HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանի մտորումներ

Միջազգային ոստիկանական ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը, ի դեմս նախագահ Գ. Սարգսյանի, հայտնում է իր մտահոգությունը վերջին շրջանում հասարակության որոշ շերտերում ոստիկանության հանդեպ ծագած լարվածության վերաբերյալ: Ո՞վ է այսօր ոստիկանը: Ի՞նչ տեղ է զբաղեցնում մեր հասարակության մեջ: Ի՞նչ հոգածության է արժանանում կառավարության կողմից: Հարցեր, որոնց պատասխանները անպայման պիտի տրվեն... Ոստիկանը մարդ է և քաղաքացի, ում կյանքը ոչ թե իրեն ու ընտանիքին, այլ հասարակությանն ու օրենքի պահպանմանն է պատկանում: Քչերը գիտեն, թե ինչ է նշանակում գիշերվա ցանկացած ժամի տագնապալի լուրի սպասել: Քչերն են պատկերացնում, թե ինչ է նշանակում ճանապարհել ամուսնուն, հորը, եղբորը աշխատանքի և չիմանալ, թե օրն ինչ ավարտ կունենա... Եվ այս ամենի հետ մեկտեղ` հանիրավի բացասական վերաբերմունք: Կար ժամանակ, երբ «ի՞նչ ես ուզում դառնալ» հարցին փոքրիկները հպարտությամբ պատասխանում էին` ոստիկան: Եվ իրոք, ուսադիր կրելը պատիվ է, ինչն այսօր ոմանք չեն գիտակցում: Ոստիկանը նա է, ով 90-ականների սկզբին թողեց ընտանիքը և գնաց հայրենիքի սահմանները պաշտպանելու: Նա է, ով կանգնեց Հայոց բանակի ակունքներում և հիմքը դարձավ այդ բանակի: Նա է, ով 90-ականների սկզբին զսպեց գլուխ բարձրացրած հանցագործ տարրերին: Սխրագործությո՞ւն է: Անպայման: Եվ` պատմական սխրագործություն: Արցախյան պատերազմի տարիներին ոստիկանը մարտնչել է բոլոր ռազմաճակատներում, բոլոր թեժ կետերում: Միայն «Կոլցո» գործողության ընթացքում ոստիկանությունը տվեց 16 զոհ, 60 վիրավոր, 12 անհայտ կորած ունեցանք, 72-ը գերեվարվեց... Եվ այդ թանկ կորուստների գնով կարողացանք տապալել թշնամու հրեշավոր ծրագրերը. սահմանային գյուղերն ու քաղաքները զերծ մնացին հիմնահատակ ավերումից, մեր հայրենակիցները` ոչնչացումից... Հայ ոստիկանը նա է, ով ամեն Աստծո օր իր կյանքն է վտանգում, վտանգում է հանուն հասարակության, նույն հասարակության, որի որոշ շերտեր, մեղմ ասած, չեն էլ փորձում հասկանալ ոստիկանության դերը մեր կյանքում: Այսօր մեր հասարակության ամենախոցելի օղակներից է ոստիկանությունը: Անկայուն ու անկանխատեսելի աշխատանքային գրաֆիկ ունեցող, մշտապես վտանգի մեջ գտնվող ոստիկանը չնչին վարձատրություն է ստանում: Դա անթույլատրելի է: Անթույլատրելի է, որ ոստիկանի ընտանիքը չի օգտվում և ոչ մի արտոնությունից. նրա երեխան չի ստանում անվճար բարձրագույն կրթություն, ընտանիքի անդամը չի ստանում անվճար բուժօգնություն: Միջազգային ոստիկանական ասոցիացիան 64 անդամ պետություն ունի: Հավատացեք` անգամ աֆրիկյան ամենահետամնաց պետության ոստիկանն ավելի պաշտպանված ու սոցիալապես ապահովված է, քան մենք... Ցավում եմ, որ այսօր չկա արդարացի մոտեցում նաև ոստիկանների դրույքաչափերի վերաբերյալ: Համակարգի որոշ ծառայությունների` թոշակի անցած, 20 տարվա աշխատանքային ստաժ ունեցող կապիտանը ստանում է 200.000 դրամ կենսաթոշակ` այն պարագայում, երբ քրեական հետախուզության` 35 տարվա աշխատանքային ստաժ ունեցող գնդապետ թոշակառուն լավագույն դեպքում ստանում է 100.000 դրամ կենսաթոշակ: Դա այն դեպքում, որ հենց նրանք են նախականխում, կանխում, բացահայտում հանցագործությունները, վնասազերծում հանցագործներին` վտանգելով իրենց կյանքը: Կոչ ենք անում ԱԺ-ին և Կառավարությանը խտրականություն չդնել ոստիկանական համակարգի ծառայությունների միջև և հավասարեցնել ոստիկանության ծառայողների դրույքաչափերը: Եվս մեկ օրինակ: Կոռուպցիոն ռիսկերը չեզոքացնելու նպատակով դատաիրավական համակարգի, ԱԺ-ի և այլ կառույցների աշխատակիցների աշխատավարձերը սկսվում են 400.000 դրամից: Կոչ ենք անում հավասարեցնել ոստիկանական ծառայությունների և դատաիրավական համակարգի աշխատավարձերի չափերը: Այսօր օրենքով ապահովված չէ ոստիկանի սոցիալական, առողջապահական, իրավական պաշտպանվածությունը, ինչը կարող է հանգեցնել հիասթափության և կադրային ու մասնագիտական լուրջ կորուստների ոստիկանական համակարգում: Շնորհակալություն ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին, ով իր պաշտոնավարման շրջանում կարողացավ բարոյական նոր լիցք հաղորդել ոստիկանության ողջ համակարգին և հատկապես ՄՀՆՋ-ի վետերաններին: Տարիներ շարունակ նրանք զուրկ էին օրենքով իրենց հասանելիք կոչումներից ու պարգևներից: Ոստիկանության պետն ըստ արժանվույն գնահատեց ոստիկանների մարտական ու ծառայողական ուղին և խրախուսում է թե կոչումներով, թե պարգևներով: Ոստիկանը միշտ կանգնած է եղել պետության և պետականության հիմքերում: Ոստիկանը օրենքի և օրինականության տառի ու ոգու պահապանն է: Այո, ոստիկանությունում էլ կան անցանկալի երևույթներ, որոնք անհրաժեշտ է արմատախիլ անել: Իսկ ինչ վերաբերում է հասարակություն-ոստիկան անջրպետին, ապա չկա, գոյություն չունի այդ հակամարտությունը, քանի որ ոստիկանությունը հասարակության մասն է, օրենքի պահապանը, քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանը: Գրիշա Սարգսյան Միջազգային ոստիկանական ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության նախագահ, Ոստիկանության գնդապետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter