HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Ի վերջո, դատավորը վարե՞լ է «տղայական» խոսակցություն, թե՞ ոչ

Անցյալ տարվա նոյեմբերին՝ երեկոյան ժամը 23-ի սահմաններում, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայրի վարչական շենքի բակում՝ կողմնակի անձանց համար մուտքն արգելված տարածքում, միջադեպ էր տեղի ունեցել նույն դատարանի դատավոր Արման Թովմասյանի, դատական կարգադրիչների եւ Վանաձոր քաղաքի բնակիչ Աշոտ Հարությունյանի միջեւ:

Հաջորդ օրն առավոտյան վերջինս ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատակիցների կողմից տարվել էր բաժին եւ ձերբակալվել:

Սկզբում նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քր. օր.-ի 316 հոդվածով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը՝ կապված նրա կողմից ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

Հետագայում բռնության հանգամանքը մեղադրանքից հանվեց. արարքը վերաորակվեց ՀՀ Քր. օր.-ի 258 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ խուլիգանություն, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգը պահպանող անձին դիմադրություն ցույց տալով: Նշված մեղադրանքով էլ գործն ուղարկվել է դատարան:

Ըստ մեղադրանքի՝ գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում՝ Ստեփանավանի մթերային խանութներից մեկում Աշոտ Հարությունյանը հանդիպել է Ստեփանավանի դատավոր Արման Թովմասյանին, որին ճանաչելով որպես իր հոր վերաբերյալ քաղաքացիական գործով ոչ շահեկան վճիռ կայացրած դատավորի, նրա հետ պարզաբանումներ կատարելու նպատակով պահանջել է առանձնանալ եւ զրուցել:

Դատավորը, տեսնելով, որ նա հարբած է, խուսափել է նրա հետ առնչվելուց եւ հեռացել է: Ա. Հարությունյանը հետապնդել է նրան եւ ավտոմեքենայով, որում եղել է նաեւ իր գործընկերուհի Նունե Պառավյանը, մուտք է գործել դատարանի ցանկապատված բակի տարածք: Գոռգոռացել ու հայհոյանքներ է տվել դատավորի հասցեին: Գործընկերուհուն տուն տանելու պատրվակով դուրս է եկել դատարանի տարածքից, սակայն 10 րոպե անց վերադառնալով՝ շարունակել է հայհոյել ու սպառնալ դատավորին:

Չի ենթարկվել իրեն կարգի հրավիրող դատական կարգադրիչներ Էդգար Խանվելյանի եւ Էդգար Չատինյանի պահանջներին, քաշքշել է նրանց, դիմադրություն ցույց տվել: Պատռել է վերջինիս բաճկոնը եւ նրան պատճառել առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ՝ ճակատի ձախ կեսի ճանկռվածքի եւ աջ դաստակի երկրորդ մատի շրջանի քերծվածքի ձեւով: Նշված վնասվածքների վերաբերյալ գործում առկա է փորձագետի եզրակացություն:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ հաստատվել են նաեւ նշված դեպքով Ա. Հարությունյանին պատճառված մարմնական վնասվածքները՝ ձախ ճակատային թմբկության, կրծքավանդակի ձախ կեսի, ձախ սրունքի եւ աճուկային ծալքի շրջաններում՝ բութ, կոշտ առարկայի գործադրմամբ:

Չնայած գործում նշված փաստաթղթի առկայությանը՝ մեղադրանքի մեջ Ա. Հարությունյանի մարմնական վնասվածքների մասին խոսք չկա:

Ըստ վերջինիս շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանի՝ ճիշտ է, նախաքննական մարմինը որեւէ ձեւով չի հիմնավորել Ա. Հարությունյանին առաջադրված մեղադրանքի փոփոխությունը, սակայն, նրա կարծիքով, այդ որոշումը հենց նշված՝ փորձաքննության եզրակացությամբ է պայմանավորված:

Փաստաբանի գնահատմամբ՝ Լոռու մարզի քննչական բաժնի քննիչը ճիշտ եւ խիզախ որոշում է կայացրել՝ ազդելով գործի հետագա ընթացքի վրա: Պարզելով, որ Ա. Հարությունյանի մարմնի վրա վնասվածքներ են եղել, հարցաքննել է փորձագետին եւ, ստանալով նրա պատասխանը, որ դրանք միանշանակ ծեծի հետեւանք են, գործն ուղարկել է ՀՔԾ՝ ծեծի հատկանիշներով: Ի պատասխան՝ նշվել է, որ դատավորի գործողություններում ծեծի հատկանիշներ չեն եղել: Դրանք եղել են միայն կարգադրիչների գործողություններում:

