HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դաշնակցական պատգամավորը՝ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին

«Հետքի» հարցերին պատասխանում է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը

Ընտրություններից առաջ դարձյալ ընդդիմությունը շուրջօրյա հանրահավաքներ է կազմակերպում: Կարծես քաղաքական գործընթացները կրկնվում են այնպես, ինչպես 3 տարի առաջ էր: Ինչի՞ կհանգեցնի այս վիճակը:

Ընդհանրապես ընդունված է, երբ ընտրություններից առաջ քաղաքական պրոցեսները շատ ավելի ընդգծված են դառնում, թեժանում են: Սա նորմալ, բնական վիճակ է բոլոր երկրների համար, այդ թվում՝ Հայաստանի: Բայց մի հանգամանք կա, որ, իմ կարծիքով, անընդունելի է: Այն բոլոր խնդիրները, որոնք բարձրաձայնվում են որոշ ընդդիմադիր կեցվածք ունեցող քաղաքական գործիչների կողմից, և որոնք վերաբերում են նեղ կուսակցական շահերին, թեժացվում են հենց ընտրություններից առաջ:

Սա նշանակում է, որ կան հավակնություններ պարզապես ընտրություններում տեղեր գրավելու, նորից իրենց տեղը հաստատելու երկրի ղեկավարման տարբեր կառույցներում: Մեկ ուրիշ բան է, երբ կա ընդդիմություն, և երկրում տեղի ունեցող իրավիճակները գալիս են ասելու, որ այն խնդիրները, որ ծառացած են մեր երկրի, ժողովրդի առջև, մշտական հետաքրքրող են և քաղաքական ուժի մշտական ուշադրության կենտրոնում են: Օրինակ, Դաշնակցության պարագայում խոսել և խոսելու ենք այն խնդիրների մասին, որոնք իրոք մեր երկրի զարգացմանը խոչընդոտող հանգամանքներ են: Սա պայմանավորված չէ ոչ նախընտրական շրջանով, ոչ էլ ընտրական ենթատեքստով:

Հերթական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել: Ընտրությունից ընտրություն ընկած ժամանակահատվածում որևէ առաջընթաց նկատե՞լ եք երկրում:

Իրավական համակարգը բազմաթիվ խնդիրներ ունի, պարզապես չեմ ուզում մանրամասնել: Դեռևս անվերապահ ասելու հիմքեր չկան, որ մեր իրավական համակարգը համապատասխանում է եվրոպական չափանիշներին, բայց խոսքի ազատության իմաստով, կարող եմ ասել, որ մեր երկրում բավականին փոփոխություններ կան: Դուք էլ լրագրող եք, տեսնում եք, որ ցանկացած լրատվամիջոց ազատ է իր խոսքի, իր ասելիքի մեջ, ուրիշ բան, որ տարիներ առաջ, երբ խոսքի ազատությունը հարմարեցնում էինք ոչ թե այս կամ այն անձի ճաշակին կամ քիմքին, այլ խոսում էինք ազատ՝ առանց վնասելու մեր պետականությունը:

Այսօր ազատության այս իմաստը բավականին շեղվել է: Նորից ազատ են, սակայն այդ ազատությունը երբեմն սահմանն անցնում է, և իշխանությունը շփոթվում է պետականության հետ, և երբեմն, երբ քննադատվում է իշխանությունը, վնասվում է պետականությունը: Խոսքի ազատության այս սահմանն ուրվագծված չէ, և դժբախտաբար սա երկրի բաց տեղն է, թերի է:

Գուցե սա գալիս է նրանից, որ մեր լրատվամիջոցները, կարելի է ասել, կախված են այս կամ այն հանգամանքից, անձից կուսակցական շահից, և սա բերել է նրան, որ ծայրահեղացված է խոսքի ազատությունը: Օրինակ, երբ տոնում էինք Անկախության տարեդարձը, լրատվամիջոցներ կային, որ հեգնում էին: Կարծում եմ՝ սա ոչ ազատություն է, ոչ ժողովրդավարություն, սա պարզապես տուրք է այս կամ այն կուսակցության շահերին, քաղաքական գործիչների մտայնությանը:

Ձեր նշած հանգամանքներից ելնելով՝ Ձեզ համար նախընտրելի նախագահ էր Ռոբերտ Քոչարյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը:

Ես անձերով երբեք չեմ պայմանավորում, որովհետև նախագահներն անցողիկ են, մնայունը երկիրն է, և ես նախընտրում եմ ոչ թե անձին, այլ նախագահի այն քայլերը, որոնք միտված են մեր երկրի ոչ միայն զարգացմանը, այլև անվտանգության պահպանմանը: Ինձ համար կարևոր են նախագահի քայլերը, որ երբևէ և երբեք չեն վնասի Արցախի խնդրին և նաև Հայաստանը կդարձնեն մի երկիր, որ տեղի ապրողները ոչ թե կմտածեն օր առաջ լքելու և հեռանալու մասին, այլ հակառակը՝ անհամբերությամբ կսպասեն երկիր վերադառնալուն:

Լավ, այդ տեսանկյունից նախագահներից ո՞ր մեկի դիրքերն են ավելի ամուր:

Չեմ ուզում անձնավորել, ճիշտ չի: Այն, ինչից խոսեցինք, ավելի բարձր մակարդակ է:

Ռոբերտ Քոչարյանը վերջերս 3 պայման հրապարակեց, որոնց դեպքում կարող է վերադառնալ մեծ քաղաքականություն: Քաղաքական գրեթե բոլոր ուժերը քննադատեցին Քոչարյանի հնարավոր վերադարձը՝ բացի Դաշնակցությունից: Դուք է՞լ եք կարծում, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը տեղին է և ժամանակին:

Ես ոչ մտածում եմ՝ տեղին է, ոչ էլ ժամանակն է: Այդպիսի հարց չեմ դնում: Կարծում եմ՝ ցանկացած քաղաքական գործիչ, ով մտածում է՝ դեռ անելիք ունի, ներուժ ունի ծառայեցնելու Հայաստանին, իրավունք ունի վերադառնալու և վերսկսելու իր աշխատանքը:

Մեկնաբանություններ (1)

vardan
Տիկին դաշնակցականի ձեռքի օճառը դեռ չի վերջացել դրա համար խուսափումա կոնկրետ պատասխանից: Երևի լրիվ կօգտագործի մնացած օճառը, իսկ ռոբերտ քոչարյանի հայտնվելուն պես մի նոր օճառ վերցրած կհայտնվի արդեն նրա թիկունքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter