HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Տարօրինակ է, որ ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանը որեւէ կերպ չի հերքում կաշառքի փաստը

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային փոստին ուղարկվել է հաղորդագրություն Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից, որով հայտարարվում է, թե «ԲՀԿ-ական մարզպետը 3000 դոլար կաշառք է վերցրել» վերնագրով հոդվածը բացառապես զրպարտանք է եւ չի համապատասխանում իրականությանը: Նախ տեղեկացնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված հոդվածը չունի այն վերնագիրը, որը նշված է հադորդագրությունում: Ու անհասկանալի է, թե ինչու է մարզպետը նույնիսկ այդտեղ ընդգծել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն իր անդամակցությունը:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Ժողովուրդ»-ը հրապարակել է Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ, պատմության ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի մասնակից Աննա Թորոսյանի խոսքը, որտեղ նշվել է, որ պատմության ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթից առաջ իր մրցակիցը Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի վարորդի միջոցով 3 հազար դոլար կաշառք է փոխանցել` արդեն ձեւական դարձած մրցույթում հաղթելու համար:

Տարօրինակ է, որ ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանը խմբագրությանն ուղարկած հաղորդագրության մեջ որեւէ կերպ չի հերքում կաշառքի փաստը: Փոխարենը փորձել է, տարբեր օրենքներ մեջբերելով, նշել, թե որեւէ մասնակցություն չի ունեցել եւ տեղյակ էլ չի եղել դպրոցում անցկացվելիք քննական մրցույթի մասին:

Նվեր Պողոսյանը 3000 դոլար կաշառք վերցնելու պնդմանն ի պատասխան` «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ դա հերյուրանք է, եւ անջատել է հեռախոսը: Այդ դեպքում անհասկանալի է, թե մարզպետն ինչն է համարում «անձի հանդեպ տարածած զրպարտանք», եթե կոնկրետ կաշառքի փաստը չի հերքում իր պաշտոնական գրության մեջ:

Այսպիսով` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացնում է, որ «ՄԱՐԶՊԵՏԸ ԿԱՇԱՌՔ Է ՎԵՐՑՐԵԼ» խնդրո առարկա նյութում հրապարակել է երկու կողմերի կարծիքը` մարզպետի եւ կաշառքի փաստը պնդող Աննա Թորասյանի, որը հաստատող ձայնագրությունը խմբագրությունում է:

Կարծում ենք` հասկանալի է, թե ինչ հետաքրքիր դատավարություն է սպասվում «անձի զրպարտություն» ապրած մարզպետի գործով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter