HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Շատջրեքում 15 տարի է՝ կին գյուղապետից չեն հրաժարվում

Զոյա Գեւորգյանն արդեն 15 տարի է՝ Գեղարքունիքի մարզի Շատջրեք համայնքի գյուղապետն է: Ասում է, որ երբեք գյուղապետ դառնալու նպատակ եւ ցանկություն չի ունեցել, պարզապես գյուղացիներն են ստիպել, ինքն էլ ընտրվել է: 

«Ես նույնիսկ գաղափար չունեի, թե ինչ բան է գյուղապետը: Ժամանակ է գալիս՝ ասում եմ՝ ափսոս իմ տարիները, որ նվիրել եմ այս գործին, բայց հիմնականում չեմ փոշմանել: Մարդկանց օգնելը, նրանց հետ շփվելն ու ապրելը մեծ բավականություն է»,- նշում է Զ. Գեւորգյանը:

Նա պատմում է, որ մի քանի տարի առաջ առավոտյան տանից գնում էր աշխատանքի, երեկոյան՝ վերադառնում: Նույնիսկ չի իմացել, թե ինչպես են իրենց հողերը մշակվում, ցանքատարածությունները՝ մոլախոտերից մաքրվում: Նա միայն իր գործի տերն է եղել, իսկ ամուսինը զբաղվել է ընտանիքի խնդիրներով: Մի քանի տարի է, ինչ մահացել է Զոյա Գեւորգյանի ամուսինը, եւ նա ստանձնել է թե գյուղի եւ թե ընտանիքի հոգսերը: Ասում է՝ առավոտից մինչ ժամը 18-ը գյուղապետարանում է լինում, դրանից հետո իր տնամերձ հողն է մշակում:

«Պաշտոնն ինձ երբեք չի փոխել: Դա բոլորը կարող են ասել: Կին գյուղապետ լինելը շատ դժվար է, որովհետեւ եւ սրտով է մտածում՝ որպես մայր, եւ հոգով, իսկ տղամարդն իր գործն անում եւ գնում է: Եթե ես մեկին նեղացնում եմ, բարձր տոնով եմ հետը խոսում, ինձ չեմ կարողանում ներել, ամբողջ գիշեր տանջվում եմ»,- ասում է գյուղապետը:

Զոյա Գեւորգյանին գյուղում դիմում են ինչպես պատահի՝ «Զոյա տոտա»-ից մինչեւ ընկեր Գեւորգյան: Նրան շատ են դիմում հատկապես կանայք եւ երիտասարդները: Իսկ խնդիրները բազմաբնույթ են՝ հարս ու սկեսրոջ վեճից մինչեւ ամուսինների ու եղբայրների կռիվ: Շատ տղամարդ գյուղապետեր կարող են նախանձել Զոյա Գեւորգյանին: Ոմանք չէին էլ թաքցնում այդ փաստը. «դուխով կին ա»,- ասում էին տղամարդիկ: Տիկին Գեւորգյանն էլ է ասում, որ իր տղամարդ գործընկերների հետ հավասար պայքար է մղում, հատկապես՝ գյուղի համար ծրագրեր իրականացնելու հարցում:

Խմելու եւ ոռոգման ջուրը Շատջրեքում անվճար է: Գյուղապետն ասում է, որ համայնքի ենթակայության տակ է ցանցը, իրենք էլ սպասարկում են, այդ իսկ պատճառով անվճար է հատկացնում գյուղացիներին: «Եթե շատ ստիպեն, որ վարձավճար սահմանենք, կասենք՝ եկեք ձեր ջուրը տարեք մեր համայնքից, մեզ պետք չի: Մեր համայնքում որտեղ կես մետր փորենք, ջուր է դուրս տալիս, այնպես, որ անջուր չենք մնա: Մեզ շատ են ասել, որ ջուրը հանձնենք ջրային ընկերություններին, բայց մենք չենք տալիս, իսկ ինչի՞ տանք: Ախպեր ջան, Ձեր շառը քաշեք, գնացեք, չենք տալու», -ասում է Զոյա Գեւորգյանը:

Շատջրեք գյուղն ունի 680 բնակիչ, 60 տոկոսը փախստականներ են: Գյուղացիները հիմնականում զբաղվում են հողագործությամբ եւ անասնապահությամբ: Գյուղապետն ասում է, որ եթե մի քանի աշխատատեղ լիներ, եւ յուրաքանչյուր ընտանիքից գոնե մեկ հոգի 40-50 հազար դրամով աշխատեր, շատ լավ կլիներ թե սահմանամերձ գյուղի, թե այնտեղ ապրող բնակիչների համար:  «Ամռանը էլի գյուղացիներն իրենց անասունի կաթը հանձնում, գումար են ունենում, ձմռանը ոչինչ չեն ունենում, ախր:

Ստեղ էլ գիտեք, 2 եղանակ է՝ ձմեռ եւ խորը ձմեռ»,- ասում է Զոյա Գեւորգյանը:

Կաթ մթերող ընկերություններն այս տարի գյուղացիներից կաթի լիտրը գնել են 140 դրամով, մայիսին 150 դրամ է եղել, իսկ նախորդ տարիներին՝ 90: «Սկզբից «Մարիաննա» ընկերությունն ասաց, թե կաթը 150 դրամից պակաս չի մթերի, նույնիսկ գինը կավելացնի, բայց որոշ ժամանակ անց գինը իջեցրեց 140 դրամ: Բոլոր ընկերություններն էլ նույն են, երեւի իրար հետ փոխկապակցված բաներ կան, որ պիտի պահպանեն: Այսօր գյուղացու վիճակը շատ դժվար է, նույնիսկ ահավոր դժվար է»,- նշում է Զոյա Գեւորգյանը:

Գյուղապետի կարծիքով, երկրում համաչափ զարգացում չկա, եւ գյուղերը, հատկապես՝ հեռավոր գյուղերը, կտրված են ընդհանուր անց ու դարձից: Նա առաջարկում է ծրագրերը մի տեղում՝ կոնկրետ Երեւանում չուռճացնել եւ այլ քաղաքներին էլ բաժին հանել:

«Երեւանից բացի, մենք էլի քաղաքներ ունենք՝ Գյումրին, Վանաձորը, Սիսիանը եւ այլն: Պետք է համաչափ զարգանանք: 25 տարի Երեւանում եմ ապրել, բայց հիմա որ ինձ տանեն մի տեղ թողնեն, հնարավոր է՝ չկողմնորոշվեմ, թե որտեղ եմ կանգնած: Լավ կլինի, որ մնացած քաղաքներն էլ այդպես լինեն, այնտեղի ապրող երեխաներն ու երիտասարդներն էլ իրենց լավ զգան,- ասում է Զոյա Գեւորգյանը եւ հավելում,- ինչո՞վ է պակաս մեր գյուղերում ծնված երեխան Երեւանում ծնված երեխայից: Չէ՞ որ երկուսն էլ Աստծո պարգեւ են, նույն երկրի քաղաքացիներ են, ավելի շատ պիտի մեր գյուղերի երեխաներն ամեն ինչով ապահովված լինեն, քանի որ նրանք սահման են պահում»:

Շատջրեքը 2009 թ. գազաֆիկացվել է կառավարության եւ մարզպետարանի աջակցությամբ: Բայց ոչ բոլորն են ձմռանը գազ վառում: Շատերը դեռ փայտի ու աթարի հույսին են, քանի որ ամսական վարձավճարի գումար չունեն գազ վառելու համար: Գյուղապետն ասում է՝ թե ինքը, թե գյուղի երիտասարդները լավատես են եւ մեծ ապագա են տեսնում, սակայն կյանքն առաջ է գնում, բայց իրենք հետ են մնում այդ ռիթմից:

Արդեն 1.5 տարի է՝ մշակույթի տունը չի գործում, այն ամբողջությամբ ավերված վիճակում է: Զոյա Գեւորգյանն ասում է, որ հույսով ապրելն էլ է մի բան եւ ակնկալում է, որ գալիք տարում մարզպետարանի եւ կառավարության աջակցությամբ մշակույթի տունը կվերանորոգվի, կամ նոր շենք կկառուցվի: Գյուղապետն ասում է, որ համայնքային կենտրոն ու վերանորոգված դպրոց ունենալն իրենց համայնքում աշխատատեղերից էլ կարեւոր է, քանի որ երիտասարդները նույնիսկ հավաքատեղի չունեն եւ պատերի տակ են խմբվում:

Հարեւան այլ համայնքների համեմատ, Շատջրեքում չամուսնացած տղամարդ չկա: Այս հարցում էլ է գյուղապետը խստապահանջ: «Ինչքան էլ սոցիալական խնդիրներ, կարիքներ լինեն, մեզ սերունդ է պետք, չամուսնանալ չկա: Որ տղեն բանակից գալիս է ու 2-3 տարի չի ամուսնանում, չորս կողմից վրա ենք տալիս, թե՝ տղա, քեզ ի՞նչ է եղել, արագացրու, թոռնիկ ենք ուզում»,- հավելում է գյուղապետը եւ հրաժեշտից առաջ մաղթում, որ մեր հաջորդ հանդիպումը մշակույթի տան բացման առիթով լինի:

Մեկնաբանություններ (1)

mahmouzian
Armenia need more mayor like her abris continue the good work thank you

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter