի 28-ին: Լուսանկարը` rsf.org-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter