Երևանի քաղաքապետարան. «Վարորդներն աշխատանքի են ներկայացել ոչ բավարար արտաքին տեսքով»
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունն ուսումնասիրել և ամփոփել է սեպտեմբերի 27-ին մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում կատարած դիտարկումների արդյունքում ներկայացված դիտողությունները և առաջարկությունները:
Դիտարկումների արդյունքներով ավտոբուսային երթուղիներում սպասարկումը թեև հիմնականում գնահատվել է բավարար, այդուհանդերձ առանձին երթուղիներում մեծ են եղել շարժման միջակայքերը (երթ. հ.հ.12, 43, 19, 35, 40), վարորդների ծխելու դեպքեր են արձանագրվել հ.հ.59Ա և 79Ա երթուղիներում:
Միկրոավտոբուսային երթուղիներում դեռևս քիչ չեն այնպիսի փոխադրամիջոցները (հիմնականում «ՌԱՖ» և «ԵՐԱԶ» մակնիշների), որոնք տեխնիկապես անսարք են, ենթակա են փոխարինման, որոնց ծառայության ժամկետները անցած են:
Միկրոավտոբուսները հիմնականում աշխատում են գերբեռնված վիճակում և առավոտյան «պիկ» ժամերին փաստացի շահագործվող միկրոավտոբուսների քանակը բավարար չէ: Արդյունքում մեծ են շարժման միջակայքերը (երթ. հ.հ.64, 49, 30, 115, 22, 109), և կանգառներում առաջանում են ուղևորների կուտակումներ.
Առանձին շարժակազմերում արձանագրվել է ոչ բավարար սանիտարական վիճակ (երթուղիներ հ.հ.10, 26, 73, 87, 117): Վարորդների ծխելու դեպքեր են արձանագրվել հ.հ.38, 41, 57, 4, 124, 93, 77, 21, 61, 45, 117, 70 երթուղիներում:
«Վարորդների կողմից ուղեսրահում երաժշտություն միացնելու և ընթացքի ժամանակ բջջային հեռախոսով խոսելու դեպքեր են արձանագրվել հ.հ.70, 24, 117, 87 երթուղիներում: Հ.Հ. 38, 41, 118, 4, 96 երթուղիներում վարորդներն աշխատանքի են ներկայացել ոչ բավարար արտաքին տեսքով»,- նշվում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
«Երևանտրանս» ՓԲ ընկերությանը հանձնարարվել է քննարկել բարձրացված հարցերը և համապատասխան միջոցներ ձեռնարկել մոնիտորինգի արդյունքում արձանագրված թերությունները վերացնելու և ուղևորների պատշաճ սպասարկում ապահովելու ողղությամբ:
Միևնույն ժամանակ վարչությունը գրավոր զգուշացրել է ներքաղաքային ավտոբուսային հ.հ.26, 40 և միկրոավտոբուսային հ.հ.110, 64, 22, 117, 30, 115, 109, 116, 49, 48 երթուղիներում ուղևորափոխադրումներ իրականացնող թվով 11 կազմակերպության՝ առավոտյան ժամերին շարժման միջակայքերը չպահպանելու և ուղևորների կանոնավոր սպասարկում չիրականացնելու վերաբերյալ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել