
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ինստիտուցիոնալ աջակցության միգրացիայի վերաբերյալ տեղեկատվությանը եւ համագործակցություն Հայաստան վերադարձող հայերի տնտեսական վերաինտեգրման բնագավառում» ծրագրի շրջանակներում Ներգաղթի եւ ինտեգրացիայի ֆրանսիական գրասենյակի, «Ընկերական օգնության հայկական ընկերակցության», ՀՀ տարածքային կառավարման միգրացիոն ծառայության, Զբաղվածության պետական գործակալության եւ Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ Գյումրիում կազմակեպվել էր սեմինար:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանն ասաց, որ հանրապետության երկրորդ քաղաքը պատահական չի ընտրվել: Միգրացիոն հոսքերն այստեղ բավական ակտիվ ընթացք ունեն: Հարկ է, որպեսզի մեկնողները հստակ պատկերացում ունենան, թե ինչ է սպասվում իրենց օրինական եւ ինչ խնդրիներ կարող են ծագել անօրինական ներգաղթի դեպքում:
«Մենք նպատակ չունենք դատարկելու ձեր երկիրը,-բացման խոսքում նշեց Հայաստանում Ֆրանսիայի հանրապետության հյուպատոս ֆրեդերիկ Գրապեն,-մենք ուզում ենք մարդիկ վերջապես հասկանան, որ կան ներգաղթի օրինական ճանապարհներ: Պետք չէ 5-6 հազար դոլար վճարել ինչ-որ միջնորդների, որոնք լավ կյանք են խոստանում Ֆրանսիայում, դրա փոխարեն պետք է դիմել Ֆրանսիայի դեսպանատուն, օրինական վիզան արժի ընդամենը 60 եվրո: Այդպիսով միգրանտը օրինական ճանապարհով կհայտնվի մեր երկրում, ինչը, կարծում եմ, ավելի լավ տարբերակ է: Նրան Ֆրանսիայում ավելի լավ կվերաբերվեն, կտրամադրեն ապաստան` առանց որեւէ դժվարության: Վիզայի տրամադրման գործընթացը հնարավոր է ձգձգվի, ասենք, 5 ամսով, դրա փոխարեն ամեն ինչ օրինական կլինի»
Ներգաղթի եւ ինտեգրացիայի ֆրանսիական գրասենյակի միջազգային կապերի, վերադարձի եւ վերաինտեգրման հարցերով վարչության պետ Մարթա Բրիզը, պատասխանելով «Հետքի» հարցին, ասաց, որ իրենք չունեն Ֆրանսիա անօրինական ներգաղթածների հստակ թիվ, քանի որ այդ ընտանիքները կամ անհատները երկիր մուտք գործում են անօրինական ճանապարհով:
«Անօրինական միգրացիան շատ դժվար է վերահսկել, հաշվարկել, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք կանչվել են ինչ-որ հարցազրույցի կամ հանդիպումների, -ասաց Մարթա Բրիզը,-ինչ վերաբերում է միգրանտներին, ովքեր դիմում են մեզ եւ ովքեր շատ դժվարին կացության մեջ են գտնվում Ֆրանսիայում, մենք աջակցում ենք նրանց հայրենիք վերադարձին: Սրանք սովորաբար այն մարդիկ են, որոնց կառավարությունը մերժել է քաղաքական ապաստան տրամադրել, եւ նրանք խնդիրներ ունեն այլեւս երկրում մնալով: Այդ մարդկանց մենք ցուցաբերում ենք նյութական եւ գույքային աջակցություն»:
Պարզվեց դեսպանատունը եւս չի տիրապետում նման ինֆորմացիայի: Ֆրեդերիկ Գրապեն միայն ասաց, որ վերջին երկու տարում դեսպանատան միջնորդությամբ երկու ընտանիք է տեղափոխվել Ֆրանսիա:
Խոսելով անօրինական միգրացիայի խնդիրների մասին` Գագիկ Եգանյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց դրանից բխող օրինաչափ երեւույթների` աշխատանքային շահագործման վրա: Դա անխուսափելի է, քանի որ ոչ օրինական միգրանտը վախենում է հայտնաբերվելուց ու երկրից արտաքսվելուց, իսկ անբարեխիղճ մարդիկ օգտվում են նրա վիճակից: Գ. Եգանյանն ասաց, որ հատուկ սոցիոլոգիական հարցում է կատարվել եւ պարզվել, որ ՀՀ բնակչության 40 տոկոսը տեղյակ չէ մուտքի թույլտվության` վիզայի անհրաժեշտության մասին, 58.7 տոկոսը տեղյակ չէ տվյալ երկրում աշխատանքի թույլտվության մասին, 55 տոկոսը կարծում է, որ ապաստան հայցող անձինք կարող են աշխատել, 49 տոկոսը վստահ են, որ անօրինական ճանապարհով տեղափոխված իրենց բախտակիցներն, ի վերջո, հիմանվորվում են այդ երկրում, հարցվածների 61 տոկոսը ցանկություն է հայտնել լրացուցիչ տեղեկություններ ստանալ:
«Օրենքից դուրս գտնվող իր քաղաքացու նկատմամբ որեւէ բան մեր պետությունը չի կարող անել, բացի նրանից, որ կազմակերպի իր քաղաքացու վերադարձը արժանապատիվ կերպով: Մինչ այժմ մենք կնքել ենք 11 պայմանագիր 13 երկրների հետ մուտքի երկրներում հայտնաբերված անօրինական միգրանտների հարցով»,-տեղեկացրեց Գագիկ Եգանյանը:
Վերադարձից հետո ամենահաճախ հանդիպող խնդիրը միգրանտի համար բնակարանի բացակայությունն է: Միգրացիոն քաղաքականության բաժնի պետ Համբարձում Աբրահամյանն ասաց, որ շատ միգրանտների վերադարձին խոչընդոտում է հենց այս հանգամանքը:
«Գնալուց առաջ նրանք վաճառում են բնակարանը` փողի կարիքից դրդված, դրանով մի տեսակ նաեւ այրելով հետ դարձի կամուրջները, եւ երբ հետագայում արտաքսման խնդիր է առաջանում, վերադարձն առավել անհեռանակային է դառնում` փողոցում հայտնվելու վախով պայմանվորված: Մենք մշտապես զգուշացնում ենք, որպեսզի մեկնողներն ամեն դեպքում չվաճառեն իրենց տները»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել