HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մաշտոց. սրբազան մարգարիտները» շարականի բազմաձայնեցման առաջին էլեկտրոնային սեմպլերային փորձն է

Երբ Մայր Աթոռը տոնում է Մեսրոպյան գրերի գյուտի և Սուրբ գրքի հայերեն թարգմանության 1600-ամյակը, իսկ համայն հայությունը նշում է Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-րդ տարեդարձը, «Նարեկացի» արվեստի միությունը, Վահան Արծրունու և Հասմիկ Բաղդասարյանի հետ համատեղ, ներկայանում է հայոց հավաքական ձայնադարանը մաշտոցյան «սրբազան մարգարիտներով» համալրող բացառիկ հրատարակությամբ:

«Մաշտոց. սրբազան մարգարիտներ» հրատարակությունն, ըստ էության, առաջինն է, որ մեկ արտեֆակտի մեջ մեկտեղում է Մաշտոցի շարականների մեզ հասած ոչ մեծ ժառանգության հավաստի բոլոր 11-ը:

Հրատարակությանը ներփակված գրքույկում նաև զետեղված են կատարվող բոլոր 11 շարականների կանոնիկ (միաձայն) տարբերակների նոտագրությունները. «Ողորմեա /Անկանիմ/», «Ի նեղություն իմում», «Տէր որ ի մեջ լերինն», «Բազում են քո գթութիւնքդ», «Ողորմեա ինձ Աստուած», «Վտանգիմ ի բազմութենէ մեղաց իմոց», «Մեղայ Քեզ Տէր», «Ծով կենցաղոյս», «Ողորմեա», «Զղջման իմոյ զարտասուս», «Յամենայն ժամ»:

Լինելով հայոց ինքնության գլխավոր կատալիստը` Մեսրոպյան գրերի գյուտը նաև հայկական մելոսի արարման առհավատչյան էր, որ հնարավոր դարձրեց հայ ժողովրդական ասերգության ու հոգևոր երաժշտության հայացումը` դրանց համահնչեցումն ու ներդաշնակեցումը հայոց լեզվի հնչերանգային առանձնահատկությունների ու եղանակային նրբերանգների հետ:

Գրերի գյուտը նաև ավետեց եկեղեցու ծիսական արարողակարգի ու հոգևոր երգեցողության հայացման մեկնարկը, որի ակունքներում վերստին կանգնած է Մաշտոցն իր հեղինակած շուրջ 130 չափածո գործով, որ կաթողիկոս Սահակ Պարթևի հետ փոխադրվել է երաժշտական ձևի ու զետեղվել եկեղեցիական Շարակնոցում:

Մաշտոց-պարթևյան շարականների հարուստ ժառանգությունը գրեթե չի պահպանվել. կա տարբեր աղբյուրներում պահպանված 30 վիճելի շարական, որ երաժշտագիտական հետազոտությունները վերագրում են Մաշտոց-Պարթև տանդեմին, ու մեզ է ավանդվել ընդամենը 11 շարական, որոնց ինքնությունը հավաստի է ու անվիճելի:

Ներկայացվող նախագծի առանցքում հենց այդ 11 միաձայն շարական է, որոնք բազմաձայնեցնելով ժամանակակից ձայնագրման և սեմպլերային տեխնոլոգիաների համադրությամբ` Վահան Արծրունին ներկայացնում է հեղինակային մեկնությամբ:

Վահան Արծրունու մաշտոցյան շարականների մեկնություններում միաձայն շարականն ընկալվում է որպես պատմական ու վավերագրական ատաղձ, որի շուրջ ու հիման վրա կոմպոզիտորը ստեղծել է հեղինակային մեկնաբանության իր բազմաձայնեցված ու ինքնավար արվեստի գործերը:

Սրանք հայ հոգևոր շարականի բազմաձայնեցման առաջին փորձերը չեն. այսպիսի նորարությամբ դեռ 19-րդ դարի ավարտին ու անցյալ դարասկզբին առաջին անգամ հանդես է եկել հայ երաժշտության մեջ բազմաձայնություն ներդրած խմբավար ու կոմպոզիտոր Քրիստափոր Կարա-Մուրզան: Բայց «Մաշտոց. սրբազան մարգարիտները» շարականի բազմաձայնեցման առաջին էլեկտրոնային սեմպլերային փորձն է, որտեղ փողային ու կամերային նվագախմբերի, երգչախմբերի պոլիֆոնիկ հնչողությունը կոմպոզիտորը ստացել է էլեկտրոնային եղանակով` առանց իրական խմբերի ու համույթների մասնակցության:

Հասմիկ Բաղդասարյանի կատարողական վարպետության, երաժշտական խորության, հոգևորի նուրբ զգացողության ու զուսպ արտահայտչականության գնահատանքը բազմիցս է փաստվել հայկական ու գերմանական, հունգարական ու բրիտանական, ամերիկյան, շվեյցարական, ֆրանսիական, կանադական ու բազում այլ երկրների պարբերականների երաժշտական ակնարկներում ու հոդվածներում:

Բայց սույն նախագծի շրջանակներում նրան վերապահված է եղել շատ ավելի պահանջկոտ ու հավակնոտ դերակատարություն, այն է` գնալ երաժշտական ստեղծագործության մեկնողի, թարգմանի ու ներկայացնողի` վոկալ կատարողին ավանդաբար վերապահված գործառույթից անդին ու դառնալ վաղնջական երաժշտության ոգու այժմեական վավերագրման կենդանի մարմնացումը:

«Մաշտոց. սրբազան մարգարիտները», որ առաջին անգամ մեկտեղում է տարբեր աղբյուրներում ցրված մաշտոցյան բոլոր 11 հավաստի շարականները, դրանք ամփոփում է անթոլոգիական նշանակության հրատարակության մեջ` շարականներից յուրաքանչյուրը ներկայացնելով թե կանոնիկ միաձայն կատարմամբ, և թե դրանց բազմաձայնեցված արծրունիական վերընթերցմամբ (ընդհանուր 22 թրեք):

Արդեն 2 տարի պատրաստվող այս նախագիծը մի կողմից փորձ է անում մոռացության փոշուց մաքրել ու առանց աղավաղումների վերհանել անցյալի ժառանգության «սրբազան» այս պատառիկները, մյուս կողմից դրանք բերում է ժամանակի ոգուն ու ճաշակներին համահունչ ու ընկալելի ձևաչափի:

Իր այս նախագծով Վահան Արծրունին մեկ անգամ ևս վերահավաստում է հայ երաժշտության ավանդույթներին հավատարիմ, բայց առաջադեմ ստեղծագործողի իր համբավը, ով առաջին անգամը չէ, որ ներկայանում է այսպիսի հայեցակարգով ստեղծված նախագծերով:

Արդեն 2009-ին նա ԱՄՆ-ում հրատարակել է նույն մեթոդաբանությամբ թողարկված «Sacred Episodes. Արևելքի ասորական եկեղեցու սրբազան ծեսերի մշակում» և «Sacred Episodes. Արևելքի ասորական եկեղեցու Սուրբ պատարագի մշակում» ձայնասկավառակները: Դրանցից վերջինը հատուկ հայրապետական կոնդակով արժանացել է Ասորական արևելքի եկեղեցու պատրիարք-կաթողիկոս ՄարԴիկխա 4-րդի հովվապետական օրհնությանը: Այս մասին հայտնում է «Նարեկացի» արվեստի միության հասարակայնության հետ կապերի ղեկավար Դավիթ Իսաջանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter