Դատապարտյալներն այլեւս բջջայիններ չե՞ն ունենա
Արդարադատության նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանն այսօրվա ասուլիսում անդրադարձավ նաեւ նախարարությունում բարեփոխումների անհրաժեշտությանը եւ առանձնացրեց իրեն մտահոգող մի շարք խնդիրներ: Ըստ Թովմասյանի` ամենախոցելի, ամենից շատ դժգոհություն առաջացնող կառույցներից մեկը քրեակատարողական հիմնարկներն են, ինչը պայմանավորված է համակարգում առկա խնդիրների առատությամբ:
«Բայց այստեղ ես չեմ պահանջում կարճաժամկետ լուծումներ: Բոլորին հայտնի է, որ ՔԿՀ-ներում դատապարտյալների մոտ ոչ օրինական կարգով հեռախոսներ են պահվում: Կարելի է գնալ, մեկ-երկուսին բռնել, պատժել, մի 10 օր չեն ունենա: Բայց միգուցե լուծումն այն է, որ այնտեղ այնպիսի սարքավորումներ տեղադրվի, որ ընդհանրապես որեւէ բջջային հեռախոս չաշխատի»,- ասում է արդարադատության նախարարը:
«Իսկ ինչո՞ւ եք ընտրում առավել խստացնելու տարբերակը, եթե իրոք մարդասիրական քաղաքականություն կիրառելու կողմնակից եք: Ինչո՞ւ դատապարտյալին չթույլատրել ունենալ բջջային հեռախոս»,- հարցրին լրագրողները:
«Եթե ավելի ազատականացման խնդիր կա այս ոլորտում, ապա կգնանք այդ ճանապարհով, բայց համամիտ չեմ, որ պետք է ազատազրկման դատապարտվածին թույլ տալ ունենալ բջջային հեռախոս: Որովհետեւ այս դեպքում անձի ազատություններն այնքան էլ չեն սահմանափակվում, եւ սա չի տեղավորվում մարդուն ազատությունից զրկելու ողջ տրամաբանության մեջ»,- ասաց Հրայր Թովմասյանը` շաշտելով, թե ամբողջ աշխարհում դատապարտյալներին արգելվում է բջջային հեռախոս ունենալ եւ նա օգտվում է ՔԿՀ-ում գործող սովորական հեռախոսից:
Ինչ վերաբերում է մեր պետության կողմից վարվող քրեակատարողական քաղաքականությանն ընդհանրապես, ապա, ըստ բանախոսի, այլ լուրջ վերափոխումների կարիք ունի. «Որովհետեւ այն ֆունկցիաները, որ դրված են այս հիմնարկների առջեւ, ըստ էության, չեն կատարվում: Այսինքն` միշտ չէ, որ պատիժը ծառայում է բունդ նպատակին` պատիժը կրելուց հետո ունենալ վերադաստիարակված, ուղղված քաղաքացի: Որպես կանոն կամ շատ դեպքերում (չգիտեմ` որ բառն օգտագործեմ) մենք ունենում ենք հակառակը»,- ասում է նախարար Թովմասյանը եւ նկատում, որ առաջին անգամ կամ անզգույշ քայլի համար դատապարտվածը ՔԿՀ-ից դուրս է գալիս իբրեւ մեկ այլ արժեհամակարգ կրող: Նրա համար արդեն խորթ է լինում սովորական ազատ կյանքը եւ, որպես կանոն, նորից հայտնվում է վանդակաճաղերից այն կողմ: Ըստ նախարարի` այս մասին է խոսում նաեւ վիճակագրությունը, ըստ որի` կրկնահանցագործների թիվը գնալով աճում է:
«Քաղաքականության փոփոխությունը լինելու է հետեւյալը` կազարմային խցեր ունենալուց աստիճանաբար հրաժարվել, որոնք սովետական տիպի էին: Պետք է ունենալ մենախցեր: Անգամ, եթե մենք չենք կարողանալու այս պահին լուծել այդ խնդիրը, մենք աստիճանաբար որոշակի զբաղվածություն պետք է ապահովենք այդ մարդկանց համար»,- ասում է նորանշանակ նախարարը եւ նշում, թե մյուս կողմից կարեւոր է կալանքի` որպես պատժատեսակի դերի մեծացումը եւ այլ պատժատեսակների կիրառումը, օրինակ` տնային կալանքը:
Նախարարը նաեւ հարց է բարձրացնում, թե որքանով է նպատակահարմար մի շարք հանցագործությունների դեպքում երկարաժամկետ` 2-3, մինչեւ 4-5 տրվա ազատազրկման կիրառումը, երբ կարելի է նման պատժաչափերը փոխարինել կարճաժամկետ կալանքով, որն պայմաններով շատ ավելի խիստ է, բայց էականորեն արդյունավետ, ինչպես ցույց են տալիս վերլուծությունները: Թովմասյանի խոսքերով` բարեփոխումների ճանապարհները շատ են, ընդհուպ` Քրեական օրենսգրքի վերանայում, ինչը թույլ կտա որոշ հանցագործույունների պարագայում ոչ միայն ազատազրկման, այլեւ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու հարցը վերանայել:
Հրայր Թովմասյանի տեղեկացմամբ` այս տարի կվերակառուցվեն 2 քրեակատարողական հիմնարկներ, ամենայն հավանականությանմ` «Կոշ» եւ «Սեւան», որոնցից յուրաքանչյուրը կունենա 400 լրացուցիչ տեղ եւ կլուծի ընթացիկ խնդիրներից մեկը` գերբնակեցումը: Առհասարակ, 2009-2014թթ. քրեակատարողական հիմնարկների բարեփոխումների ծրագրով նախատեսված է, որ այսօրվա 12 ՔԿՀ-ների փոխարեն կունենանք նոր ռեժիմի 5 կամ 6` մոտավորապես 1000-1200 տեղանոց քրեակատարողական հիմնարկ: Դրանցում կգործեն տեսաձայնագրող սարքեր, ինչը թույլ կտա մարդկային գործոնն էականորեն նվազեցնել: Սակայն, նախարարի գնահատմամբ, ոլորտում գլխավորն իր մատնանշած հեռահար նպատակներին հասնելն է:
Մեկնաբանել