
Լրատվամիջոցի դեմ դատական նիստը կրկին հետաձգվեց
Այսօր Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մարգարիտա Հարթենյանի նախագահությամբ, պետք է կայանար news.am լրատվական-վերլուծական գործակալության դեմ Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի` պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության հայցով նախնական դատական նիստը: Սակայն հայցվորի ներկայացուցիչ Մուրադ Ասրյանը միջնորդել էր, որպեսզի դատական նիստը հետաձգվի, քանի որ նա Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նիստի պետք է մասնակցեր:
Դատավորի հարցին, թե ինչ է կարծում հայցվորի միջնորդության վերաբերյալ պատասխանողը, Արամազդ Կիվիրյանը պատասխանեց, որ դեմ է միջնորդությունը բավարարելուն և կարծում է, որ ճիշտ կլինի դատական նիստը շարունակել հայցվորի բացակայությամբ, քանի որ, ըստ փաստաբանի, հայցվորը միտումնավոր է ձգձգում նիստերը. 2010թ.-ի դեկեմբերի 27-ից իրենք այս գործով դատարանում են, և հայցվորը շարունակաբար միջնորդություններ է անում և հետաձգում դատական նիստերը:
Հիշեցնենք, որ news.am-ի դեմ ներկայացված հայցի համար հիմք է հանդիսացել լրատվական գործակալության 2010թ. նոյեմբերի 23-ին տպագրած նյութը: Այն վերաբերում էր Հայաստանի քաղաքացի Հովհաննես Կաթրջյանին, ով news.am-ի թղթակցի հետ զրույցում մեղադրել էր վերոնշյալ բժշկական կենտրոնին` իրեն խաբելու և 10 տարի շահագործման ժամկետով էլեկտրոկարդիոխթանիչի փոխարեն վիրահատությամբ մեկ այլ` էժանագին սարք տեղադրելու մեջ: Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնը լրատվամիջոցից 2 միլիոն դրամ է պահանջում իր պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին հարված հասցնելու համար:
Դատարանը, այնուամենայնիվ, բավարարեց հայցվորի միջնորդությունը` մեկնաբանելով, որ դատարանը կողմերին հավասարության կարգով պետք է լսի, ինչպես նաև չսահմանափակի ապացույցներ ներկայացնելու կողմերի իրավունքները: Հերթական դատական նիստի օր նշանակվեց նոյեմբերի 8-ը:
Մեկնաբանել