Իսկ նման հիմնավորմամբ, ըստ Տ. Հայրապետյանի, մեղադրանքն արդեն չէր կարող համապատասխանել Քր. օր.-ի 316 հոդվածին. այդ դեպքում դատավորը պետք է տուժող ճանաչվեր: Պետք է ապացուցվեր, որ Ա. Հարությունյանի գործողությունը դատավորի դեմ է եղել, դատարանն էլ պետք է հաստատված համարեր, որ Ա. Հարությունյանը հենց դատավորի դատավճռից է դժգոհ եղել: Այնինչ, ինչպես փաստաբանն է նկատում, գործի նյութերով հիմնավորվել է, որ Ա. Հարությունյանը նույնիսկ չի մոտեցել դատավորին:

Նկատի ունենալով վերջինիս վերաբերյալ ապացուցված ծեծի հանգամանքը՝ պաշտպանական կողմն իր առարկություններում շարունակ պնդել է, որ եթե անգամ Ա. Հարությունյանը չի ենթարկվել դատավորին, դա չի նշանակում, որ արդարադատության իրականացումը խոչընդոտվել է, եւ արդարադատությունը տուժել է դրանից: Պաշտպանական կողմի համոզմամբ՝ նույնիսկ այդ դեպքում դատավորն իրականացրել, ավարտել է իր գործողությունները:

Տ. Հայրապետյանի խոսքով՝ պաշտպանական կողմի այս նկատառումը հաշվի առնելով են արարքը վերաորակել՝ մտածելով, որ նման փաստարկի դեպքում մեղադրանքը թույլ կլիներ:

Դատաքննությունը սկսված է

Ըստ մեղադրանքի՝ Աշոտ Հարությունյանի գործի դատաքննությունն ընթանում է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ: Մեղադրանքը պաշտպանում է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացրած դատախազ Արծվիկ Ասատրյանը:

Դատավարության սկզբում Ա. Հարությունյանի շահերի պաշտպան Տ. Հայրապետյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավորին՝ կասկած հայտնելով, որ Լոռու մարզի դատարանում նշված գործի քննությունը կրելու է ձեւական բնույթ:

Փաստաբանի կարծիքով՝ ինչպես նախագահող դատավորը, այնպես էլ Լոռու մարզի դատարանի որեւէ այլ դատավոր չի կարող արդարացի, անկողմնակալ, օբյեկտիվ եւ բազմակողմանի դատաքննություն իրականացնել այն պատճառով, որ գործով տուժող կարգադրիչները եւ գործով վկա դատավորը աշխատել են Լոռու մարզի դատարանում:

Եվ եթե պարզվի, որ նրանց գործողություններում առկա են հանցագործության հատկանիշներ, ինչը վիճարկում է պաշտպանական կողմը, այս դատարանի յուրաքանչյուր դատավոր կաշկանդված կլինի անկողմնակալ գնահատական տալ իր գործընկերների գործողություններին: Փաստաբանն ընդգծեց, որ դատարանն ամբողջական համակարգ է, եւ դա նաեւ դատարանի հեղինակության հարցն է:

Նախագահող դատավորի կողմից գործի ելքի հետ կապված սուբյեկտիվ մոտեցման իր կասկածը եւ դրա հիման վրա ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը փաստաբանը հիմնավորեց հետեւյալ հանգամանքներով. նախ՝ Ա. Հարությունյանը հերքել է իրեն ներկայացված մեղադրանքը եւ տվել հակառակ բովանդակության ցուցմունքներ: Մասնավորապես նշել է, որ դատավորն է կանչել իրեն «տղայական» խոսակցության: Հետեւելով նրան եւ հայտնվելով դատարանի տարածքում՝ խմբակային ծեծի է ենթարկվել դատավորի ու կարգադրիչների կողմից:

Փաստաբանը նշեց նաեւ դատարանի անկողմնակալության վերաբերյալ կասկած հարուցող մեկ այլ հանգամանք. նույն դատարանը 3 անգամ քննել է Ա. Հարությունյանի կալանավորման հարցը եւ անհիմն որոշում կայացրել կալանավորելու եւ կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ: Ընդ որում, երբ վերջին անգամ դատարանը որոշել է երկարացնել կալանքի ժամկետը, քննիչը որոշում է կայացրել վերացնել այն: Փաստաբանի ասելով՝ գոնե այս վերջին հանգամանքը հիմք է տալիս իրեն կարծելու, որ դատարանը օբյեկտիվ չէ:

Այս հանգամանքը համադրելով մեղադրյալի նախաքննական ցուցմունքների հետ՝ փաստաբանը դարձյալ պնդեց, որ դատարանը չի կարող իրականացնել այս գործի դատաքննությունը: Հակառակ դեպքում խախտվում է անձի արդար եւ անաչառ դատաքննության իրավունքը:

Մեղադրող կողմը անհիմն համարեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ նշելով, որ քննության է առնվում ոչ թե նույն դատարանի նախկին դատավորի եւ դատական կարգադրիչների գործողությունների օրինականության, այլ գործով ամբաստանյալ Ա. Հարությունյանի մեղավորության կամ անմեղության հարցը: Պաշտպանը նկատեց, որ Աշոտ Հարությունյանի՝ մեղադրյալի կարգավիճակը նախաքննական մարմինն է որոշել: Նրա, ինչպես նաեւ դատավորի եւ կարգադրիչների գործողություններին պետք է պատշաճ գնահատական տա նաեւ դատարանը: Վերջինս էլ կորոշի՝ կա՞ իրավախախտում դատավորի եւ կարգադրիչների գործողություններում, թե՞ ոչ:

Դատավոր Ն. Հովակիմյանը մերժեց իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը եւ առաջարկեց ապացույցների հետազոտման հաջորդականություն որոշել:

Ա. Հարությունյանի ցուցմունքը

Ամբաստանյալ Աշոտ Հարությունյանը դեպքի վերաբերյալ դատարանում հետեւյալ ցուցմունքը տվեց՝ չհակասելով իր նախաքննական ցուցմունքներին. դեպքի օրը ընկերների հետ Ստեփանավանում նշելիս են եղել իր ծննդյան օրը: Նրանցից յուրաքանչյուրը մոտ 200 գրամ օղի է օգտագործել: Խնջույքից հետո ինքը Նունե Պառավյանին ուղեկցել է տուն: Վերջինս ապրում է Ստեփանավանում: Խանութներից մեկի մոտ կանգնել են գնումներ կատարելու:

Խանութում մի երիտասարդ տարօրինակ հայացքով իրեն է նայել: Հարցին՝ ճանաչու՞մ է իրեն, երիտասարդը պատասխանել է՝ դու ո՞վ ես, որ ճանաչեմ: Աշոտ Հարությունյանը մտաբերել է, որ երիտասարդը Ստեփանավանի դատավորն է, ում նախագահությամբ ինքը դատական նիստերի է մասնակցել: Ասել է՝ լավ, հիշեցի, դատավորն եք: Երբ դուրս է եկել խանութից, դատավորը մեքենայում նստած սպասելիս է եղել իրեն:

Վերջինս դիմել է Աշոտին՝ բա դու՞ ով ես, հլա ասա տեսնեմ՝ դու ո՞վ ես: Ապա շարունակել է՝ քշի հետեւիցս, արի գնանք տղավարի խոսենք, ճանաչեմ քեզ՝ ով ես դու: Աշոտը մեքենայով հետեւել է դատավորին եւ հայտնվել է դատարանի բակում: Դատարան մտնելուն պես դարպասները նրա հետեւից փակվել են: Հարցրել է դատավորին՝ էս ու՞ր բերիր ինձ, ինչի՞ ես էստեղ բերել: Դատավորը պահանջել է, որ իր հետեւից մտնի դատարանի շենք՝ «տղավարի խոսելու»:

Այդ ժամանակ Նունե Պառավյանը դուրս է եկել ավտոմեքենայից եւ պահանջել, որ Աշոտն իրեն տուն տանի: Աշոտի ասելով՝ դարպասները մինչ այդ չէին բացում, դատավորը թույլ չէր տալիս: Աշոտն ասել է՝ բացեք դարպասները, կնոջը տանեմ, հետ գամ: Միայն դրանից հետո դարպասները բացել են: Աշոտը Նունեին տուն է տարել, բայց կինը չի իջել մեքենայից՝ չցանկանալով նրան մենակ թողնել: Նույն ճանապարհով՝ դատարանի շենքի առջեւով քաղաքի կենտրոն գնալիս դատարանի մուտքի մոտ կանգնած կարգադրիչները կանգնեցրել են մեքենան:

Կարգադրիչներից Էդգար Չատինյանն ասել է՝ գնանք ներս, դատավորի հետ զրուցի, վերջացրեք: Ինքն այդպես էլ չի համաձայնել դատարանի շենք մտնել: Հետո աստիճանների վրա հայտնվել է դատավորը: Եվ իր համար անսպասելի՝ հարձակվել են իր վրա ու սկսել ծեծել՝ դատավորը եւ 4 կարգադրիչները: Նրա ասելով՝ կռիվը սկսվել է հանկարծակի, կարծես ինչ-որ մեկի կարգադրությամբ, սակայն անտրամաբանական. ոչ իր, ոչ կարգադրիչների կողմից առիթ չի եղել: Պնդում է, որ ինքը ոչ մեկին չի հարվածել, չի հայհոյել:

Ծեծը շարունակվել է այնքան, մինչեւ Նունեն դուրս է եկել մեքենայից ու սպառնացել, որ ոստիկանություն կզանգի: Դրանից հետո ծեծկռտուքը դադարեցվել է: Ինքը պատառոտված, կեղտոտված շորերով գնացել է մոտակա հյուրանոցը, կարգի բերել իրեն այնտեղ: Ապա Նունե Պառավյանին հիվանդանոց է տարել, ինքն էլ վերադարձել է Վանաձոր:     

Մեկնաբանություններ (1)

wWw
Tvyal patmutyan taredarz shutov knshenq.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter