
Գեղարքունիքի մարզպետարան. «Ժողովուրդը» շարունակում է «հայելի ծախել կույրերի թաղում»
««Ժողովուրդ» թերթը, գործադրելով իր բոլոր միջոցները և ստոր ձգտումները, փորձում է ամեն գնով հանրությանը համոզել, որ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը Թթուջուր համայնքի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչի թափուր տեղում աշխատանքի նշանակելու համար կաշառք է վերցրել մի թեկնածուից: Ոչնչով չհիմնավորելով փաստերը և կառչելով թեկնածուներից մեկի բամբասանքներին՝ թերթն ամեն կերպ փորձում է մրոտել ու վարկաբեկել ինչպես մարզի ղեկավարի անունն, այնպես էլ պետական կառավարման մարմնի հեղինակությունը»,- «Հետքին» ասացին մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժից:
Ըստ նրանց՝ «Ժողովուրդ» թերթը ոչ միայն չի ուզում հրապարակել հոկտեմբերի 7-ին մարզպետարանի ներկայացրած պարզաբանումը, այլև շարունակում է «հայելի ծախել կույրերի թաղում և մազը գերան դարձնելու հնարք փնտրել»:
«Թե իրականության հետ ինչ աղերս ունեն պատմության ուսուցչի թեկնածու Աննա Թորոսյանի պատմածը և «Ժողովրդի» էլեկտրոնային ու տպագիր տարբերակների հրապարակած նյութերը՝ կապված Գեղարքունիքի մարզպետի կողմից 3000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու հետ, կպարզվի դատարանում»,- ասում են մարզպետարանից:
Ի դեպ, նշենք, որ հոկտեմբերի 7-ին Թթուջուր համայնքի միջնակարգ դպրոցում մրցույթ չի կայացել, քանի որ մրցույթի անցկացման համար չկա դպրոցի նախկին տնօրեն Լիդա Դանիելյանի տված հրամանը, ինչպես նաև չկան իրավական ակտեր՝ մրցութային հանձնաժողովի անվանական կազմի և թեստերը որևէ մեկի կողմից կազմելու մասին:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել